Լրահոս
Օրվա լրահոսը

Մոսկվան, իրոք, արցունքներին չի հավատում

Մարտ 27,2012 14:14

 Հայաստանում բեմադրվող ԱԺ ընտրություններն ինձ անչափ մտահոգեցին: Որպեսզի չկեղծեմ, միանգամից ասեմ, որ ՀԱԿ ցուցակն ինձ դուր չեկավ, բայց ինչպես ասում են, եթե չեմ կարող օգնել, ուրեմն լավ է` չխանգարեմ և այս ընթացքում կփորձեմ ավելի պիտանելի լինել` պարբերաբար ներկայացնելով Մոսկվայի հայ  համայնքի անցուդարձը` ինչպես որ տեսնեմ: Չարախոսներին ասեմ, որ ես կամ և մնում եմ ՀԱԿ անդամ  և կողմ եմ Հայաստանում սահմանադրական կարգի վերականգնմանն ուղղված յուրաքանչյուր քայլի:

Եվ այսպես, սկսենք: Մոսկվան իրենից մի մեծ  «որբանոց» է ներկայացնում: Տարբեր ազգությունների «որբեր» գալիս են այստեղ  բախտ որոնելու:  Դրանք տարբեր հասարակական շերտեր ներկայացնող մարդիկ են: Խոսքը մեր հայրենակիցներին է վերաբերում` թե´ նախկին ոստիկաններ, թե´ մտավորականներ, գողեր ու ավազակներ, տարբեր բախտախնդիրներ, ովքեր, մեկ բառով ասած, եկել են «կպցնելու»: Ամենքը, սակայն, իր իմացության շրջանակներում: Նախապես ասեմ` ես «կպցնելու» չեմ եկել և արդեն քանի օր է ուրախանում կամ տխրում եմ ինձ հանդիպած հայրենակիցների կարգավիճակից:

Ասում են` ընկերոջ հինն է լավ, բայց  այստեղ արդեն քանի օր է՝ ինձ աջակցում է մի նոր ընկեր` Արմեն անունով, ում վերջերս եմ ճանաչել` Հայաստանում գտնված ժամանակ: Հայերն այստեղ շերտավորված են. կան գերհարուստներ կամ եթե կուզեք, օլիգարխներ, այնուհետ իրական հարգանք վայելող մտավորականներն են` Արմեն Ջիգարխանյան, Շավարշ Կարապետյան, Ֆրիդ Սողոյան և այլք, հետո միջին գործարար տղերքը, Հայաստանի տարբեր մարզերից սևագործ աշխատանք անող մեր հազարավոր հայրենակիցները, որ հիմնականում գյուղացիներ են: Այստեղ են նաև, այսպես ասած` մանր քցողներ, և, իհարկե,  կրիմինալ լուրջ հեղինակություններ, ովքեր յուրովի վերահսկում են մոսկովյան անցուդարձը:

Առաջին ծանոթությունը, իմ ընկեր Արմենի միջոցով, Գագիկ անունով, մասնագիտությամբ դարբին, նախկին  մի ոստիկանի հետ է, ով՝ չգիտես ինչու, որոշեց, որ ես օգնության խիստ կարիք ունեմ և իմ խնդրանքին, որ ծանոթացնի հայ համայնքի մշակութային որևէ պատասխանատուի հետ, արձագանքեց, թե` կօգնենք, քեզ անտեր չենք թողնի: Զանգահարեց մի կնոջ ու դառնացած ձայնով, բայց շուտասելուկի պես, վրա-վրա սկսեց պատմել, թե Երևանից մի ընկեր է եկել, այնտեղ ոչինչ չունի, բոլորը մեռել են.  «Էդ մարդուն էստեղ օգնել է պետք»:

Իմ ընկեր Արմենն այստեղ վրա պրծավ, թե` այդ ինչ ես խոսում, Սուրեն Սարգսյանին Հայաստանում բոլորն են ճանաչում, սա էլ. «Լավ,  շփոթվեցի, վաղը կհանդիպենք էդ կնոջը և ամեն ինչ կուղղենք»:

Հաջորդ օրը, պայմանավորված ժամին ես մետրոյի Սոկոլ կայարան հասա: Մեր հերոսը զանգեց, թե` գիտես, վերջին պահին այդ կինը զանգահարեց ու ասաց, որ չենք կարող հանդիպել:

-Հիմա ես քեզ ո±նց օգնեմ,-հարցրեց:

-Լավ կլինի` այլևս չանհանգստացնես,-պատասխանեցի ես:

Զանգահարեցի ընկերոջս` Արմենին, հեռախոսի մյուս ծայրից քրքջաց.

-Դեռ էնքա~ն ստախոսների կհանդիպես:

Մոսկվաբնակ մեր հայրենակիցներին հատիկ-հատիկ կանդրադառնամ, ավելի բովանդակալից ու մանրամասն կփորձեմ ներկայացնել  յուրաքանչյուրի կյանքը: Այստեղ հայտնվածների գերակշիռ մասը երջանիկ կլիներ հայրենիքում, բայց, հին ու նոր բոլոր իշխանություններից դժգոհ, ղարիբի ցուպն է վերցրել: Օրինակ,  մի գործարար ինձ ասաց, թե Աստծո ամեն օր ողորմի է տալիս Վանո Սիրադեղյանի անցավորներին, և շատ շնորհակալ է վերջինիցս:

-Եթե նա իմ վրա «գործ չսարքեր», ես հիմա էստեղ միլիոնտեր չէի դառնա:

Մի խոսքով, մերոնք դժգոհ են բոլոր իշխանություններից, բոլոր ժամանակներում. մեկից նախկիններն են խլել, մյուսից ներկաներն են խլել ու խլում: Արդյունքում վերջիններս այստեղ կայանում են, կայունանում, օգնում Հայաստանի հայրենակիցներին, ու ինչ էլ որ ասեն, Հայաստանից քշված որբ են զգում իրենց : Բնականաբար, քիչ չեն նաև Աղվանի, Հայկ Հարությունյանի, Սերժ Սարգսյանի ու Ռոբերտ Քոչարյանի անցավորներին ողորմի տվողները: Այդպիսին են թե´ միլիարդատերերը, թե´ ծակ գրպանով պտտվողները: Մոսկվան հյուրընկալ քաղաք չէ: Նա, իրոք, արցունքներին չի հավատում: Այստեղ պետք է անիծվածի պես աշխատել և  ամեն ինչ անել, որ երեկոյան տուն վերադառնալիս փորձանքի մեջ չընկնես, այնուհետ աշխատածն ուղարկել տուն և ամեն ինչ նորից սկսել:

Ինչևէ, ասվածը համարենք սկիզբ: Պարբերաբար կներկայացնեմ մեր հայրենակիցների մոսկովյան, հնարավորության դեպքում` նաև համառուսաստանյան դառն ու քաղցր իրականությունը:

Սուրեն Սարգսյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031