Լրահոս
Օրվա լրահոսը

Շանտաժի լեզվով խոսելն անընդունելի է

Մարտ 27,2012 13:03

«Ժառանգության» ներկայացուցչի ասելով՝ ՀԱԿ-ը «Ժառանգության» հետ փորձում է շանտաժի լեզվով հարաբերվել եւ կիրառել 2009-ի գործելաոճը:

«Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր, ՀԱԿ անդամ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե դեռ առաջադրումների փուլը չսկսած՝ «Ժառանգություն» կուսակցությունը ՀԱԿ-ին առաջարկել է քննարկումներ սկսել առաջադրումների վերաբերյալ, ինչին Կոնգրեսը համաձայնել է եւ խնդրել ներկայացնել իրենց առաջադրումների քարտեզը, բայց «Ժառանգությունը» երկար ժամանակ որեւէ քարտեզ, առաջարկ չի ներկայացրել, իսկ առաջադրումների փուլում ՀԱԿ-ի ներկայացուցիչը կապվել է «Ժառանգության» ներկայացուցչի հետ եւ առաջարկել, որ թեման քննարկվի, բայց պատասխանը եղել է այն, թե՝ այդ թեման պետք է քննարկվի առաջադրումների փուլի ավարտից հետո, ինչը ՀԱԿ-ի համար հասկանալի չի եղել: Առաջադրումների փուլի ավարտից հետո, Փաշինյանի ներկայացմամբ, «Ժառանգությունն» առաջարկել է հանել իր թեկնածուին թիվ 7 ընտրատարածքից, պայմանով, որ ՀԱԿ-ն իր թեկնածուներին հանի թիվ 1, 4, 6, 9 եւ 12 ընտրատարածքներից: «ՀԱԿ-ը գնահատել է, որ այսպիսի առաջարկը հիմք չի տալիս բանակցությունների համար, քանի որ չեմ կարծում, որ որեւէ մեկը տրամաբանական կհամարեր այս առաջարկը: Կարող եմ ասել ավելին, ինչպիսին կլիներ «Ժառանգության» արձագանքը, եթե ՀԱԿ-ն առաջարկեր, որ թիվ 7 ընտրատարածքից հանում է իր թեկնածուին՝ պայմանով, որ «Ժառանգությունը» հանի իր թեկնածուներին թիվ 1, 4, 6, 9 եւ 12 ընտրատարածքներից: Եթե այս տրամաբանությունը ընդունեինք, ուրեմն «Ժառանգությունը» կմնար առանց թեկնածուի»,- հայտարարել է Նիկոլ Փաշինյանը:

«Առավոտի» հետ զրույցում «Ժառանգության» ներկայացուցիչ Արմեն Մարտիրոսյանն ասաց, թե Փաշինյանի հայտարարությունը՝ մանավանդ այս վերջին մասով, իրականությանը չի համապատասխանում, որ «Ժառանգության» համար անընդունելի է, երբ «հատվածական մոտեցում է ցուցաբերվում ու փորձ է արվում ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանի եւ «Ժառանգության» փոխնախագահ Ռուբեն Հակոբյանի զրույցից մի փոքր հատված՝ այն էլ գլխիվայր շուռ տված, ներկայացնել»: Արմեն Մարտիրոսյանի մատուցմամբ՝ դեռ մինչեւ մեծամասնական առաջադրումների մասին պաշտոնական հայտարարությունը՝ «Ժառանգության» անունից ինքը դեմ առ դեմ հանդիպել է ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանին եւ փոխանցել իր կուսակցության՝ մեծամասնական ընտրատարածքներում միասնական թեկնածուներ ունենալու առաջարկը, որին Զուրաբյանի արձագանքը եղել է այն, թե՝ մի քանի օրից կպատասխանեն: Այդ ընթացքում «Ժառանգությունը» նույն առաջարկով դիմել է նաեւ ՀՅԴ-ին, որտեղից պատասխանել են, թե դա այդ պահի համար ժամանակավրեպ է, եւ առաջարկել են սպասել մինչեւ մեծամասնական ընտրակարգով առաջադրումներ կարվեն: Մարտիրոսյանի ասելով՝ ՀԱԿ-ը օրեր հետո է միայն արձագանքել իրենց առաջարկին՝ ասելով, թե՝ տվեք ձեր ցուցակը, մենք նայենք, ինչը, «Ժառանգության» ներկայացուցչի ասելով, ընդունելի չի եղել, «նախ՝ որովհետեւ մենք բանակցություններ էինք ակնկալում եւ ավելի լայն ֆորմատով՝ ընդդիմադիր մյուս ուժերի մասնակցությամբ, երկրորդ՝ ՀՅԴ-ն էլ այդ պահին համաձայն չէր բանակցություններին, նաեւ տեխնիկական խնդիր կար՝ այն ժամանակ, երբ ՀԱԿ-ն իր պատասխանը փոխանցեց՝ արդեն համամասնական ցուցակի խնդիրն էր առաջացել, եւ մենք կենտրոնացել էինք դրա վրա: Մյուս կողմից՝ այնպես չէր, որ միակողմանի քայլեր պիտի կատարվեին, ու մենք էլ ընդունեցինք, որ առաջադրումներից հետո այդ խնդրին կանդրադառնանք»:

Ինչ վերաբերում է արդեն Րաֆֆի Հովհաննիսյանի առաջադրումից հետո ՀԱԿ-ի եւ «Ժառանգության» ներկայացուցիչների՝ Լեւոն Զուրաբյանի եւ Ռուբեն Հակոբյանի միջեւ տեղի ունեցած բանակցություներին, ապա, Մարտիրոսյանի ասելով, «Ժառանգության» առաջարկն ամենեւին էլ խարսխված չի եղել Հովհաննիսյանի թեկնածությունը հանել-չհանելու վրա. «Մենք ներկայացրել ենք ամբողջական փաթեթ, ըստ որի՝ 21 մեծամասնական ընտրատարածքներում «Ժառանգությունը» կաջակցի ՀԱԿ-ի թեկնածուներին, 13 ընտրատարածքներում՝ Դաշնակցության, եթե հարկ լինի՝ միասնաբար պաշտպանել քաղաքացիական հատվածից առաջադրումները, եւ ընդամենը 7 ընտրատարածքում՝ «Ժառանգության» ներկայացուցիչներին»: Ավելին, կիրակի օրը տեղի ունեցած այդ հանդիպման ժամանակ Ռուբեն Հակոբյանը ՀԱԿ ներկայացուցչին արդեն իսկ փոխանցել է, որ Րաֆֆի Հովհաննիսյանը երկուշաբթի օրը հանելու է իր թեկնածությունը թիվ 7 ընտրատարածքից, ուստի, ըստ Մարտիրոսյանի, առեւտուր անելու խնդիր պարզապես լինել չէր էլ կարող. «Մենք ոչ թե առեւտուր ենք արել՝ պայման դնելով, թե Րաֆֆի Հովհաննիսյանն իր թեկնածությունը հանի, դուք էլ՝ 7 ընտրատարածքներում ձեր թեկնածուներին, այլ՝ դեռ կիրակի օրը Ռուբիկ Հակոբյանը հստակ ասել է, որ Րաֆֆի Հովհաննիսյանի հարցն ընդհանրապես քննարկման, բանակցության առարկա չէ, որ նա այսպես, թե այնպես հանելու է իր թեկնածությունը, եկեք քննարկենք մնացած առաջադրումների հարցը, ինչը մերժվել է: Ավելին, մենք այլընտրանքային առաջարկ ՀԱԿ-ից չենք լսել, թեեւ պատրաստ ենք եղել քննարկել որեւէ այլ տարբերակ: Բանակցությունները ենթադրում են երկու կողմի պարտադիր առկայություն, ինչը տվյալ դեպքում, որքանով ես եմ տեղեկացված, ի դեմս մյուս կողմի՝ չի եղել: Հիմա այդ բանակցությունները ներկայացնել այնպես, թե մենք առեւտրի մեջ ենք մտել՝ անընդունելի է: Անընդունելի է նաեւ 2009 թվականին ՀԱԿ-ի կողմից կիրառված գործելաոճը՝ շանտաժի լեզվով մեզ հետ խոսելը, բերել ու հասցնել 2012 թվական: Այս անգամ դա միանշանակորեն «Ժառանգության» կողմից չի ընդունվելու, եւ մենք լիահույս ենք, որ ցանկացած պարագայում մեր գործընկերները կոռեկտ պայքարի կողմնակից կլինեն եւ մի կողմ կթողնեն 2009-ի շանտաժի լեզվով խոսելու, կեղծ տեղեկություններ տարածելու գործելաոճը: Մենք այլեւս թույլ չենք տալու, որ ընտրողը մնա առանց այլընտրանքի, ինչպես դա եղավ 2009-ին՝ Երեւանի ավագանու ընտրությունների ժամանակ»:

Արմեն Մարտիրոսյանն էլի պնդեց, որ Րաֆֆի Հովհաննիսյանը տեղյակ չի եղել Փաշինյանի առաջադրման մասին՝ «ճիշտ այնպես, ինչպես ոչ մեկս տեղյակ չենք եղել, որովհետեւ նախապես այդ թեկնածուն, կարծես թե, բոլորովին այլ ընտրատարածքում առաջադրման մասին էր խոսում. շրջանառվում էր միանգամայն այլ տեղեկություն՝ Շենգավիթ համայնքի հետ կապված»: Նա նաեւ շեշտեց՝ «երբ մասնավորապես ՀԱԿ-ն էր «Ժառանգության» ներկայացուցիչների դեմ մյուս ընտրատարածքներում առաջադրումներ անում, մենք երբեւէ չփորձեցինք անվանարկումների լեզվով խոսել, շատ նորմալ համարեցինք այդ առաջադրումները՝ մտածելով, որ հետագայում հնարավոր է դրանց շուրջ պայմանավորվել: Եվ միայն Րաֆֆի Հովհաննիսյանի առաջադրման հետ կապված այսպիսի վայնասուն բարձրացնելը մեզ համար անընդունելի է: Կարծում եմ՝ սա ուղղակի նախընտրական ոչ ճիշտ պահվածք է, ՀԱԿ-ում մրցակցություն են ուզում տեսնել այնտեղ, որտեղ պետք չէ տեսնել: Չեմ կարծում, որ նմանատիպ վարքագիծ դրսեւորելու տեղ կար, մանավանդ, որ շատերը դեռ երկար ճանապարհ պիտի անցնեն, որպեսզի կարողանան Րաֆֆի Հովհաննիսյանի կատարած աշխատանքի մի փոքր մասն իրականացնել եւ փորձեն որպես քաղաքական գործիչ համեմատվել նրա հետ: Բոլոր դեպքերում կոչ եմ անում մեր ընդդիմադիր գործընկերներին վեր կանգնել ամբիցիաներից, նեղ մտայնությունից եւ փորձել կոռեկտ պայքարի շրջանակներում իրենց քվեն վաստակել: Շանտաժը համագործակցության համար լավագույն լեզուն չէ»:

ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031