Լրահոս
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել ԵԱՀԿ Մինսկի խմբին

Մարտ 26,2012 17:11

Եվրոպայի անվտանգության և համագործակցության խորհրդաժողովի որոշմամբ սկիզբ դրված Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման Մինսկի գործընթացի 20-ամյակի կապակցությամբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ղեկավարներին՝ Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդևին, ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամային և Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիին:

Սերժ Սարգսյանը երախտագիտություն է հայտնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման ուղղությամբ անցած քսան տարիների ընթացքում համանախագահող երկրների և անձամբ այդ երկրների նախագահների կողմից ձեռնարկված հետևողական ջանքերի համար:

Ընդգծելով, որ թեև Մինսկի գործընթացի գլխավոր նպատակը` հիմնախնդրի կարգավորումը, դեռևս մնում է չիրագործված, Նախագահ Սարգսյանը նշել է, որ այդուհանդերձ անհնարին է գերագնահատել այն վիթխարի աշխատանքը, որ անցած քսան տարիների ընթացքում իրականացվել է Մինսկի խմբի համանախագահության կողմից` կողմերի դիրքորոշումների մոտեցման, հիմնարար սկզբունքների մշակման, լարվածության լիցքաթափման և խաղաղության պահպանման համար:

Սերժ Սարգսյանը վստահեցրել է, որ Հայաստանը, մեծապես շահագրգիռ լինելով հիմնախնդրի հանգուցալուծմամբ, շարունակելու է իր դրական և կառուցողական ներգրավվածությունը Մինսկի խմբի շրջանակներում Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում` ի նպաստ մեր տարածաշրջանի կայունության և անվտանգության, ժողովուրդների լավագույն ապագայի:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՄԱՄԼՈ ԳՐԱՍԵՆՅԱԿ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031