Այսօր Մամուլի ազգային ակումբում ասուլիսի ժամանակ թիվ 7 ընտրատարածքում առաջադրված «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը բանավեճի հրավիրեց իր մրցակցին՝ ՀՀԿ կողմից առաջադրված Սամվել Ալեքսանյանին: «Հաշվի առնելով թիվ 7 ընտրատարածքի վրա կենտրոնացած հասարակական աննախադեպ ուշադրությունը , ուզում եմ՝ 7-րդ ընտրատարածքում հանրապետական թեկնածու Սամվել Ալեքսանյանին հրավիրել հեռուստաբանավեճի… Հեռուստաընկերություններին կոչ եմ անում կազմակերպել նման բանավեճ եւ երաշխավորում եմ, որ դա կլինի իր դիտվածությամբ վերջին շրջանի ամենաբարձր ռեյտինգ ունեցող հաղորդումը»:
Aravot.am-ը Սամվել Ալեքսանյանից հետաքրքրվեց՝ կընդունի՞ Նիկոլ Փաշինյանի առաջարկը: Ի պատասխան՝ Ս. Ալեքսանյանն ասաց, որ այժմ Դուբայում է ու առաջարկի մասին կխոսի երկուշաբթի օրը, երբ վերադառնա Հայաստան:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ