Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Պաշտպանի գնահատականը ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության գործունեության ոլորտում 2011թ. զարգացումներին

Մարտ 27,2012 14:46

Երիտասարդների հիմնախնդիրների լուծման համար անհրաժեշտ է ունենալ հստակ ռազմավարություն, որտեղ կարտացոլվեն երիտասարդության զարգացումն ապահովող բոլոր խնդիրները և դրանց լուծումները նյութական, ֆիզիկական, մտավոր, հոգեբանական, գեղագիտական առումներով: Չնայած այն հանգամանքին, որ մշակվել է 2007-2012թթ. երիտասարդական քաղաքականության վերաբերյալ ռազմավարություն, սակայն այն բավարար չափով չի նպաստել երիտասարդության խնդիրների լուծմանը, և այդ խնդիրները շարունակում են մտահոգել հանրությանը: Երիտասարդության շրջանում ակտիվ հասարակական կամ քաղա­քա­կան մասնակցությունը պայմանավորված է բացառապես առանձին կուսակցությունների քաղաքական շահերով: Նախարարությունը բավարար չափով չի ընդարձակել իր համագործակցությունը տարբեր ապաքաղաքակական երիտասարդական հասարակական կազմակերպությունների կամ քննադատությամբ հանդես եկող երիտասարդական քաղաքացիական նախաձեռնությունների հետ և չի օժանդակել դրանց գործունեությանն ու զարգացմանը:

Մտահոգիչ է հատկապես ՀՀ մարզերում երիտասարդների և երիտասարդ ընտանիքների սոցիալ-տնտեսական վիճակը: Չեն անցկացվել համալիր միջոցառումներ վիճակը բարելավելու ուղղությամբ: Մարզերում, կուսակցական նախաձեռնություններից բացի, երիտասարդների համար չեն նախատեսվել կամ անցկացվել ժամանցի ու մշակութային բավարար քանակի միջոցառումներ:  Անհամաչափ մոտեցում է դրսևորվել մարզերում և Երևան քաղաքում բնակվող երիտասարդներին նախարարության կողմից իրականացվող ծրագրերում ներգրավվածությունը ապահովելու ուղղությամբ:

Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հունվարի 29-ի թիվ 98-Ն որոշմամբ հաստատվել է «Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» պե­տա­կան նպատակային ծրագիրը: 2011 թվականի դեկտեմբերի 30-ի դրությամբ «Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնա­կարան» պետական նպատակային ծրագրի շրջանակներում վերաֆինանսավորվել է ըն­դամենը 642 վարկ` 4 868 000 000 (չորս միլիարդ ութ հարյուր վաթսունութ միլիոն) ՀՀ դրամի չափով, որից 346-ը` Երևան քաղաքում, իսկ 296-ը` ՀՀ մարզերում: Այդուհանդերձ, պետական նպատակային ծրագրի իրականացման շրջանակներում, առանձին դեպքերում, կոռուպցիոն երևույթների մասին ահազանգեր եղել: Նշված դեպքերում ընտանիքներին տրամադրվել են բնա­կա­րան­ներ՝ սահմանված կանոնակարգերի խախտումներով, մասնավորապես` ընտանիքը ստացել է բնակարան այն դեպքում, երբ  երիտասարդ ամուսինների տարիքը ընդհանուր հանրագումարի մասով գերազանցել է սահմանված 60-ը: Անհրաժեշտ է վերահսկել վերոնշյալ գործընթացը, և ձեռնարկել միջոցներ բոլորի համար հավասար իրավունքներ և հնարավորություններ ապահովելու ուղղությամբ:

Բավարար չափով չի ապահովվել հաշմանդամային սպորտի զարգացումը և  հաշմանդամություն ունեցող ան­ձանց ներգրավվածությունը սպորտի բնագավառում: 2011 թվականին ՀՀ պետական բյուջեի «Հաշմանդամային սպորտին առնչվող ծառայություններ» ծրագրով ոլորտում գործող թվով 4 հասարակական կազմակերպությունների տրամադրվել է 9.000.000 դրամ՝ մարզական միջոցառումներ անցկացնելու համար: «2011 թ. Երևանում կայանալիք խուլերի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության անցկացում» ծրագրով 13.747.000 դրամ է տրամադրվել «Խուլերի հայկական սպորտային կոմիտե» ՀԿ-ին,  և 1.682.220 դրամ է հատկացվել «Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտե» ՀԿ-ին Արաբական Միացյալ Էմիրություններում անցկացված հաշմանդամային ծանրամարտի առաջնության մասնակցության համար: Այսինքն՝ տրամադրվել են չափազանց սահմանափակ ֆինանսական միջոցներ, և ֆինանսավորվել են միայն առանձին ՀԿ-ներ մարզական-մասսայական միջոցառումների կազմակերպման համար:  Այս հիմնախնդիրը Պաշտպանի ներկայացուցչի հետ հարցազրույցում կարևորել են նաև «Աշխարհն առանց արգելքների» ՀԿ նախագահ Արման Մուշեղյանն ու Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտեի գլխավոր քարտուղար  Ռուզաննա Սարգսյանը:

 Կարեն Անդրեասյան

Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031