Անցյալ տարվանից ազատազրկման վայրում է գտնվում «Ղարաբաղ» կոմիտեի հիմնադիր անդամ, 1990-91թթ. կառավարության օպերատիվ շտաբի ներկայացուցիչ, Արցախի ազգային խորհրդի անդամ, «Փյունիկ» ֆուտբոլային թիմի նախկին տնօրեն Գագիկ Սաֆարյանը:
Նրա դատաքննությունն ընթանում է Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում: Մեղադրող Արմեն Բոշնաղյանը միջնորդել է՝ պահանջելով 6 տարվա ազատազրկում:
Գ.Սաֆարյանին 2009թ. օգոստոսի 24-ին ազգային անվտանգության ծառայությունը ձերբակալել էր խարդախության համար:
2010թ. մայիսի 13-ին Երեւանի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը Գ. Սաֆարյանին դատապարտեց 2 տարվա պայմանական ազատազրկման: Ազգային անվտանգության ծառայությունը, ըստ Գ. Սաֆարյանի, ձերբակալել էր իրեն առանց հիմնավոր մեղադրանքի: «Հարյուրավոր մարդիկ (ԱԱԾ–ն լսել էր այդ մարդկանց եւ նրա հեռախոսազրույցները) հրաժարվել են իմ մասին ցուցմունք տալուց, պատասխանելով, թե Գ. Սաֆարյանի եւ իրենց միջեւ բացի ընկերական եւ մտերիմ հարաբերություններից, այլ խնդիրներ գոյություն չունեն: Սակայն մի քանիսի (Ուջան գյուղի բնակիչ Տիգրան Պետրոսյան, Տաշիրի բնակիչ Ռուզաննա Կիրակոսյան, Երեւանի բնակիչ Դավիթ Փոլադյան) հետ, որոնց հետ ես շփվել եմ, ԱԱԾ օպերատիվ աշխատողները կանչել են հարցաքննության եւ «մշակման», թե իբր ինձ փող են տվել ինչ–ինչ գործերի համար, փող են տվել բուհ ընդունել տալու, շահադիտական նպատակներով»,– ասում է Գ. Սաֆարյանը: Ըստ Գ. Սաֆարյանի, ԱԱԾ փոխգնդապետ, վարչության պետի տեղակալ Արմեն Տեր-Մինասյանը կաշառք է վերցրել ($7000) Ուջան գյուղի բնակիչ Տիգրան Պետրոսյանից, ներկայումս դատապարտվել է եւ գտնվում է «Վարդաշեն» ՔԿՀ-ում: Ի դեպ, Aravot.am-ն այդ մասին տեղեկացրել է:
Կարդացեք նաև
Տաշիրի բնակչուհի Ռուզաննա Կիրակոսյանին էլ կանչել են Վանաձորի ԱԱԾ բաժին, ասելով, թե քեզ այստեղ կպահենք այնքան, մինչեւ Սաֆարյանի մասին ցուցմունք գրես: Ըստ Գ. Սաֆարյանի, Ռ. Կիրակոսյանի բարեկամ, Ղարաբաղում ծառայող զինծառայողին իբր արձակուրդ ուղարկելու համար է գումար վերցրել: Մինչդեռ Գ. Սաֆարյանն ասում է, որ իբրեւ վաղեմի ծանոթ, Ռուզաննան նրանից պարտքով 80 000 դրամ է վերցրել, որը մինչ օրս նա չի վերադարձրել: Ինչ վերաբերում է մյուս վկային՝ Դ. Փոլադյանին, որից Սաֆարյանը $2000 պարտք էր վերցրել 2007թ-ին եւ վերադարձրել 2008թ-ին, նրան էլ կանչել էին ԱԱԾ եւ «հորդորել», թե գրի՝ շահադիտական նպատակներով գումար է տվել Սաֆարյանին:
Գ. Սաֆարյանը 9 ամիս գտնվել է «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ-ում եւ ընդունել էր իր մեղքը մասնակիորեն: Մեր հարցին, թե՝ ինչու է ընդունել, նա պատասխանել էր. «Եթե չընդունեի «կատարած արարքը», ապա պայմանական ազատազրկում չէին կիրառի»: Ըստ Գ. Սաֆարյանի, ինքը անձնական վրեժխնդրության զոհ է, մասնավորապես՝ իր նկատմամբ վրեժ է լուծել ԱԱԾ գեներալ Զավեն Նանյանը, որն, ի դեպ, 2010թ. հունվարին հեռացվել է ԱԱԾ համակարգից՝ պետական միջոցները վատնելու մեղադրանքով:
Պայմանականը դեռ չմարված, Գ. Սաֆարյանին 2011թ. փետրվարի 11-ին կանչում են ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչություն՝ քննիչ Բայադյանի կողմից առաջադրվում է նոր մեղադրանք՝ խարդախության համար:
Ինչպես տեղեկացրել ենք Aravot.am-ում, Գ. Սաֆարյանը մեղադրվում է քաղաքացի Սամվել Կոստանյանից 21.000 դոլար վերցնելու համար՝ նրա որդուն բուհ ընդունելու պատրվակով, որն իրականում տրվել էր նրա բարեկամ Սերգո Աբրահամյանին /Սերգո Աբրահամյանը ներկայումս գտնվում է «Վարդաշեն» ՔԿՀ-ում/: «Այդ կեղծ ցուցմունքը մերժվել է Կոստանյանի եւ իմ, նրա, որդու, կնոջ ցուցմունքներով: Նույնիսկ ես Կոստանյանին վերադարձրել եմ Սերգո Աբրահամյանի մոտ գտնվող 6000 ԱՄՆ դոլարը, ընդհանուր առմամբ իմ ունեցած 15.000 դոլար պարտքի դիմաց վերադարձրել եմ 27.000 դոլար՝ կանխիկ գումարով: Ս. Կոստանյանը եւ իր ընտանիքը իմ հանդեպ բողոք եւ պահանջ չունի»,- ասում է Գ. Սաֆարյանը:
Դատարանում այս ամենը Գ.Սաֆարյանը բարձրաձայնեց: Սաֆարյանի հարազատները եւ ընկերները դիմելու են ՀՀ նախագահին, գլխավոր դատախազին եւ պատրաստ են անգամ ծայրահեղ քայլերի:
«Նախաքննության եւ դատաքննության ընթացքում ես եւ իմ պաշտպանը միջնորդել ենք, որպեսզի այս գործով ներգրավվեն վկաներ, որոնք իրազեկ են իմ հետ կատարվածին, սակայն մեր միջնորդությունները մերժվել են: Իմ հանդեպ ՀՀ նախագահի ներման հրամանագիրը չի կիրառվում, պատճառաբանելով, թե նախկինում այն արդեն կիրառվել է: Ես ունեմ հիվանդ մայր (8 ազատամարտիկի մայր), 2 անչափահաս երեխա՝ կնոջս եւ իմ խնամքին»,- ասում է Գ. Սաֆարյանը, որի պնդմամբ. ինքը հայտնվել է պատանդի եւ գերու կարգավիճակում: Գ.Սաֆարյանը ասում է, եթե իր նկատմամբ ազատազրկում կիրառվի, այլեւս ի վիճակի չէ դիմադրել իր նկատմամբ հետապնդումներին եւ դիմելու է ծայրահեղ քայլի՝ ինքնասպանության:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ