Լրահոս
Օրվա լրահոսը

«Բա ո՞ւր է գեներալ Մանվելը, ինչո՞ւ չկա, ոչ մի անգամ երեսը չտեսանք»

Մարտ 26,2012 15:32

Երեկ Գյումրիում տեղի ունեցավ ԵԿՄ-ի հաշվետու ընտրական ժողովը, որին մասնակցելու էին հրավիրել նաև զոհվածների կին հարազատներին: Չնայած վերջիններս սրտատրոփ սպասում էին Մանվել Գրիգորյանին` մի քանի «քաղցր» խոսք նրան փոխանցելու համար, սակայն գեներալը իր փոխարեն ուղարկել էր ԵԿՄ փոխնախագահ Խաչիկ Մկրտչյանին:

Ժողովի օրակարգային հարցերը քննարկելն ու կանանց կողմից բողոքների տարափ տեղալը մեկ եղավ: Ամեն ինչ սկսվեց նրանից, որ Գյումրու ԵԿՄ տարածքային բաժնի հաշվետվությունը ներկայացնելիս` գովերգեցին Գյումրու քաղաքապետին, որը մասնակցություն էր ունեցել զոհվածների գերեզմանները սարքելու գործում: Գերեզման բառը լսելով`շատերը վրոդվվեցին, որ պետությունը, ժամանակին մի ողորմելի գումար փոխանցելով, ամեն դարդից ազատագրել է իրեն` չհաշվարկելով, որ այդ գումարով հնարավոր էր հոգալ միայն թաղման արարողությունները, ոչ թե գերեզման սարքելը: Նրանց նաև վրդովեցրել էր այն փաստը, որ կառավարությունը կտրել է զոհվածների ընտանիքներին հատկացվող թոշակը` սրանով ցույց տալով իր վերաբերմունքը նրանց հանդեպ: «Ահա քեզ կառավարություն, չեն էլ ամաչում, կանգնում ու դեմերես ասում են` արդեն զզվանք էս զոհվածների ընտանիքներից: Գեներալը լավ կանի, մի հատ էս հարցը բարձրացնի», -դժգոհում էին զոհվածների հարազատները:

Սկզբում ելույթ ունեցավ զոհվածների մայրերի խորհրդի նախագահն, որն ասաց. «Իհարկե, ես կարող էի այստեղ կանգնել ու լավ խոսքեր ասել, բայց սրտիս թախիծը թույլ չի տալիս»: Տիկինը պահանջեց, որ այդ խորհուրդը լինի ոչ թե ձևական, այլ իրոք գործի, որպեսզի զոհվածներից յուրաքանչյուրի պատմությունը ավելի մանրամասնորեն ներկայացվի: Զոհվածների հարազատները նաև դժգոհեցին, որ բժիշկները դժկամությամբ են ընդունում ու սպասարկում իրենց:

Այսպիսի քննադատություններից անակնկալի եկած` ԵԿՄ փոխնախագահն ասաց, որ գեներալ Մանվել Գրիգորյանն ամեն տեղ էլ ժողովների ավարտից հետո կանգնում, մոմ է վառում ու լսում զոհվածների հարազատների բողոքները, շփվում է նրանց հետ, որպեսզի լուծում տա խնդիրներին: Սա լսելով՝ դահլիճում նստածներից մեկը տեղից բացականչեց. «Էդ միայն Երևանում, մենք գեներալ Մանվելին էսօր էստեղ էինք սպասում, ինչո՞ւ չեկավ, գեներալի երեսը հեչ չտեսանք»: Իհարկե, սկսված սկանդալը սրանով չավարտվեց, զոհվածների հարազատները էլ ավելի բորբոքվեցին, երբ սկսվեցին պարգևատրումները: Կանանցից մեկը, չկարողանալով զսպել իր զայրույթը, ոտքի կանգնեց ու ամոթանք տվեց. «Դուք ձեզ պարգևատրում եք, հեչ չտեսանք՝ մի թղթի կտոր տաք, հետմահու շնորհակալություն հայտնեք Լաչինում զոհված իմ ամուսնուն, ես էլ տանեի, թոռներս տեսնեին ու իրենց պապով հպարտանային, բա ամոթ չէ»: Բանը հասավ նրան, որ տիկնայք ժողովից հետո շրջափակեցին ԵԿՄ փոխնախագահին` ասելով, որ իրենց բացարձակապես չեն հետաքրքրում ընտրություններն ու պատգամավորների թեկնածուները, միևնույն է՝ իրենց համար բան անող չկա:

Կանանցից մեկը նույնիսկ թունդ լեզվակռվի մեջ մտավ ԵԿՄ տեղի պատասխանատուների հետ, ովքեր ասում էին, որ ԵԿՄ-ն եղած չէ կարկուտ ու անձրև թափելու համար, այն զբաղված է հազար ու մի տեսակ հարց լուծելով, և որ պատերազմը դեռ ավարտված չէ, իսկ ԵԿՄ-ն իր առաջնային պարտքն է համարում հայրենիքի սահմանները պահպանելը:

ԵԿՄ-ականները նաև առավելություն էին համարում այն, որ զոհվածների հարազատների բողոքը հասնում է ԵԿՄ շենք, և չի մնում փողոցներում: Չնայած ԵԿՄ-ականների ներկայացրած պարզաբանումներին` որդեկորույս մայրերից մեկը մի լավ կռվեց տեղի ԵԿՄ-ականների հետ, անպատվեց ու անպտավություն ստացավ:

Aravot.am-ի` ԵԿՄ փոխնախագահին ուղղված այն հարցին, թե գեներալ Մանվել Գրիգորյանը ինչո՞ւ է ուզում պատգամավոր դառնալ, վերջինս թեև հրաժարվեց քաղաքական հարցերի պատասխանել, սակայն ոտքի վրա փոխանցեց. «Որպեսզի այս բոլոր խնդիրներին լուծում տա»:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031