Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ռուբեն Մարտիրոսյան. «Արտակ Նազարյանի սպանության գործով վկաներ չկան, կան տուժողներ եւ ամբաստանյալներ»

Մարտ 27,2012 14:34

Արտակ Նազարյանի մահվան գործով դատավարության մարտի 27-ի նիստի սկզբում մեղադրող Հարություն Հարությունյանը դեմ արտահայտվեց նախորդ դատական նիստում տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Ռուբեն Մարտիրոսյանի կողմից իրեն հայտնված բացարկի միջնորդությանը: Դատավոր Սամվել Մարդանյանը միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու համար հեռացավ խորհրդակցական սենյակ:

Նիստի ընդմիջման ժամանակ Ռուբեն Մարտիրոսյանը մեզ ասաց, որ այս գործով ամենակարեւոր փաստաթուղթը դատաբժշկական եզրակացությունն է, ըստ որի՝ Արտակ Նազարյանին նրա սպանությունից 6 ժամ առաջ դաժանաբար ծեծել եւ խոշտանգել են: Նրա խոսքերով` նախաքննական մարմինը Նազարյանի ծեծի եւ խոշտանգումների կապակցությամբ ընդհանրապես քննություն չի կատարել: Իրավապաշտպանն ասաց, թե որպեսզի Արտակ Նազարյանի սպանությունը ներկայացնեն որպես ինքնասպանություն, գործով վկաներին եւ ամբաստանյալներին դաժան ծեծի են ենթարկել, որի պատճառով վկա Արթուր Մկրտչյանը նախաքննական փուլում հրաժարվել է իր ցուցմունքից:

-Այս գործով մենք վկաներ չունենք, ունենք տուժողներ եւ ամբաստանյալներ: Եվ ամբաստանյալներն են տուժող, եւ վկաները, որովհետեւ վկաները ապօրինի պահվել են Բերդի ռազմական ոստիկանությունում, եւ ծեծի, բռնության հետեւանքով ստորագրել մի շարք փաստաթղթեր:

Ըստ Մարտիրոսյանի`դատաբժշկական փորձաքննության արդյունքներով Արտակ Նազարյանի սպանության պահին դեպքի վայրում են եղել 7 զինվորներ, որ կրակոցի հետեւանքով զինվորների մարմնի վրա մնացել են պղնձի մետաղական մնացորդներ, դրանք առկա են զինվորներից վերցված բամբակե ծխուծներին: Քանի որ այդ վայրում այլ կրակոցներ չեն եղել, Ռ. Մարտիրոսյանի եզրակացությամբ` այդ մնացորդները Նազարյանի վրա արձակված կրակոցի հետեւանքով են առաջացել:

Ռուբեն Մարտիրոսյանն ասաց, որ Արտակի մայրը` Հասմիկ Հովհաննիսյանը, 2 ամիս առաջ եղել է ՀՀ նախագահի վերահսկողության ծառայության պետ Հովսեփյանի մոտ եւ իր դժգոհությունը արտահայտել գործի նախաքննության, դատավարությունը Իջեւան տեղափոխելու եւ գործը քննող դատավորի գործողություններից: Նախագահի վերահսկողության ծառայության ղեկավարը խոստացել է երկու օրից պատասխանել, սակայն մինչ այժմ չի պատասխանել:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031