«Այս խորհրդարանական ընտրություններին ևս իշխանություններն օգտվելու են իրենց իշխանական ռեսուրսներից»,-այսօր «Հայելի» ակումբում հայտարարեց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության վարչության անդամ Արմեն Առաքելյանը:
Նա անդրադարձավ նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը. «ԲՀԿ–ի պահվածքն ինձ համար անհասկանալի է: Նա հինգ տարի օգտվեց իշխանական բոլոր բարիքներից, հիմա չի ուզում որևէ պատասխանատվություն կրել և բեռը գցում է կոալիցիոն մյուս գործընկերների վրա»:
Կոալիցիոն գործընկերներից ՕԵԿ-ի վարած քաղաքականությանն էլ Ա. Առաքելյանը տվեց հետևյալ գնահատականը. «ՕԵԿ–ը հանդես է գալիս ակումբային մակարդակով, այն Հանրապետականի կցորդն է, դուստր ձեռնարկությունը»:
Կարդացեք նաև
Նրա հետ բանավիճող ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Զաքարյանն էլ կոչ արեց ձեռնպահ մնալ այլ կուսակցություններին գնահատականներ տալուց՝ նրանց բացակայությամբ:
Երբ խոսվեց մրցակցությունից՝ «Ազատ դեմոկրատներ»-ի ներկայացուցիչ Արմեն Առաքելյանը չթաքցրեց, որ իրենց հիմնական մրցակիցը ՀՀԿ-ն է: Բայց նաև շեշտեց, որ ՀՀԿ-ն տիրապետում է ընտրակեղծումների լավ մեխանիզմների, անգամ 5 ձայնի ճշտությամբ նրանք գիտեն, թե որ ընտրատեղամասում որքան ձայն են հավաքելու: «Ազատ դեմոկրատները», ըստ Ա. Առաքելյանի, հույսը դրել է 60-70 տոկոս կազմող ընդդիմադիր ընտրազանգվածի վրա, որի համար հարցերը փողով չեն լուծվում:
Խոսելով ընտրակաշառքների երևույթի մասին՝ ՀՀԿ-ական Արտակ Զաքարյանը նշեց, որ Հանրապետականը դրանց դեմ պայքարելու է ոչ թե պատիժներով, այլ բանական խոսքով:
ՀՀԿ-ական Արտակ Զաքարյանի տպավորությամբ՝ «Ազատ դեմոկրատներ»-«Ժառանգություն» միասնական ցուցակով հանդես գալն աննախադեպ քայլ է: Իսկ ՀՀԿ-ի համամասնական ցուցակը Արմեն Առաքելյանին հիշեցնում է 1990-ականներին ձևավորված «Հանրապետության» ցուցակը:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ