Aravot.am-ը Գյումրու «ԳԱԼԱ» հեռուստաընկերության սեփականատեր Վահան Խաչատրյանին հարցրեց, թե իր կարծիքով՝ ինչպիսի° խորհրդարան կձևավորվի, որքանո°վ է համամիտ հնչող այն տեսակետին, թե ապագա պատգամավորներին Սերժ Սարգսյանն է ընտրում:
Հիշեցնենք, որ վերջերս «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Ժիրայր Սեֆիլյանը Aravot.am-ի հետ զրույցում, խոսելով ընտրություններից, ասել էր, որ ՀԱԿ-ի հետ ևս հայափրկության հույս չի կապում, որովհետև այդ դաշտի դիրիժորը ևս Սերժ Սարգսյանն է, և այն ամենը, ինչ տեղի է ունենում, կատարվում է նրա վերահսկողությամբ և թելադրանքով: Ավելին, ըստ Ժիրայր Սեֆիլյանի, նույնիսկ ապագա Ազգային ժողովի ցուցակն է Սերժ Սարգսյանի գզրոցում. նա է որոշում, ով է դառնալու պատգամավոր, ով` ոչ:
«Գիտեք, ես էդպես կտրուկ չէի ասի ու այդքան պարզ չէի արտահայտվի, բայց այն, որ Սերժ Սարգսյանը բավականին լուրջ խաղացող է և ստեղծել է այնպիսի իրավիճակ, որ ցանկացած իրավիճակ կառավարելի դարձնի իր համար՝ միանշանակ համաձայն եմ: Բայց այնքան պրիմիտիվ չէ, ասենք ցուցակը համաձայնեցվել է, ես կարծում եմ` Ժիրայրն էլ էդքան ուղիղ չի ասել , ինքը նկատի է ունեցել, որ Սերժ Սարգսյանին հաջողվել է խաղալ այնպես, որ իրենից շատ բան կախված լինի, նաև ՀԱԿ–ի ցուցակը»: Մեր զրուցակիցը չցանկացավ կանխատեսել ապագա խորհրդարանի պատկերը, սակայն կարծիք հայտնեց, որ նույն կարգի խորհրդարան կլինի` ուժերի լայն սպեկտրով: «Միգուցե մի 10–15 տարի հետո, մի քանի քաղաքական ուժերի բախման ընթացքում էս մարդիկ 5 հազար դրամի կամ մարդու գազի ու լույսի վճարը տալու փոխարեն, ավելի լուրջ առաջարկներ անե°ն ժողովրդին: Երևի սա էլ մի ժամանակահատված է, որը մենք պետք է ապրենք, բայց սա անպայման պիտի անցնի»,- հույս է փայփայում մեր զրուցակիցը:
Կարդացեք նաև
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ