Օնիկ պապը օրվա մեջ հաճախ է կրկնում. «Տասներկու թոռ ունեմ, տասներկըսի ջանին էլ մեռնեմ»:
Սպիտակ քաղաքում բոլորն են ճանաչում ընտանիքի նվիրյալ ուստա Օնիկին: Աշխարհ տեսած ու բարի մարդ է նա: Ճանաչողները նրան դիմում են տարբեր հարցերով ու անպայման պատասխան ստանում:
Մի անգամ երկու սպիտակցի վիճելիս են եղել մի բառի նշանակության շուրջ ու վճռել. « Քոսոնց Օնիկը ասի ճիշտ ա, ուրեմն `ճիշտ ա» . այսպես էլ լուծվել է խնդիրը:
Օնիկ պապը գիրը , գիրքը սրբացնող մարդ է, ուսում չի ստացել, բայց զբախվել է ինքնակրթությամբ: Շինարարի համեստ աշխատավարձով գրքեր է գնել: Այժմ ունի մեծ գրադարան, որի գրքերից յուրաքանչյուրը կարդացել է ամենաքիչը երեք անգամ:
Մեկի տանը մի անգամ տեսել է պատառոտված մի գիրք, որը, ըստ երևույթին, պետք չի եղել տանտիրոջը, խնդրել է ու տուն բերել, իսկ 1988թ.-ի երկրաշարժից հետո քաղաքի ավերակներից ու աղբից տասնյակ գրքեր է փրկել, տարել տուն ու խնամքով պահել:
Օնիկ պապի տանը կարելի է գտնել եզակի հին իրեր: Քաղաքում առաջիններից էր, որ ռադիո ու հեռուստացույց գնեց: Ուստա Օնիկի տանը կարելի է գտնել իր ամենահին ռադիոն , պատի փայտե ժամացույցը, հին լուսանկարներ, իսկ գրոմոֆոնը ու էլի մի քանի իրեր նվիրել է թանգարանին.«Ավելի լավ կպահեն », -ասում է նա:
Հաճելի է զրուցելը Օնիկ պապի հետ: Այնքան հետաքրքիր է խոսում, որ չես էլ նկատի` ինչպես է ժամանակն անցնում: Նրա հետ կարելի է զրուցել պատմությունից, գրականությունից, քաղաքականությունից ու էլի շատ այլ թեմաներից:
Կենաց ասելիս ուստա Օնիկը բավարարվում է մեկ նախադասությամբ. « Մարդու ախըրը խեր ըլի» (մարդու վերջը բարի լինի): Սա ամենակարևորն է, որ հասկացել է նա , չնայած բազում դժվարություններին, այժմ ապրում է` ուրախանալով իր հինգ զավակների ու տասներկու թոռների հաջողություններով. «Տասներկու թոռ ունեմ, տասներկըսի ջանին էլ մեռնեմ»,-ասում է նա:
Մարգարիտա Ղազարյան