Քչերը գիտեն, որ գույնն ունակ է ազդել մարդու մտքերի, աշխատունակության մակարդակի վրա և,անգամ,ձևավորել հոգեկան վիճակ:
Հոգեբան Ալինա Աղաբեկյանն այս երևույթին տալիս է հետևյալ բացատրությունը. «Ցանկացած գույն ունի որոշակի լիցք` դրական, բացասական կամ չեզոք, որոնցից յուրաքանչյուրն էլ համապատասխան ազդեցություն է գործում մարդու վրա»,- ասում է նա: Հոգեբանի խոսքով` մարդու կողմից գույների տարբեր ու խիստ անհատական ընկալումը կախված է այն առարկայից, որը կրում է գույնը, գունային հետքի տարածական բաշխվածությունից:
Իսկ բժիշկ Սոնա Հովսեփյանն առանձնացնում է գույների բուժիչ և կանխարգելիչ հատկությունները: Ըստ նրա` նարնջագույնն, օրինակ՝ ունակ է լավացնել մարսողությունը, երկնագույնն ինչ-որ չափով կարող է նպաստել այրվածքների բուժմանը. քանի որ կապույտ գույնի մեջ արդեն իսկ զգացվում է հանգստացնող մի հատկություն, որը, կապույտից դեպի երկնագույն ու մանուշակագույն անցման ժամանակ, ձեռք է բերում հանգստացնելու ավելի մեծ հնարավորություն:
Կարմիր գույնի առկայությունից պետք է խուսափեն սրտանոթային հիվանդները, գույնն ի վիճակի է բարձրացնել արյան ճնշումը, շնչառության ռիթմը: Սոնա Հովսեփյանը պարզաբանում է, որ վերոնշյալ երևույթը խիստ անհատական է, և նման տիպի հիվանդները չպետք է այս ցուցումն օրենք համարեն: Սակայն, եթե ձեր արյան ճնշումն, այնուամենայնիվ, բարձրացել է, դեղամիջոցներից բացի՝ ձեզ այդ հարցում կօգնի կապույտ գույնը, կհանգստացնի ցավը, անգամ կիջեցնի մարմնի ջերմաստիճանը: Կանաչ գույն սիրում են շատերը, այն ունի թարմացնող ազդեցություն, կիրառվում է անքնության, նյարդային համակարգի բուժման ժամանակ:
Գույների ամենատարբեր հատկություններն ու ազդեցությունները հաշվի առնելով`պետք է ճիշտ ընտրել հագուստի գույնը, տան, ինչո՞ւ չէ, նաև աշխատավայրի դիզայնը: Մասնագետները խորհուրդ են տալիս` ընտրեք այնպիսի գույնի հագուստ, որի մեջ դուք ձեզ հարմար եք զգում, իսկ հանգստի սենյակը կարող եք ձևավորել ձեր նախընտրած գույներով. այս պարագայում պարտադիր չէ չեզոք գույների առկայությունը:
Անի Գյոզալյան