Այս համոզմանն են Նորք -Մարաշի բնակիչները, որոնք ամեն օր ստիպված են լինում օգտվել թիվ 22 միկրոավտոբուսից: Նրանք տարիներ ի վեր երթեւեկում են գերբեռնված ու հնամաշ «գազելներով»՝ վտանգելով իրենց կյանքը: Երեկ «Առավոտին» դիմած մարաշեցիներին հետաքրքրում էր, թե վերջերս մեր հանրապետություն ներկրված չինական ավտոբուսներից բաժին կհասնի՞ Նորք- Մարաշը սպասարկող երթուղագծերին: Մարաշեցիների խոսքերով, 10-15 տարի անտանելի պայմաններում երթեւեկելն արդեն սովորական է դարձել, քանի որ՝ «Վստահ ենք՝ Հայոց հարցը կլուծվի, բայց մեր Մարաշի տրանսպորտի հարցը չի լուծվի: Եթե երկար տարիներ Մարգար Օհանյանի հանգամանքն էր, որ քաղաքային իշխանությունները մեր՝ քաղաքացիներիս բողոքները թիվ 22 երթուղագծի վերաբերյալ հաշվի չէին առնում ու մեզ հետ վարվում էին ինչպես ուզում էին, քանի որ այս գիծը պատկանում է Օհանյանների ընտանիքին, ապա այսօր ի՞նչ խնդիր ունեն, Օհանյան Մարգարն էլ չի կարող միջամտել, ո՞վ է նրանց խանգարում, որ գիծը կարգի բերեն, տնտեսվարողին էլ պատասխանատվության ենթարկեն՝ ամեն օր այդքան մարդկանց կյանքը վտանգելու համար»:
Քաղաքի այս հատվածը, իրոք, խնդրահարույց է հասարակական տրանսպորտի առումով: Եվ «Առավոտը» պարբերաբար ստանում է դժգոհություններ Մարաշի բնակիչներից եւ դատելով բողոքների առատությունից՝ պարզ է դառնում, որ այս համայնքում, իսկապես, տրանսպորտի հարցը ոչ մի կերպ չի բարելավվում:
Երեկ քաղաքապետարանի պատասխանատուներից հետաքրքրվեցինք, թե, ի վերջո, ե՞րբ է լուծվելու Մարաշի տրանսպորտի հարցը եւ արդյոք չինական նոր ավտոբուսներից կտրամադրե՞ն այս երթուղագծին: Ի պատասխան՝ Երեւանի քաղաքապետարանի լրատվական ծառայությունից հայտնեցին, որ հաստատվում է Երեւանի վերգետնյա հասարակական տրանսպորտի երթուղային նոր ցանցը, որը շուտով կներկայացվի հանրությանը. «Համաձայն այդ ցանցի՝ կանցկացվեն երթուղագծերի սպասարկման նոր մրցույթներ, եւ ձեր նշած հարցը եւս ժամանակի ընթացքում կստանա իր լուծումը»:
ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ
Կարդացեք նաև
«Առավոտ» օրաթերթ