Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Զվարճալի եւ իրական բանավեճ

Մարտ 27,2012 12:55

Եվ այսպես, Րաֆֆի Հովհաննիսյանը, եւս մեկ անգամ ցույց տալով, որ քաղաքական ամբիցիաները նրա համար երկրորդական են, հանեց իր անունը թիվ 7 ընտրատարածքի մեծամասնական թեկնածուների ցուցակից: Պատկերացնո՞ւմ եք, եթե չհաներ, ինչ էին նրա հետ անելու ՀԱԿ-ականները՝ իրենց մշակութային մակարդակին եւ ընտանեկան դաստիարակությանը համապատասխան՝ «հաճախորդ», «դհոլ» եւ «ախք» որակումները առավել մեղմ կթվային: Պարոն Հովհաննիսյանի այս քայլը ես գնահատում եմ որպես իր անձնական որակների դրսեւորում, ոչ թե իր կուսակցության դիրքորոշման արտահայտություն: Որովհետեւ նրա կուսակիցներն այլ ընտրատարածքներում, օրինակ՝ Զարուհի Փոստանջյանը, նույն բանը չեն անի: Դե, իսկ ՀԱԿ-ից նման բան ընդհանրապես հնարավոր չէ սպասել, որովհետեւ, ինչպես հայտնի է, հենց նրանք են ամենաճիշտը եւ ամենաընդդիմադիրը: Այդ դիրքերից շանտաժը, բնականաբար, շարունակվելու է. «Եթե դու այսինչ բանը չանես, ես կասեմ, որ դու այսինչն ես»:

Իշխանությանը հենց դա է պետք՝ այս մանկապարտեզային մակարդակի փոխադարձ խայթոցները ընդդիմադիրների միջեւ, որը իշխանական քարոզչությունը անհրաժեշտության դեպքում կուռճացնի տիեզերական մասշտաբների, իսկ ՀՀԿ ցուցակում հատուկ ընդգրկված են մի քանի հոգի, որոնց հիմնական գործառույթը, կարծում եմ, առաջին նախագահի եւ նրա զինակիցների հասցեին «փիս-փիս» բաներ ասելն է լինելու: Նման դատարկ բաներով հասարակությանը զբաղեցնելը, հավանաբար, միանգամայն տեղավորվում է ընտրարշավի իշխանական սցենարի մեջ: Իր նշանակությամբ նման բանավեճը չի տարբերվելու ՀՀԿ-ի կամ ԲՀԿ-ի նախընտրական միջոցառումների ժամանակ զանազան աստղերի երգուպարից:

Մինչդեռ ես կցանկանայի, որ ընտրական պրոցեսի հարգարժան մասնակիցները բանավիճեին իրականում գոյություն ունեցող տնտեսական, սոցիալական, իրավական, մշակութային խնդիրների մասին: Թերեւս որպես շոու դա այնքան էլ զվարճալի չէ, բայց համաձայնեք, որ Հայաստանի բնակչության մեծամասնության վիճակը նույնպես զվարճանալու տեղիք չի տալիս: Լուրջ խնդիրների շուրջ բանավեճը պետք է նպաստի ոչ միայն ընտրողների կողմնորոշմանը, այլեւ միտքը շարժելուն, ի վերջո՝ մեր կյանքում իրական փոփոխությունների հասնելուն:

Նման՝ իմ տեսանկյունից ճիշտ ուղղությամբ ընթացող բանավեճ ես երեկ վարում էի «Ա1+»-ով: Տնտեսական խնդիրներ էին քննարկում հանրապետական Վարդան Այվազյանը եւ դաշնակցական Արծվիկ Մինասյանը, քննարկում էին ակտիվ, կրքոտ, բայց չէին անցնում բարեկրթության սահմանները: Եվ ամենակարեւորը՝ խոսում էին կոնկրետ բաների՝ հարկերի, մենաշնորհների, փոքր ու միջին բիզնեսի մասին: Ես մասնագետ չեմ, բայց ինձ թվում է, որ նման քննարկումների արդյունքում է հնարավոր ծանրագույն խնդիրների կծիկի «պոչը գտնել»:

Իսկ իրար վիրավորելն ու շանտաժելը, ի վերջո, կմնան քաղաքական լուսանցքում:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031