Այսօր Թատրոնի միջազգային օրն է: Եթե ավելի շատ հանդիսատես ունենալու մրցույթ հայտարարվի, թերեւս քաղաքական թատրոնի հանդիսականները կհաղթեն իսկական թատրոնի սիրահարներին:
«Առավոտը» ԱԺ որոշ պատգամավորներից հետաքրքրվեց, թե թատրոնն ու քաղաքականությունը ո՞ր չափով են նման, կամ ի՞նչ ընդհանրություններ են տեսնում թատրոնի եւ քաղաքականության միջեւ:
Դաշնակցական պատգամավոր Լիլիթ Գալստյանի կարծիքով՝ թատրոնի եւ քաղաքական կյանքի առնչությունները հետաքրքիր են եւ անառարկելի, հաճախ՝ ցավոտ: «Երկուսն էլ բեմ են պահանջում ու դերակատարներ: Եվ եթե իրական թատրոնում գիտակցաբար, կամավոր արվեստով ես խաբում կամ խաբվում, ապա քաղաքական բեմում խաբկանքը ծանր է անդրադառնում հիմնականում հասարակության, երբեմն էլ՝ քաղաքական դերասանի վրա»:
Կարդացեք նաև
Մեր զրուցակիցը ասաց նաեւ, որ եթե բարձրարվեստ թատրոնը ժողովրդի բարոյական որակներն է բարձրացնում, ապա քաղաքական թատրոնը բարոյալքում է սեփական ժողովրդին:
ՀՀԿ անդամ Հովհաննես Սահակյանը գտնում է, որ թե՛ թատրոնը եւ թե՛ քաղաքականությունը նախ պետք է ունենան մշակույթ: Մեր զրուցակիցը հիշեցրեց, որ թատրոն ունեն քաղաքակիրթ ազգերը, մի խոսքով, ըստ պարոն Սահակյանի՝ թատրոնն ու քաղաքականությունը մշակութային տիրույթում են, իսկ քաղաքականության մեջ դրա տեղին օգտագործումը կարող է ճիշտ արդյունքների բերել:
«Ժառանգություն» խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանը փաստեց, որ թատրոնն ու քաղաքականությունը հրապարակային գործընթացներ են՝ հասցեագրված լայն հասարակությանը, հետո էլ ներկայացրեց հանդիսատեսների տարբերությունը. «Թատրոն, բնականաբար, հաճախում է թատերասերը, իսկ քաղաքականության պարագայում «հանդիսատեսը», կամա թե ակամա, հաճախ դառնում է մասնակից, դիտորդ: Եթե թատերասերը կարող է հեռանալ դահլիճից, երբ ներկայացված բեմադրությունն իրեն չի բավարարում, ապա քաղաքական ներկայացումներում դա հնարավոր չէ, անկախ քո կամքից ընդգրկվում ես դրա մեջ»: Տիկին Ալավերդյանը հավելեց, որ եթե չես զբաղվում քաղաքականությամբ, ապա նա՛ է քեզնով զբաղվում:
ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանը, հիշեցնելով շեքսպիրյան հայտնի միտքը, թե կյանքը բեմ է, մարդիկ՝ դերասան, ասաց. «Եթե վերցնենք զուտ քաղաքականությունը, ապա թույլատրված չափաբաժնով դրա մեջ կա թատերայնություն: Ինքս շատ կուզեի, որ թատրոնի ու քաղաքականության ջրբաժանը ավելի խորը լիներ, եւ քաղաքականությունը զերծ մնար թատերական էլեմենտներից»:
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ