Լրահոս
Օրվա լրահոսը

«Նռնենի» համալիր-աջակից պայմաններով սոցիալական տուն

Մարտ 27,2012 13:18

Միայնակ, անօթեւան տարեցների համար

«Առաքելություն Հայաստան» բարեգործական հ/կ-ն (ԱՀ ԲՀԿ-ն) իր տարեցների սպասարկման մոդելը մշտապես զարգացնում եւ հարստացնում է նոր ենթակառույցներով:

«Առաքելություն Հայաստանն» ավելի քան 20 տարվա ընթացքում, հետեւողական իր տեսլականին եւ նպատակին, ելնելով կարիքից ու անհրաժեշտությունից, ստեղծեց, ներդրեց եւ զարգացրեց համայնքահեն սոցիալ-առողջապահական ծառայությունների մատուցման տարբեր ենթակառույցներ ընդգրկող մի ընդհանրական մոդել, որը հնարավորություն ընձեռեց տարեցներին ստանալ բազմաբնույթ սոցիալ-առողջապահական ծառայություններ իրենց տներում, համայնքներում՝ ապրելով արժանապատիվ, ինքնուրույն, անկախ եւ ակտիվ կյանքով՝ համապատասխան իրենց ֆիզիկական, մտավոր, հոգեւոր կարողություններին ու հնարավորություններին:

Մենք զրուցեցինք «Առաքելություն Հայաստան» բարեգործական հ/կ-ի ղեկավար Հռիփսիմե Կիրակոսյանի հետ:

– Տիկի՛ն Կիրակոսյան, 5 տարի առաջ ԱՀ ԲՀԿ-ն ստեղծեց միայնակ, անօթեւան տարեցների աջակից պայմաններով սոցիալական տուն «Նռնենի» համալիրը (առաջինը ողջ տարածաշրջանում), այսօր ՀՀ տարբեր մարզերում կառուցվում են սոցիալական տներ, բնակարաններ: Ինչո՞ւ է Ձեր հիմնած կառույցը կոչվում աջակից պայմաններով սոցիալական տուն:

– Աջակից պայմաններով սոցիալական տունը, հանդիսանալով ԱՀ ԲՀԿ-ի ծառայությունների մատուցման մոդելի կարեւոր ենթակառույցներից մեկը, առանձնահատուկ նշանակություն ունի. այն նախատեսված է միայն որոշակի մեկ սոցիալական խմբի՝ անօթեւան, միայնակ տեղացի ու փախստական տարեցների համար:

Այնինչ սոցիալական տների կամ բնակարանների կառուցման հիմնական նպատակը հումանիտար կամ մատչելի բնակարանների ապահովումն է՝ անկախ բնակիչների ընտրության չափանիշներից:

– Տիկի՛ն Կիրակոսյան, ինչպե՞ս ձեւավորվեց այդ մտահղացումը:

– Ողջ աշխարհում տարեցներին մատուցվող համայնքահեն սոցիալ-առողջապահական ծառայությունների մոդելի կարեւոր ենթակառույցներ են հանդիսանում միայնակ ապրող տարեցների բնակության սոցիալական տները: 2002թ.-ին Երեւանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանը ԱՀ ԲՀԿ-ին նվիրաբերության պայմանագրով հատկացրեց տարածք, որտեղ եւ մենք որոշեցինք կառուցել սոցիալական տուն, եւ 2007թ.-ին շենքը շահագործման հանձնվեց: Շվեյցարական Զարգացման եւ Համագործակցության կազմակերպությունը տրամադրեց անհրաժեշտ գումարի մեծ մասը եւ իրականացրեց շենքի շինարարությունը, իսկ ԱՀ ԲՀԿ-ն հայթայթեց գումարի մնացած մասը, ինչպես նաեւ օժանդակեց շենքի կառուցման, կահավորման, շահագործման եւ այլ հարցերում:

Շենքը 3 հարկից է, որի 2-րդ եւ 3-րդ հարկերում ընդհանուր թվով կա 30 բնակարան՝ 28 բնակարան տարեցների եւ մեկական բնակարան՝ յուրաքանչյուր հարկում, 2 երիտասարդ, սոցիալապես անապահով, բազմազավակ, սատարող ընտանիքների համար, ովքեր բնակվում են տարեցների հետ միասին՝ կենցաղային բազմաբնույթ հարցերում նրանց սատարելու նպատակով: Շենքի 1-ին հարկում մատուցվում են տարբեր վճարովի ծառայություններ, եւ եկող շահույթն ուղղորդվում է շենքի շահագործման, պահպանման եւ այլ ընթացիկ ծախսերի համար, ինչպես նաեւ՝ բավարարելու դեպքում, անվճար ծառայությունների մատուցմանը:

Ներկայումս շենքում բնակվում է 49 անձ, որոնցից 35-ը մեծահասակներ են եւ 14-ը երեխաներ՝ ընդգրկված Երեւան քաղաքի տարբեր համայնքներից: Քանի որ այս բնակարանները չեն տրվում որպես սեփականություն, բնակարան ազատվելու դեպքում այն ԱՀ ԲՀԿ-ի նախագահությամբ ստեղծված հանձնաժողովի որոշմամբ բախշվում է այն միայնակ, անօթեւան տարեցին, ով համապատասխանում է ընտրության չափանիշներին:

«Նռնենի» սոցիալական տան գործարկմամբ ՀՀ-ում ներդրվեց սոցիալական ծառայությունների մատուցման միանգամայն նոր՝ սոցիալական տուն աջակից պայմաններով մոդելը:

Աշխարհն այսօր ապրում է աննախադեպ ժողովրդագրական փոփոխություններ: Ծերացման գործընթացն ամբողջ աշխարհում շարունակվում է եւ կշարունակվի մոտ ապագայում եւս: Բնակչության ծերացմանն առնչվող խնդիրները Հայաստանում նույնքան առարկայական են, որքան եւ այլ պետություններում: Հայաստանը եւս պարտավորվել է ձեռնարկել միջոցառումներ, որոնք պետության մակարդակով կլուծեն բնակչության ծերացման խնդիրը: ՀՀ սահմանադրությամբ ամրագրված է տարեց մարդկանց արժանապատիվ կենսամակարդակ ապահովող դրույթը, նաեւ՝ ՀՀ կառավարությունը 2002թ.-ին ստորագրել է Մադրիդի տարեցների միջազգային գործողությունների պլանը, որում նախատեսված նպատակներից մեկը անօթեւան տարեցներին հարմարավետ բնակարաններով ապահովումն է: Բացի այդ՝ անօթեւան տարեցների բնակարանային ապահովության խնդիրները թեկուզ մասնակի լուծելու նպատակով ՀՀ կառավարությունն իր 2010թ. հուլիսի 1-ի թիվ 25 արձանագրային որոշմամբ հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետությունում անօթեւան, միայնակ տարեցների եւ բնակարանի կարիք ունեցող սոցիալական այլ խմբերին պատկանող անձանց համար սոցիալական բնակարանների համալիրի ստեղծման» հայեցակարգին:

Այս բոլորով հանդերձ՝ տարեց մարդկանց մեծ մասի իրական կյանքը՝ թե՛ նյութական ապահովվածության, թե՛ սոցիալ-կենցաղային հարմարավետության առումներով, առայժմ դժվար է բարվոք համարել:

Այս իրավիճակում կտրուկ կերպով մեծանում են պետության պարտավորությունները տարեցների հանդեպ: Այսօր ՀՀ-ն անպատրաստ է դիմագրավելու այն խնդիրներին, որոնք առաջանալու են ընդամենը մի քանի տարի հետո: Եթե պետությունը շատ արագ զարկ չտա տարեցների կարիքներին համապատասխան տարբեր ենթակառույցների ընդարձակմանը, զարգացմանը, անհրաժեշտության դեպքում նաեւ նորերի ստեղծմանը, ապա չի կարողանա ծերացման գործընթացին համահունչ ապահովել տարեցների համար անհրաժեշտ մինիմում կենսապայմաններ: Խոսքն առանձնապես վերաբերում է միայնակ, անօթեւան տարեցների համար աջակից պայմաններով սոցիալական տների կառուցմանը:

Ա. ՎԱՐԴԱՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031