Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ նախագահ. «Հայաստանի մասին հերյուրանքներ տարածելը Ադրբեջանում վաղուց արդեն դարձել է գործելաոճ»

Մարտ 27,2012 14:56

Աշխատանքային այցով Կորեայի Հանրապետությունում գտնվող Սերժ Սարգսյանն այսօր Սեուլում մասնակցել է Միջուկային անվտանգության 2012թ. միջազգային գագաթնաժողովին: Նա գագաթնաժողովում հանդես է եկել ելույթով: Ըստ ՀՀ նախագահի մամուլի գրասենյակի հաղորդագրության՝ Սերժ Սարգսյանը մասնավորապես անդրադարձել է Հայկական ատոմակայանի մասին Սեուլյան գագաթնաժողովում Ադրբեջանի նախագահի ներկայացրած ապատեղեկատվությանը. «Իսկ Ադրբեջանի նախագահի՝ Հայկական ատոմակայանի մասին այստեղ հնչեցրած բացահայտ ապատեղեկատվությունը ինձ չի զարմացնում, որովհետև Հայաստանի մասին հերյուրանքներ տարածելը Ադրբեջանում վաղուց արդեն դարձել է գործելաոճ: Ընդ որում, ամենաբարձր ամբիոններից խեղված են ներկայացվում ոչ միայն Հայաստանին և Լեռնային Ղարաբաղին վերաբերող ամեն ինչ, այլև միջազգային հանրության՝ մեր և ձեր կողմից ընդունված փաստաթղթերը: Նույնիսկ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի` Լեռնային Ղարաբաղի խնդրով հայտնի բանաձևերն են խեղաթյուրում, մոռանալով, որ իրենք են սկսել ռազմական գործողություններ, իրենք են հրաժարվել դադարեցնել դրանք, իրենք են, որ հիմա ամեն օր ռազմատենչ հայտարարություններ են անում և հրաժարվում Լեռնային Ղարաբաղի խնդիրը լուծել միջազգային իրավունքի հիման վրա»,-նշել է Սարգսյանը:

Նրա խոսքով, Չեռնոբիլի և Ֆուկուսիմայի ողբերգություններից հետո շատերն են վերապահումներով մոտենում միջուկային էներգիայի ապագայի խնդիրներին: Որոշ հատուկ դեպքերում, ինչպիսին Հայաստանի դեպքն է, ըստ Սարգսյանի, քիչ այլընտրանք կա` ապահովելու համար մեր ժողովրդի կայուն զարգացումն ու կենսամակարդակի բարելավումը:
Սերժ Սարգսյանի մոտեցմամբ, տեղին կլիներ էներգետիկ` այդ թվում նաև միջուկային էներգիայի անվտանգության ապահովման հարցերը դիտարկել հարակից խնդիրների հետ ամբողջության մեջ: Նա ոչ պակաս կարևոր է համարել էներգետիկ ռեսուրսները չարամիտ քաղաքական կապիտալի վերածելու դեմ պայքարը: Դրա հետևանքները, Սարգսյանի համոզմամբ, ծանր են հատկապես այն երկրների համար, որոնք զուրկ են էներգիայի բնական պաշարներից և ստիպված են էներգետիկ անկախության ուղիներ փնտրել:

«Հայաստանի չորս անմիջական հարևաններից երկուսը, խախտելով միջազգային իրավունքի նորմերը, երկու տասնամյակ շարունակ շրջափակման մեջ են պահում մեր երկիրը՝ ի թիվս բազմաթիվ այլ խնդիրների, այլընտրանք չթողնելով նաև էներգետիկ անկախության ուղիների ընտրության հարցում»,-ասել է Սերժ Սարգսյանը:

Հանրապետության ղեկավարը ելույթի ավարտին վերահաստատել է Հայաստանի հավատարմությունը միջուկային նյութերի անօրինական շրջանառության դեմ պայքարին, ինչպես նաև մեր երկրի վճռականությունը աջակցելու ահաբեկչության դեմ պայքարի միջազգային ջանքերին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031