Լրահոս
Օրվա լրահոսը

Հումորային նախաձեռնություն՝ «Պահանջում ենք ավելացնել ընտրությունների հաճախականությունը»

Մարտ 27,2012 13:39

Armscoop.com կայքի հիմնադիր, իրավաբան Արմեն Մարտիրոսյանը Facebook-ում հանդես է եկել հումորային՝ «Պահանջում ենք ավելացնել ընտրությունների հաճախականությունը» վերնագրով նախաձեռնությամբ: «Երբեւէ ընտրությունների շեմին առիթ ունեցե՞լ եք գործ ունենալու պետական հիմնարկների հետ, օրինակ՝ զինկոմիսարիատի, ոստիկանության, անձնագրային սեղանի, ՔԿԱԳ-ի (հայերեն՝ զագս) եւ այլն: Խորհուրդ կտանք որեւէ խնդիր ունենալու պարագայում անհապաղ դիմել համապատասխան մարմին մինչեւ ընտրությունները, եւ կստանաք արեւմտյան զարգացած պետությունների ոճով ընդունելություն ու սպասարկում. այս ժամանակահատվածում ոստիկանները ժպտում են, անձնագրային սեղանի աշխատակիցները հյուրասեր են, զինկոմիսարիատում ձեզ հետ խոսում են բարյացակամ տոնով… ուշացման համար ներողություն են հայցում, ձեր իսկ փոխարեն լրացնում են փաստաթղթերը եւ այդպես շարունակ: Կարճ ասած` էմպիրիկ փորձը ցույց է տալիս, որ ընտրություններն աննախադեպ դրական ազդեցություն են ունենում Հայաստանի Հանրապետության պետական կառույցների վրա, սակայն այդ դրական ազդեցությունը կարճ է եւ իսպառ վերանում է ընտրություններից անմիջապես հետո: Այդ իսկ պատճառով, ցանկանալով տեսնել զարգացող եւ առաջադեմ Հայաստան, գիտակցելով, որ ցայսօր ընտրությունները հանդիսանում են Հայաստանի կերպարանափոխման ամենամեծ խթանիչ ուժերից մեկը, հանդես ենք գալիս նախաձեռնությամբ՝ առաջարկելով Հայաստանում ավելացնել ընտրությունների հաճախականությունը, այնպես, որպեսզի երկիրը գտնվի անդադրում նախընտրական կացության մեջ (նախագահական ընտրությունները՝ տարին մեկ, իսկ խորհրդարանականը՝ տարին երկու անգամ, եւ այդպես շարունակ)»,- ասվում է նախաձեռնության հայտարարության մեջ:

«Պահանջում ենք ավելացնել ընտրությունների հաճախականությունը» նախաձեռնության անդամ Արմեն Մարտիրոսյանից հետաքրքրվեցինք՝ ե՞րբ նման միտք հղացավ: «Ընկերներից մեկը նման բովանդակությամբ «ստատուս» հրապարակեց, ես էլ մեկնաբանեցի ու կարծիք հայտնեցի, որ կարելի է նման նախաձեռնությամբ հանդես գալ: Իհարկե, նախաձեռնությունը հումորային բնույթի է, բայց կարծում եմ՝ խնդրի վրա բավականին մեծ ուշադրություն կհրավիրի, որովհետեւ պետական բոլոր մարմիններում նման արհեստական վերաբերմունքի ենք արժանանում, եւ դա ժամանակավոր բնույթ է կրում»,- պատասխանեց նա:

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031