Լրահոս
Օրվա լրահոսը

Պաշտպանի գնահատականը ՀՀ առողջապահության նախարարության գործունեության ոլորտում 2011թ. զարգացումներին

Մարտ 27,2012 14:38

ՀՀ առողջապահության նախարարության գործունեության ոլորտում առկա թերություններն ու խնդիրները

 

  • Կառավարության համապատասխան որոշման փոփոխության արդյունքում աճել է կեղծ դեղեր կամ դեղանյութեր ներմուծելու վտանգը, այդուհանդերձ նախարարությունը որևէ լրացուցիչ մեխանիզմներ չի նախատեսել այդ վտանգը նվազեցնելու, դեղերի շուկայում այդ ուղղությամբ վերահսկողությունն ուժեղացնելու ուղղությամբ: Ավելին՝ նախարարությունը  որևէ եղանակով չի ցանկանում միջամտել կեզծ դեղերի տարածման կանխմանը՝ նույնիսկ չի վարում նման հանցագործությունների բացահայտման և պատժման վիճակագրություն:
  • Բուժհաստատություններին տրված է լիազորություն ազատել համավճարից կամ կիրառել համավճարի ավելի ցածր շեմ` ելնելով հիվանդի վճարունակության աստիճանից, ինչը որոշվում է այդ հաստատությունների կողմից՝ հիվանդի կամ նրա հարազատի դիմումի հիման վրա: Օրենսդրությամբ հստակ սահմանված չեն որոշակի չափորոշիչներ նման որոշումների համար, ինչի հետևանքով բժշկական հաստատությունների կողմից առանձին դեպքերում  դրսևորվել են տարբերակված և սուբյեկտիվ մոտեցումներ: Նման մոտեցումների թույլատրելիությունը և առկայությունը առաջացնում է կոռուպցոին ռիսկեր:
  • Օրենսդրությամբ չի սահմանվել «բժշկական սխալ» հասկացությունը: Այդ պատճառով չի տարբերակվում անփութությունը բժշկական սխալից, որն էլ իր հերթին դժվարեցնում է գնահատական տալ կատարված դեպքին: Ներկայումս բժշկական սխալը առանց հստակ չափորոշիչների որոշում են տարբեր հանձնաժողովներ, ինչի արդյունքում բժիշկները անարդարացիորեն ենթարկվում են պատասխանատվության կամ անարդարացիորեն խուսափում դրանից:
  • Չնայած 2011թ. հունվարի 1-ից ներդրվել է մինչև 7 տարեկան երեխաների անվճար հիվանդանոցային բուժօգնության հավաստագրի ծրագիրը և երեխայի առողջության անձնագիրը, սակայն, առանձին դեպքերում, ծնողներն ունենալով մինչև 7 տարեկան երեխաների անվճար բուժօգնության համար սահմանված հավաստագիր, ստիպված են եղել հավելյալ վճարումներ կատարել առանձին բժիշկների:
  • Նախարարությունը Պաշտպանին չի տրամադրել տեղեկատվություն, թե քանի գիշերային մշտադիտարկում է անցկացվել բուժհաստատություններում և մարդու իրավունքների խախտման քանի դեպք է բացահայտվել դրանց արդյունքում: Նման վիճակագրության բացակայությունը կամ դրա չտրամադրումը էականորեն նվազեցնում է նախարարության համապատասխան վերահսկողական գործառույթների արդյունավետության նկատմամբ հանրային վստահությունը:
  • Պետպատվերի շրջանակներում իրականացվող բուժօգնության չտրամադրման և ոչ պատշաճ տրամադրման մասին վկայող Պաշտպանին ուղղված դիմում-բողոքների ուսումնասիրությունը փաստում է, որ մարդիկ` ընդգրկված լինելով պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնություն և սպասարկում ստացող առանձին /հատուկ/ խմբերի ցանկում, հերթագրվել են նշված օգնությունը ստանալու համար համապատասխան հիմնարկում կամ ունեցել են առողջապահության նախարարության կողմից տրված ուղեգիր, սակայն բուժհաստատություններում մերժել են նրանց բուժումը կամ չեն ապահովել պատշաճ բուժօգնությամբ: Առանձին դեպքերում անձը բուժհաստատության փոփոխման արդյունքում զրկվել է պետպատվերով վիրահատվելու իրավունքից: Հաճախ պետական պատվերի շրջանակում բուժվող հիվանդների նկատմամբ դրսևորվել է անհարգալից վերաբերմունք:

 

 

Արձանագրված դրական զարգացումները

 

  • Հունվարի 1-ից ներդրվել է մինչև 7 տարեկան երեխաների անվճար հիվանդանոցային բուժօգնության հավաստագրի ծրագիրը և երեխայի առողջության անձնագիրը:
  • 2011 թվականի մայիսից անվճար է 14 տարեկանը բոլորած նախազինակոչային տարիքի երիտասարդների բուժզննումը և անհրաժեշտության դեպքում՝ բուժումը։
  • Բարելավվել է շտապօգնության ծառայությունների որակը: 38 մարզային և մայրաքաղաքի բուժհիմնարկներ ստացել են շտապօգնության 88 ժամանակակից ավտոմեքենա, գործարկվել է կանչերի ընդունման GPS միասնական նոր համակարգը` միասնական դիսպետչերական կենտրոնի գործարկմամբ։ Արդյունքում` կանչերին արձագանքելու արագությունն աճել է 2 անգամ: Բուժանձնակազմի աշխատավարձը բարձրացել է 1.5-ից 2 անգամ:
  • Համավճարի ծրագրի ներդրման միջոցով առողջապահական համակարգում կրճատվել է ստվերայնությունը, պետական բյուջե է մուտքագրվել նախկինում ստվերային շրջանառության մեջ գտնվող 439.6 մլն դրամ: Բուժհաստատություններից պետական բյուջե վճարվող հարկերը աճել են 39 տոկոսով կամ շուրջ 735 մլն դրամով, 1.2-ից 2.3 անգամ բարձրացել է «համավճարի» ծրագրում ընդգրկված բուժաշխատողների աշխատավարձը:
  • Ժամանակակից նոր տեխնիկայով ու սարքավորումներով հիմնովին վերակառուցվել և վերազինվել են Արմավիրի, Իջևանի, Հրազդանի, Արարատի և Գորիսի բուժկենտրոնները, կառուցվել են 20 նոր և նորոգվել 30 համայնքային ամբուլատորիա:
  • Դադարեցվել է պոլիկլինիկաների կողմից օրենքով չնախատեսված զանազան տեղեկանքների տրամադրումը քաղաքացիներին։
  • ՀՀ առողջապահության նախարարությունը 2011 թվականին առողջապահական հիմնարկների աշխատակիցների գործողությունների /անգործության/ վերաբերյալ ստացել է 78 գրավոր բողոք, իսկ «թեժ գիծ» հեռախոսակապի միջոցով` 147 բողոք: Հայտնաբերված խախտումների վերացման նպատակով ձեռնարկվել են համապատասխան միջոցներ: Դրական է գնահատվում եղած բողոքներին տրված  նախարարության արձագանքը և ձեռնարկված միջոցները:
  • Դրական է գնահատվում Առողջապահության նախարարության էլեկտրոնային կայքէջի վարումը, դրանում զետեղված տեղեկատվության մատչելիությունը:

 

 

Կարեն Անդրեասյան

Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031