Լրահոս
Օրվա լրահոսը

Րաֆֆի Հովհաննիսյան. «Մեծ ցավ պիտի լինի ինձ համար, եթե ՀԱԿ-ը չվերանայի իր որոշումը» (Տեսանյութ)

Մարտ 26,2012 16:52

«Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր Aravot.am-ի հետ զրույցում հարցին, թե ի՞նչ պատճառ է ՀԱԿ-ը նշել, որ մերժել է 41 ընտրատարածքներում միասնական թեկնածուներ ունենալու Ձեր առաջարկը` պարզաբանեց, որ նախ, «Դաշնակցությունը» չի հրաժարվել հանդիպել ու քննարկել խնդիրը, այլ պարզապես նախընտրել է հանդիպել գրանցումների ավարտից հետո, իսկ ՀԱԿ-ը սիրով հանդիպել է, բայց մերժել է առաջարկն այն դեպքում, որ «Ժառանգությունը» պատրաստ է եղել պաշտպանել նրանց 21 թեկնածուներին, իրենց` 7. «Պատճառների մասին չեմ կարող ասել, կարող եմ ասել, որ մենք մտնում ենք հիմա պատասխանատու շրջան: Ես վստահ եմ` կլինեն պատճառաբանություններ, պատրվակներ, բայց փաստը շատ խոսուն է եւ այդ փաստը մնալու է ընդդիմության ընդհանուր պատմագրության մեջ: Ես հույս ունեմ, որ այս շաբաթվա ընթացքում վերանայումներ կգնան»:

Քանի որ Քաղաքագետների միությունում իր խոսքում Հմայակ Հովհաննիսյանը խոսել էր ամբիցիաներից, մենք փորձեցինք ճշտել, այն, որ ՀԱԿ-ը մերժել է առաջարկը, այդ նույն ամբիցիաների՞ց է, ինչին նա պատասխանեց. «Ես ասացի, որ շատ բնական է, որ յուրաքանչյուր քաղաքական ուժ ունի իր հատվածական ամբիցիաները, բոլորի մոտ կա այդ: Ես չեմ ասում, որ միայն մեկը կամ երկուսը ունեն, բայց սա այնպիսի հարց է, շատ սովորական, շատ պրակտիկ, շարքային գաղափար, որը իմ կարծիքով պարզապես ակնկալիքն ու պահանջարկն է Հայաստանի շարքային քաղաքացու: Ինքը դա է պահանջում: Ես, օրինակի համար, երբ տնից քայլում եմ աշխատանքի եւ հանդիպում եմ իմ համաքաղաքացիների հետ, 10-ից 8-ը դա են ասում, թե երբ ի վերջո պիտի լինի ընդհանուր մոտեցում: Ամեն մեկը թող իր ինքնությունը, իր տարբերությունը պաշտպանի, բայց գոնե այստեղ պիտի ընդդիմությունը միասին լինի: Մեծ ցավ պիտի լինի ինձ համար, եթե վերանայում տեղի չունենա, այս որոշումը մնա վերջնական, եւ հերթական անգամ պիտի արդար չլինենք մեր ժողովրդի առջեւ»:

«Ժառանգության» համամասնական ցուցակում ընդգրկվածները վաղը պետք է «Ուխտ նոր Հայաստանի» փաստաթուղթը ստորագրեն ու համաձայնվեն Րաֆֆի Հովհաննիսյանի առաջարկած ներքին ժողովրդավարության եւ արտաքին քաղաքականության հետ կապված սկզբունքներին: Մենք հետաքրքրվեցինք` վստահության պակա՞ս կա թիմակիցների նկատմամբ, որ փաստաթուղթ եք ստորագրել տալիս: Պարոն Հովհաննիսյանը հավատացրեց, որ չկա նման բան: Մեր դիտարկմանը, որ նույն կոալիցիոն հուշագրի պես է կարծես թե, ասում են` վստահում ենք միմյանց, բայց հավատարմության կետեր են ամրագրում`Րաֆֆի Հովհաննիսյանը պատասխանեց. «Ոչ, ես կարծում եմ, որ սա «Ժառանգության» ծրագրի նախատիպն է, որ ցույց է տալիս, որ որքան էլ տարբեր լինեն մեր հետագծերը թեորպես կուսակցության անդամներ, թեորպես հասարակության ներկայացուցիչներ, անգամ` մտավորականներ, որ ահա այս սկզբունքային հարցերի շուրջ` ժողովրդավարություն, ազգային շահ, պետության ինքնիշխանություն` չկա որեւէ տարաձայնություն: Հակառակը,ես կասեի, որ ոչ թե չկա ներքին վստահություն, այլ կա այնպիսի ինքնավստահություն, որ մեր պատգամավորները, որով ես շատ հպարտ եմ, ցուցակի ոչ թե անպայման առաջին մասում են, այլ ցուցակի միջնամասում են, որովհետեւ մենք բոլորս, իրենք էլ մեզ հետ մտնելու ենք խորհրդարան եւ նաեւ պիտի ունենանք գործադիր աշխատանք ապագայում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ


Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031