Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Միավորված հայեր»-ի ներկայացուցիչ. «Պարոն Ավագյանը բանուգործ չունի, պիտի ընկնի լրագրողների հետեւի՞ց»

Մարտ 27,2012 15:38

Մայիսի 6-ի խորհրդարանական ընտրություններին մասնակցության հայտ է ներկայացրել նաև «Միավորված հայեր» կուսակցությունը, որի անունը և, առավել ևս, գործունեությունը քչերին է հայտնի: Նշված կուսակցության նախընտրական գործունեության մասին առայժմ կա միայն այն տեղեկությունը, որ կուսակցությունը հրապարակել է 29 անդամից բաղկացած համամասնական ցուցակ: Կուսակցության քաղաքական խորհրդի և վարչության նախագահը МАНЭБ-ի ակադեմիկոս, Ազգային անվտանգության խնդիրների համահայկական ակադեմիայի ակադեմիկոս, իրավաբանական գիտ. դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Ավագյանն է:

Նախընտրական այս ժամանակահատվածում այն կուսակցությունները, որոնք խորհրդարանական ընտրություններին մասնակցության հայտ են ներկայացրել, ջանք ու եռանդ չեն խնայում ներկայանալ հասարակությանը: Մեկը դա անում է բարեգործության քողի ներքո ընտրակաշառք բաժանելով, մյուսը բացիկներ, ջեմեր ու օծանելիք է բաժանում կանանց՝ նրանց սիրտը և քվեն շահելու համար և այլն: Իսկ «Միավորված հայեր» կուսակցության կողմից ընտրողն անգամ հրապարակային մեկ բառ չի լսել: Ուստի Aravot.am-ը փորձեց կուսակցությունից պարզել՝ իրենք այժմ ինչո°վ են զբաղված, քարոզարշավ անելո°ւ են, կամ ընդհանրապես քաղաքական դաշտում իրենք ի°նչ տեղ են գրավում՝ ընդդիմությո°ւն են , երրորդ ուժ և այլն:

Պարզեցինք, որ այս կուսակցությունը հրատարակում է «Միավորված հայեր» պաշտոնաթերթը: Թերթի կայքից «պեղեցինք» կուսակցության հետ կապող միակ հեռախոսահամարը: Դա կայքի ադմինիստրատորի հեռախոսահամարն էր: Կապ հաստատեցինք նրա հետ, որպեսզի կոորդինատներ փոխանցի Ռ.Ավագյանից: Պարոն Ավագյանն այդպես էլ մեզ չպատասխանեց: Իսկ երբ ժամեր շարունակ Ռ.Ավագյանի հետ կապ հաստատելու փորձերից հետո կրկին կապվեցինք ադմինիստրատորի հետ, նա բավականին հեգնական տոնով մեզ ասաց հետևյալը. «Պարոն Ավագյանը բանուգործ չունի, պիտի ընկնի թերթերի, լրագրողների հետևից: Դուք Ձեր հարցերը գրավոր գրեք՝ ուղարկեք, մենք Ձեզ կպատասխանենք, քաղաքակիրթ աշխարհում այդպես է ընդունված: Հետո ինչ հարցեր կարող եք դուք ունենալ, ամեն ինչ գրված է մեր թերթում»:

Ծանոթանալով թերթին՝ կարելի է կարդալ որոշ քաղաքական հրապարակումներ, մասնավորապես դրանցից մեկում «Միավորված հայեր» կուսակցությունը, անդրադառնալով Գագիկ Ծառուկյանի և Վարդան Օսկանյանի վարած քաղաքականությանը, գրում է. «Պարոն Ծառուկյան, պարոն Օսկանյան, դուք ջուր եք ծեծում»: Մեկ այլ հրապարակման մեջ քննադատության են ենթարկվում Ընտրական օրենսգրքում կատարված փոփոխությունները և դրանք ներկայացվում որպես երրորդ՝ այլընտրանքային ուժ ձևավորելու սահմանափակումներ: Թերթը գրում է. «ՀՀ երկքաղաքացիները, դեպքերի բերումով և հարկադրված արտերկրում գտնվող ՀՀ քաղաքացիները, նախկին օրենսդրությամբ կարող էին իրականացնել իրենց ընտրելու իրավունքը դիվանագիտական ու հյուպատոսական ներկայացուցչություններում բացված ընտրատեղամասերում: Փաստորեն, ժողովրդավարական երկրում ընտրողների մի ստվար զանգված դիտավորյալ զրկված է իր ընտրելու սահմանադրական իրավունքից: Դա դեռ բավական չէ. որտեղի°ց է այս աղքատ, թշվառության հասած երկրում կուսակցությունը հայթայթելու 8 մլն ընտրագրավը: Ո°ւմ համար է այն նախատեսված: Կարիք կա° մեկնաբանության: Իսկ ո°ւր մնաց ընդհանուր, հավասար, ուղղակի ընտրական իրավունքը»:

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031