Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱԿ-ի պատասխանը «Ժառանգությանը»

Մարտ 27,2012 13:12

ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը՝ ՀԱԿ-«Ժառանգություն» կոնֆիդենցիալ բանակցությունների մասին

«Մենք առաջարկեցինք Հայաստանի հասարակության պահանջն իրականացնելու համար, որ 41 ընտրատարածքներից բոլորս միասին զորակցենք ՀԱԿ-ի 21 ընտրած թեկնածուների, «Ժառանգության» 7 միացյալ թեկնածուների, մնացած 13 ընտրատարածքներում միասին զորակցենք ՀՅԴ-ի կամ այլընտրանքային թեկնածուների՝ ըստ բանակցությունների արդյունքների: Մեր առաջարկը մերժվեց: Ցավում եմ դրա համար, որովհետեւ կարծում եմ, որ սա ընդհանուր առմամբ հանրային հասարակական դաշտում վերջին շրջանում ընդդիմադիր պահվածքի ախտանիշն է: Ես հասկանում եմ, որ ամեն մեկն ունի ամբիցիաներ, ունի ինքնասիրություն, ծառայելու հնարավորությունը յուրացնելու մղում»,- երեկ մամուլի ասուլիսում հայտարարել էր «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը եւ, որպես առաջին քայլ, հայտարարել, որ հանում է իր թեկնածությունը 7-րդ ընտրատարածքից: Հիշեցնենք, որ այդ տարածքում առաջադրվել էին «Հայկական ժամանակ» թերթի խմբագիր Նիկոլ Փաշինյանը՝ ՀԱԿ-ի կողմից, հայտնի գործարար Սամվել Ալեքսանյանը՝ ՀՀԿ-ի կողմից, եւ «Ժառանգության» առաջին դեմքը՝ Րաֆֆի Հովհաննիսյանը: «Առավոտի» հարցին՝ մեծամասնական առաջադրումների շուրջ ընդդիմադիր դաշտում եղե՞լ են կոնֆիդենցիալ բանակցություններ, եւ ինչո՞ւ է ՀԱԿ-ը մերժել համագործակցության՝ «Ժառանգության» մեկնած ձեռքը, ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը պատասխանեց.

– Այո, ես հիմա պետք է հաստատեմ, որ մենք կոնֆիդենցիալ բանակցություններ ենք ունեցել «Ժառանգության» հետ՝ մեծամասնական ընտրակարգով միասնական թեկնածուներ առաջադրելու ուղղությամբ: Քանի որ «Ժառանգությունը» արդեն բացեց որոշ դետալներ, ուրեմն մենք էլ կարող ենք խոսել՝ առանց խախտելու կնֆիդենցիալության մասին պայմանավորվածությունը: Բանակցությունների պատմությունն այսպիսին է. մի քանի շաբաթ առաջ մեզ դիմել է «Ժառանգությունը»՝ նման խոսակցություն սկսելու առաջարկով: Մենք դրական ենք արձագանքել եւ խնդրել ենք ուղարկել իրենց «հավակնությունների» քարտեզը, որպեսզի մենք կողմնորոշվենք եւ դրա շուրջ խոսենք: Ցավոք, դա չարվեց: Առաջադրումների շրջանում արդեն մենք դիմեցինք «Ժառանգությանն»՝ ասելով, որ նպատակահարմար ենք համարում ակտիվացնել այդ խոսակցությունը եւ հիմա, մինչեւ առաջադրումները կամ դրանց ավարտը, որոշել, թե որտեղ եւ ով կարող է լինել միասնական թեկնածու: «Ժառանգությունն» ասաց, որ պատրաստ է բանակցությունների միայն առաջադրումներից հետո: Իհարկե, մենք չենք կարծում, որ դա ճիշտ մոտեցում է, որովհետեւ, այնուամենայնիվ, շատ ավելի հեշտ է համաձայնության գալ, երբ մարդիկ առաջադրված չեն: Երբ մարդիկ արդեն առաջադրվում են, նշանակում է՝ արդեն ընդգրկվում են ընտրարշավի մեջ, ստեղծում են իրենց թիմերը եւ ավելի դժվար է նրանց ետ կանչել: Ավելին, դա հենց թեկնածուների կողմից կարող է ընկալվել որպես քաղաքական առեւտուր՝ իրենց հաշվին: Ուստի մեզ համար այդ մոտեցումն այնքան էլ ընդունելի չէր:

– Միայն ա՞յդ պատճառով դադարեցրիք բանակցությունները:

– Այնուամենայնիվ, առաջադրումներից հետո «Ժառանգությունը» նորից դիմեց, եւ մենք վերսկսեցինք այդ խոսակցությունը: «Ժառանգությունը» մեզ հետեւյալ առաջարկն է արել՝ Րաֆֆի Հովհաննիսյանը հանում է իր թեկնածությունը 7-րդ ընտրատարածքից, փոխարենը թիվ 1 ընտրատարածքից իր թեկնածությունը հանում է Գայանե Առուստամյանը՝ այնտեղ որպես միասնական թեկնածու թողնելով Ստեփան Սաֆարյանին, թիվ 4-ից՝ Արամ Մանուկյանը՝ միասնական թեկնածու թողնելով Զարուհի Փոստանջյանին, թիվ 6-ից՝ Ավետ Պողոսյանը՝ միասնական թեկնածու թողնելով Արմեն Մարտիրոսյանին, թիվ 3-ից՝ Լեւոն Զուրաբյանը՝ միասնական թեկնածու թողնելով Ռուբեն Հակոբյանին, եւ թիվ 12-ից՝ Տիգրան Տեր-Պետրոսյանը՝ միասնական թեկնածու թողնելով Անահիտ Բախշյանին: «Ժառանգությունը» նաեւ խոստացավ 20 ընտրատարածքներում, որտեղ իրենք թեկնածուներ չունեն, պաշտպանել ՀԱԿ-ի ներկայացրած թեկնածուներին:

Մեր պատասխանը եղավ հետեւյալը՝ մենք համարում էինք, որ խնդիրը պետք էր կարգավորել առաջադրումներից առաջ կամ գոնե առաջադրումների ընթացքում: Նաեւ ասացինք, որ նման առաջարկն անգամ հիմք չի ստեղծում միասնական թեկնածուների վերաբերյալ բանակցություններ սկսելու: Երրորդ՝ այնուամենայնիվ, մենք առաջարկում ենք «Ժառանգության», ինչպես նաեւ այլ քաղաքական ուժերի հետ, որոնք իշխանական ճամբարում չեն գտնվում կամ իրենց չեն համարում իշխանական ճամբարում, համագործակցել ազատ, արդար եւ օրինական ընտրությունների անցկացման շուրջ: Ընդհուպ եթե անհրաժեշտ է, ընտրախախտումների վերահսկման միասնական շտաբ ստեղծել: Եվ վերջինը՝ մենք դա հայտարարել ենք կոնֆիդենցիալ բանակցություններում, հիմա հայտարարում ենք հրապարակային՝ ՀԱԿ-ը միակողմանի պարտավորություն է ստանձնել  հակաքարոզչություն անել միայն իշխանության թեկնածուների դեմ: Հակաքարոզչությունը երբեք չուղղել ոչ «Ժառանգության», ոչ էլ այլ ոչ իշխանական թեկնածուների դեմ: Սա է եղել ՀԱԿ-ի պատասխանը, եւ սրանով ավարտվել են բանակցությունները:

– «Ժառանգության» նման պահվածքը եւ Րաֆֆի Հովհաննիսյանի երեկ կատարած քայլը՝ թիվ 7 ընտրատարածքից թեկնածությունը հանելը, ի՞նչ է հուշում Ձեզ:

– Ես չեմ ցանկանում որեւէ կերպ գնահատել կամ մեկնաբանել: Եղել են բանակցություններ, դրանք ունեցել են այս ավարտը: Մենք, այնուամենայնիվ, պետք է նայենք առաջ եւ մտածենք մեր հիմնական նպատակի մասին, որն է՝ Հայաստանում հաստատել ժողովրդավարություն, փրկել երկիրը Սերժ Սարգսյանի եւ ՀՀԿ-ի ռեժիմից ու քաղաքական մենաշնորհից: Սա է լինելու ՀԱԿ-ի թիրախն ընտրարշավում, եւ մենք պատրաստ ենք բոլորի հետ միասին ստեղծել միացյալ ճակատ՝ իշխող ռեժիմի դեմ:

– Փաստորեն, ընդդիմադիր դաշտը չի կոնսոլիդացվում:

– Ընդդիմադիր դաշտի 95 տոկոսն արդեն կոնսոլիդացված է ՀԱԿ-ում: 100 տոկոս կոնսոլիդացում բնության մեջ ընդհանրապես հնարավոր չէ, եւ սա պետք չէ ողբերգություն դարձնել: Ոչ էլ պետք է տոն տալ իշխանական քարոզչության այն պնդումներին, որ իբր ընդդիմությունը դատապարտված է, քանի որ չի կարողանում միավորվել: Նման բան չկա: Ընդդիմության միավորվելն 95 տոկոսով կայացած փաստ է, եւ այն առաջարկները, որ մենք արել ենք, եւ այն պարտավորությունը, որը վերցրել ենք միակողմանի, ըստ իս, ստեղծում են բավարար հիմքեր, որ բոլոր այն ուժերը, որոնք ցանկանում են պայքարել իշխող ռեժիմի դեմ, դա անեն արդյունավետ:

– Բայց համաձայնության պարագայում եւ համատեղ ավելի արդյունավետ կլիներ  պայքարը:

– Ինչը մենք պատրաստ ենք անել:

– Կամուրջները, ինչպես ասում են, այրված չե՞ն:

– Միասնական թեկնածուներ ունենալու շուրջ հնարավոր չեղավ համաձայնության հասնել, բայց դա չի կարելի ողբերգություն համարել կամ իշխանափոխության ծրագրին վնասող մի բան, որովհետեւ կան համագործակցության այլ եզրեր:

– Իսկ իշխանական կուսակցությունների ցուցակներն ի՞նչ տպավորություն են թողել Ձեզ վրա:

– Այդ ցուցակները մի բան են ցույց տալիս. ինչպես եւ մենք գիտեինք, այս իշխանություններին հավատալու  որեւէ հիմք չկա: Նրանք ցանկանում էին ժողովրդին ներկայանալ իբր նոր դեմքով, որ օլիգարխներ, կոռումպացված մարդիկ չեն լինի, բայց ցուցակների մեջ ներկայացրել են ուղիղ նույն կազմը, որն ուղիղ չորս տարի վարկաբեկել է այս ռեժիմին ժողովրդի աչքում:

Զրույցը՝ ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031