«Հայելի» ակումբի երեկվա հյուրերը` «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանը եւ ՀՀԿ-ական պատգամավոր Վարդան Այվազյանը բանավիճում էին փոխադարձ հաճոյախոսությունների տարափի տակ:
«Մենք ակնկալում ենք 20%»` ԱԺ առաջիկա ընտրությունների վերաբերյալ իրենց սպասումներն արտահայտեց տիկին Սեդրակյանը: «Ակնկալել` ակնկալել, 50% ակնկալեք, ո՞վ է խանգարում»,- առաջարկեց Վ.Այվազյանը, եւ լրագրողներից լսելով` պարզ չի՞, թե ով է խանգարում` ՀՀԿ-ն, ասաց. «Հանրապետականը միշտ ասում է, որ ինքը պայքարում է իր համար, բայց բոլորը, չգիտես ինչու, պայքարում են Հանրապետականի դեմ»:
Մինչ բուն թեմային անցնելը`պարոն Այվազյանը հերթական հաճոյախոսությունն արեց. «Գեղեցիկ խոսելու համար շատ հաճելի է ձեզ հետ խոսելը», հետո համենայնդեպս ճշտեց`«գեղեցկության առումով` բայց ոչ բովանդակային»: Սակայն տիկին Սեդրակյանը չհալվեց եւ ասաց. «Մեկ է`խոսելու եմ»: «Հա, դե դուք դրա համար եք եկել»՝ ըմբռնումով մոտեցավ պատգամավորը եւ անցավ բանավեճին. «Հաճելի է, երբ մարդիկ ասում են` մենք աշխատավարձը կբարձրացնենք, հարկերը կիջեցնենք, էս կանենք, էն կանենք, բայց…»: «Բայցը» չհասցրեց ասել, քանի որ նրա ընդդիմախոսը հակադարձեց. «Վրաստանում հենց հարկերը իջեցրեցին` միանգամից բյուջեն բարձրացավ»: «Ո՞ր հարկերը, ո՞ր հարկերը իջեցրին»` չդիմացավ Այվազյանը եւ սովորության համաձայն ձեռքն առաջ մեկնեց`«էս մատերս, հաշվեք, թե ո՞ր հարկը իջեցրին… միայն մաքսազերծման հարկն են իջեցրել», հետո էլ, թե «քանի՞ անգամ եք Վրաստանում հանդիպել ղեկավարության հետ, որ ասում եք»: «Բայց դա ի՞նչ կապ ունի»` զարմացավ տիկին Սեդրակյանը, «լավ, քանի՞ անգամ եք Վրաստանի վրա քլիք արել»` հարցրեց պատգամավորը:
Նկատենք, որ հենց բանավեճի սկզբից պարոն Այվազյանը մի քանի անգամ առաջարկեց մտնել այն կայքերը, որոնցում պետբյուջեն է նկարագրված, «քլիք» անել եւ նայել…: Այստեղ արդեն «Ազատ դեմոկրատների» փոխնախագահի հերթն էր հաճոյախոսելու` «դուք կոմպյուտերային ապոլոգետ եք», «չէ, ես միջինից ցածր օգտագործող եմ..»:
Կարդացեք նաև
Վրաստանի եւ Հայաստանի միջեւ համեմատությունները մի քիչ էլ շարունակվեցին, մինչեւ պարոն Այվազյանը, թե «իմ կողմից շատ հարգված, սիրված…», «նմանապես»` հնչեց պատասխանը տիկին Սեդրակյանի կողմից, որից հետո Այվազյանը հանգիստ խղճով շարունակեց` «ես ձեզ շատ հարգում եւ ընդունում եմ, բայց մի մտեք այնտեղ, որտեղ չգիտեք»: Տիկին Սեդրակյանն առաջարկեց խնդրանքը վերաձեւակերպել.«Չէ, էդպես չէ, էդպես մի ասեք, ավելի լավ է ասեք` մի ասեք այն, ինչը մեզ հաճելի չէ»:
Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ