Լրահոս
Օրվա լրահոսը

«Եվրոպական բարեփոխումները ես ցանկանում եմ տեսնել նաեւ Հայաստանում»

Մարտ 27,2012 13:08

Ասում է ՕԵԿ համամասնական ցուցակում հայտնված Նելսոն Զուլոյանը

Վերջին օրերին ԶԼՄ-ներին հետաքրքրում է «Օրինաց երկիր» կուսակցության համամասնական ցուցակի 9-րդ հորիզոնականում հայտնված ԱԺ պատգամավորության թեկնածու Նելսոն Զուլոյանի անձը: Բավարարենք այդ հետաքրքրությունը:

Նելսոն Զուլոյանը լոռեցի է, վանաձորցի, այժմ 34 տարեկան է: Մտավորականի ընտանիքի զավակ է: Հայրը՝ Նորայր Զուլոյանը, աղետից անմիջապես հետո ստեղծեց Հայաստանի «Ինտերկապ» բարեգործական կենտրոնը եւ փորձեց ձեռք մեկնել, ամեն կերպ օգնել վիշտ ու կարիքի մեջ հայտնված աղետյալ հայրենակիցներին: «Ինտերկապի» բեռնատարների շարասյուները հազարավոր կիլոմետրեր կտրելով՝ եվրոպական երկրների բարեգործական կազմակերպությունների, սփյուռքի մեր հայրենակից եւ այլազգի սրտացավ մարդկանց օգնությունները՝ դեղորայք, սննդամթերք, բուժսարքավորումներ, հագուստ, կենցաղային առաջին անհրաժեշտության տեխնիկա, տարիներ շարունակ բերում էին ոչ միայն լոռեցիների, այլեւ պատերազմող Արցախի եւ երկրի՝ կարիք ունեցող բնակավայրերի համար: Բարեգործական բեռները արցախցիներին տանելիս՝ հայրն իր հետ մի քանի անգամ վերցրել է նաեւ իր տղաներին՝ Կարենին եւ Նելսոնին: Լսելով ընկերների վախն ու դիտողությունը՝ վտանգավոր է, պատերազմ է, ամեն պահի հնարավոր է թշնամու շրջապատման մեջ ընկնել, գոնե տղաներիդ հետդ մի տանի, Նորայր Զուլոյանը պատասխանում էր՝ թող տղա մեծանան, թող դժվարություններ հաղթահարել սովորեն:

1985-91թթ. Նելսոն Զուլոյանը սովորել է Վանաձորի թիվ 11 միջն. դպրոցում, հետագա միջնակարգ կրթությունն ստացել է Վենետիկի «Մուրադ-Ռաֆայելյան» վարժարանում՝ Սպիտակի եւ Վանաձորի տուժյալ ընտանիքներից եւս 11 երեխաների հետ: Դա նախաձեռնեց եւ կազմակերպեց «Ինտերկապ» բարեգործական կազմակերպությունը: Ավարտելով գերազանցությամբ՝ ընդունվում է Եվրոպայի ամենաճանաչված համալսարաններից մեկը՝ Փարիզի Սորբոնի համալսարանը, ստացել է իրավաբանական, ապա՝ քաղաքագիտական կրթություն: 2001թ. Փարիզում հիմնադրել է կապի եւ ինֆորմատիկայի «Լոռի-քոմ» ընկերությունը: 2003-2006թթ. եղել է ամերիկյան «Դեֆսթեր» խմբի ներկայացուցիչը Եվրոպայում, 2006թ.-ից իրավախորհրդատու է եղել Ֆրանսիայի դատարաններում, մարզպետարաններում եւ տարբեր հ/կ-ներում:

2007թ. մինչեւ օրս զբաղեցնում է «Եվրո Ֆյուչըր» հետազոտական կենտրոնի տնօրենի պաշտոնը: Կենտրոնը զբաղվում է վերլուծական գործունեությանբ՝ հիմնականում քաղաքական, տնտեսական եւ սոցիալական բնագավառներում:

Տիրապետում է իտալերենին, անգլերենին, ֆրանսերենին եւ ռուսերենին:

Ֆրանսիայում գտնվելու 10 տարիների ընթացքում ակտիվ մասնակցել է «Ինտերկապ Ֆրանս-Արմենի» եւ «Հայաստան» հ/կ-ների բարեգործական, մշակութային եւ հասարակական գործունեությանը: 2009թ. Նելսոն Զուլոյանին է վստահվել Հայաստանում հայ-ֆրանսիական նախագծով կառուցվող, ՀՀ-ի համար խիստ անհրաժեշտ դեղերի, մասնավորապես՝ ինսուլինի արտադրության գործարանի բացման բանակցային գործընթացը եւ կազմակերպչական աշխատանքները, որոնք հաջողությամբ կատարել է մինչեւ օրս: Ամուսնացած է, ունի մեկ որդի:

Դեռ մինչեւ թեկնածու առաջադրվելը՝ առիթ ունեցել եմ Ն. Զուլոյանին հարցնելու, թե ինչպե՞ս եղավ, որ նա թողեց «եվրոպական բարիքները» եւ տեղափոխվեց Հայաստան, եւ թե ինչո՞ւ որոշեց մուտք գործել ակտիվ քաղաքականության ոլորտ: Օրերս նա այսպես բացատրեց. «Երբեք չեմ խզել կապը հայրենիքիս հետ: Փարիզում ուսանելու տարիներին ես վկան էի, թե ինչպես է կերտվում միացյալ եւ ազատ Եվրոպան, թե ինչպես էին ձեւավորվում եվրոպական արժեքները, եւ թե ինչպես էին այդ արժեքները ի կատար ածվում եվրոպական հանրության մեջ: Բնականաբար, ավելի մեծ եռանդով ու հետաքրքրությամբ էի հետեւում իմ հայրենիքի՝ Հայաստանի Հանրապետության առաջին հաստատուն քայլերին, նրա առջեւ ծառացած օրհասական մարտահրավերներին, հայրենիքիս ինքնավստահ հաղթանակներին, անհրաժեշտ եւ իմաստալից բարեփոխումներին: Ցանկացել եմ նույնը տեսնել նաեւ Հայաստանում, ցանկացել եմ գտնել մի կարող ուժ, որն ունի իրական հնարավորություն մեր երկիրն այդ ճանապարհով տանելու: Այդ ուժն ինձ համար ՕԵԿ-ն է, որին եւ անդամագրվեցի: Նրա գաղափարներն ու ծրագրերն ինձ հոգեհարազատ են, ցանկանում եմ իմ մասնակցությունն ունենալ իրագործման ընթացքում: Շնորհակալ եմ վստահության համար»:

– Պարոն Զուլոյան, թերթերը նշում են, որ դուք Ֆրանսիայի քաղաքացի եք:

– Իհարկե, այդպես չէ: Ես հրաժարվել եմ ֆրանսիայի քաղաքացիությունից, ինչի մասին ծանուցված են եւ Հայաստանի Հանրապետության, եւ Ֆրանսիայի Հանրապետության իշխանությունները:

ԳԱԳԻԿ ԱՆՏՈՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031