«Տղան պետք է համբուրի միայն աղջկան»: Այսպես է մտածում 73- ամյա Խաչիկը ու ավելացնում. «Հաճելի չէ, երբ տեսնում ես այդքան ջերմ համբուրվող տղաների»: Համբույրը շուրթերի հպումն է մեկին կամ մի բանի, որպես սիրո նշան: Ժամանակները փոխվել են, և այսօր սիրահար զույգերը համբուրվում են՝ նույնիսկ չնկատելով օտար հայացքներ: Նրանց համբույրը կարելի է հասկանալ, որպես զգացմունքների արտահայտման միջոց: Իսկ մեր կողմից արված հարցման արդյունքում էլ պարզվում է, որ շատերին՝ հատկապես տարեցներին, անհասկանալի և անընդունելի է տղաների ջերմ համբուրվելը. «Ինչպե՞ս կարելի է ամեն օր և նույնիսկ ժամեր առաջ տեսած ընկերոջը այդքան ջերմ համբուրել: Մեկ-մեկ այգիներում, երբ հանդիպում եմ համբուրվող տղաների, առաջինը փորձում եմ հասկանալ, թե արդյոք նրանցից չեն` գալուբոյներից էլի»- ասում է 57- ամյա Սամվելը: Համբուրվող տղաների համար համբույրը հարգանքի, մտերմության արտահայտման ձև է: «Դե ո՞նց ասեմ, ըտենց ցույց եմ տալիս, որ մեր ախպերն ա,-ասում է 18 տարեկան Արմենը,- այսինքն՝ մեր ախպեր ընգերությունը»: Իսկ ըստ 24 տարեկան Վարդանի. «Տղաների փոխադարձ համբույրը ցույց է տալիս, որ իրենք ավելի հարազատ են ու շրջապատում առանձնանում են մյուս ծանոթներից»: Հոգեբան Արման Բեգոյանն այս երեւույթի մասին ասում է. «Ամեն մի մշակույթ, ամեն մի էթնոս ունի իր սովորույթները, նույնը վերաբերում է նաև բարևելուն: Այդ սովորույթները`ողջագուրվելը, բարևելը, ունեն որոշակի տարբերակիչ ֆունկցիա, որ կողքից տեսնողը հասկանա, թե նրանք ինչ հարաբերության մեջ են, համբույրն էլ հարաբերությունները տարբերակելու մի ձև է: Եթե մի սովորույթ մտնում է մի խմբի մեջ, դժվար է այն հանել կամ փոխել: Որպեսզի դիմացինի մոտ հարց չառաջանա, թէ արդյոք որևէ բան չի փոխվել իրենց հարաբերություններում, յուրաքանչյուրը, գիտակցելով, պահում է այդ ոճը»:
Արեւ Սահակյան