«Ժառանգության» ներկայացուցիչ Արմեն Մարտիրոսյանը երեկ «Առավոտի» հետ զրույցում, անդրադառնալով ՀԱԿ անդամ Նիկոլ Փաշինյանի՝ երեկ արած որոշ հայտարարություններին, ասաց, թե «Ժառանգությունը» երբեւէ ընդդիմության կամ նրա ներկայացուցչի դեմ չի գործել, ինչպես հիմա փորձ է արվում ներկայացնել, նման որեւէ դեպք ու բացառություն չի եղել. «Մենք 10-րդ ընտրատարածքում մեծամասնական առաջադրում չարեցինք, որովհետեւ հայտնի էր, որ այնտեղ առաջադրվելու ցանկություն ունի Խաչատուր Սուքիասյանը, իսկ «Ժառանգությունը», բնականաբար, չէր կարող իր ընդդիմադիր գործընկերոջ դեմ քայլ կատարել: Ինչ վերաբերում է թիվ 7 ընտրատարածքին՝ այնտեղ Փաշինյանի առաջադրման մասին որեւէ խոսակցություն չկար: Ու ընդհանրապես՝ այս տարիների ընթացքում «Ժառանգությունը» միշտ էլ պաշտպանել է ընդդիմության շահերը, ինչպես դա եղավ 2009-ին՝ Երեւանի ավագանու ընտրությունների ժամանակ, երբ մենք հարթակը թողեցինք ՀԱԿ-ին»:
«Առավոտ» օրաթերթ