Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրվա թնջուկը՝ կրկին ջրապտույտո՞ւմ

Մարտ 27,2012 13:27

Գյումրիում կատարված աննախադեպ նվիրատվությանը մեր թերթը բազմիցս  անդրադարձել էր 2009-2011թթ. տարբեր հրապարակումներում:

Գյումրու Խրիմյան Հայրիկ 59 շենքը ժամանակին պատկանել է Խորհրդային Հայաստանի կապի նախարարությանը, ուր 1978 թվականից մինչեւ օրս միասնական օրդերով, գրանցված ապրում են կապի հանգույցի նախկին աշխատողները՝ իրենց ընտանիքներով (ՀՀ կապույտ անձնագրերում էլ ունեն գրանցման կնիք): ՀՀ կառավարության 1998թ. փետրվարի 9-ի հ.81-րդ որոշմամբ՝ Շիրակի մարզպետարանի տնօրինությանն է հանձնվում Տիգրան Մեծի հ. 1 հասցեի նախկին կապի հանգույցի շենքից 2050 քմ, իսկ 350 քմ (Խրիմյան Հայրիկ 59) մնում է կապի նախարարության տրամադրության տակ: Չար լեզուներն ասում են, որ դրանից հետո ժամանակին կապի փոխնախարար Կարեն Ճշմարիտյանի թեթեւ ձեռքով նախարարության հաշվեկշռից 2000թ. միտումնավոր դուրս է մնում 350 քմ տարածքը (հասկանալի է, թե ինչ խոսուն նախապայմաններ են գործել- Գ.Ա.): Ստանալով խորհրդային տարիներին ստեղծած հանրային անշարժ գույքը՝ մարզպետ Ֆելիքս Փիրումյանը յուրովի է տնօրինել (ճիշտ կլիներ՝ փոշիացնում բառը կիրառել)՝ այն չի վաճառում աճուրդով, այլ 23.04.2002 թվականին անշարժ գույքի նվիրաբերության պայմանագրով ընծայում է սանիկին՝ «Պրոգրես» համալսարանի ռեկտոր Ռաֆիկ Զարզանդի Խաչատրյանին: Վերջինիս անկառավարելի ախորժակն այնքան է բացվում, որ ջանք ու եռանդ չի խնայում ձեռքի հետ էլ վերցնել պատկից՝ Խրիմյան Հայրիկ 59 շենքը, ուր 1978թ. գրանցված ապրում է ավերիչ երկրաշարժից մազապուրծ 7 ընտանիք, ու հասնում զգալի հաջողության: Շուտով կբոլորի գյումրեցիների դեգերումների 10 տարին, նրանք կյանքի ու մահու պայքարի մեջ են մեր ազատ- անկախ տարբեր ատյանների դատարաններում, փորձում են պաշտպանել իրենց ապրելու իրավունքն իրենց իսկ բնակարաններում՝ նվիրատվության պայմանագիրը 350 քմ մակերեսով անվավեր ճանաչելու պահանջով: Նրանց հերթական հայցի առիթով վճռաբեկ դատարանը 2010թ. դեկտեմբերի 27-ին (նախագահող դատավոր՝ Ե. Խունդուկյան, մասնակից՝ 9 դատավորներ) որոշում կայացրեց՝ վճռաբեկ բողոքը մասնակիորեն բավարարել, բեկանել ՀՀ վարչական դատարանի 18.05.2010թ. վճիռը եւ գործն ուղարկել նույն դատարան՝ նոր քննության: Իր որոշման մեջ վճռաբեկ դատարանն ընդգծել է, որ պատասխանողի վկայակոչած փաստարկները հերքվում են հետեւյալ պատճառաբանություններով ու բերված են ՀՀ տարբեր օենսգրքերի, տարբեր հոդվածների ու նրանց կետերի տարբեր խախտումներ: Այն է՝ կեղծիքներն ամբողջությամբ բացահայտված են: Հիրավի, սա 9 տարվա մեջ արդարության վերականգնման դժվարին ճանապարհի առաջին իրական փորձն էր: Վերջապես 2011թ. հունվարին վարչական դատարանը սկսել, այսօր էլ շարունակում է գործի քննությունը (այն դատավոր Արգիշտի Ղազարյանի վարույթում է):

Չնայած դատավորը միակն էր նախորդներից, ով գործի դատաքննության փուլում մեկնել էր Գյումրի, տեղազննություն էր անցկացրել, բարեխղճորեն քննել գործի մանրամասները, լսել կողմերին, երրորդ կողմ հանդիսացող՝ կադաստրի, մարզպետարանի ներկայացուցիչներին, այդուհանդերձ, խորն էր գյումրեցիների հիասթափությունը, երբ դատական ակտի հրապարակման օրը՝ 14.03.2012թ. Ա. Ղազարյանը հայտարարեց, որ գործի համար էական նշանակություն ունեցող որոշակի հանգամանքներ պարզելու նպատակով դատարանն անհրաժեշտ է համարում վերսկսել գործի վարույթը: Իսկ ի՞նչ էր պարզում դատարանը 1 տարի 2 ամսում: Երեւի փորձում է պարզել, թե ինչպե՞ս է կապի նախարարության բալանսից դուրս մնացել Խրիմյան Հայրիկ 59 շենքը, ո՞վ իմանա: Այս իմաստով նա կլինի միակ դատավորն այս գործի շրջանակում, որ կփորձի գործը քննել հիմքից: Ասել է թե՝ այս 14 ամիսն էլ հերթական ջրապտույտն էր: Մինչդեռ գյումրեցիները մեծ հույսեր էին կապել ընտրական տարվա հետ, որ ժողովրդավարությունն ու արդարությունը կտոնի իր հաղթանակը:

ԴԱՎԻԹ ՍԱՍՈՒՆՅԱՆ
Գյումրի

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031