Հետաքրքիր ավանդույթ է ձեւավորվել մայրաքաղաքի լավագույն երաժշտական դպրոցներից մեկում՝ Սարաջեւի անվան երաժշտական դպրոցում՝ տարին մեկ անգամ դպրոցի ուսուցիչները «հաշվետու» համերգով հանդես են գալիս սեփական սաների եւ նրանց ծնողների, հյուրերի առջեւ:
Շաբաթ օրը արվեստի այդ կրթօջախում կայացավ ավանդական դարձած «դասատուների համերգը»: Նրանք, ովքեր կրթում են մեր երեխաներին, նրանց մեջ գեղագիտական ճաշակ եւ արվեստի հանդեպ սեր են դաստիարակում, հիմնականում լավ հանձնեցին իրենց «քննությունը»: Դահլիճում հնչող անընդհատ ծափերը դրա վկայությունն էին: Դպրոցի ինչպես վաստակաշատ, այնպես էլ երիտասարդ ուսուցիչները՝ Գայանե Ռաֆայելյանը, Գոռ Ղասաբյանը, Աշոտ Սողոմոնյանը, Վարդան Շահինյանը եւ այլոք, հանդես եկան Կոմիտասի, Գլինկայի, Ղազարոս Սարյանի, Բիզեի, Աստոր Պյացոլայի եւ այլոց երկերի կատարումներով:
Սակայն ցերեկույթի մեխն, անշուշտ, եզրափակիչ համարներն էին՝ դպրոցի «բենդի» կատարմամբ՝ կիթառահար Վարդան Շահինյանի, սաքսաֆոնահար Գոռ Ղասաբյանի, ակորդեոնահար Աշոտ Սողոմոնյանի եւ իհարկե, խմբի ոգին հանդիսացող, ինչպես համերգավարը նշեց՝ «անկրկնելի եւ անփոխարինելի» դաշնակահարուհի Թամարա Պողոսովայի շնորհիվ դահլիճը թնդաց «բրավոներից» եւ «բիսերից»:
Պետք էր տեսնել հատկապես նրանց սաների ոգեւորությունը: Այս համերգը երկար ժամանակ կմնա երեխաների հիշողության մեջ եւ ճաշակի ձեւավորման համար ուղենիշ կհանդիսանա: Ու այս պարագայում ուղղակի ցավալի է հիշելը, որ երաժշտական դպրոցների ուսուցիչները մեզ մոտ ոչ թե մանկավարժ են համարվում, այլ «սպասարկման ոլորտի» աշխատակիցներ: Այստեղից էլ՝ ցածր, ուղղակի նվաստացուցիչ աշխատավարձ եւ ոչ մի արտոնություն: Այնինչ, նրանք մեր երեխաների համար իսկական ուսուցիչներ եւ դաստիարակներ են:
Ի դեպ, համերգին ներկա էին նաեւ Արաբկիր համայնքի ղեկավարը եւ համայնքից ընտրված պատգամավորը, որոնք համերգի վերջում Սարաջեւի անվան երաժշտական դպրոցի տնօրեն Արմինե Պողոսյանին իրենց երախտագիտությունը հայտնեցին՝ նման հրաշալի միջոցառման մասնակցելու եւ համայնքի երեխաների համար անփոխարինելի օջախ ստեղծելու համար:
«Առավոտ» օրաթերթ