Այսօր «Հենարան» ակումբում «Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում» (ՊԳՖԱ) խմբի անդամները կոչով դիմեցին համամասնական ընտրակարգով առաջադրված քաղաքական ուժերին: Շուրջ մեկ տարի գործող խմբի ակտիվիստները պահանջում են գիտության ֆինանսավորման աճ՝ համախառն ներքին արդյունքի 1 %-ի չափով, որին տարեկան գումարվելու է 0.2 %: Երիտասարդ գիտնականներ Հայկ Իշխանյանը, Արթուր Մովսիսյանը եւ Արամ Ջիվանյանը տեղեկացրին, որ իրենց պահանջը նախընտրական ծրագրում խոստացել են ներառել միայն ՀԱԿ-ը եւ «Ժառանգությունը»:
Արամ Ջիվանյանն ասաց, որ բոլոր կուսակցությունները շահարկում են գիտության անունը, մինչդեռ վերաբերմունքը մնում է անփոփոխ. «Ասում են, թե ռեսուրսները չեն բավարարում, բայց վերաբերմունքը կարելի է արտահայտել օրենսդրական դաշտի փոփոխություններով. Օրինակ՝ անկախ գիտական փորձաքննություն անցկացնելու մասին օրենքի ընդունմամբ, գիտական սարքավորումների մաքսազերծմամբ եւ այլն»: Ա. Մովսիսյանը նկատեց, որ երիտասարդ գիտնականներին ոչինչ չի հրապուրում, որովհետեւ ստանում են ընդամենը 32.500 դրամ աշխատավարձ. «Դրա համար էլ ստիպված են ուրիշ գործ գտնել կամ երկրից հեռանալ: Դոկտորները ստանում են հավաքարարից ցածր աշխատավարձ, ինչն ամոթալի է»:
Հայկ Իշխանյանն ընդգծեց, որ այժմյան գիտնականների միջին տարիքը 58 է. «5 տարի անց մեծ թվով գիտնականներ կանցնեն թոշակի, ինչի արդյունքում կունանանք քանակի 20 % նվազում եւ որակական անկում, քանի որ այդ գիտնականները հիմնականում լաբորատորիաների ղեկավարներ են: Այսպիսով, 5 տարի հետո ցուցանիշը կհավասարվի զրոյի»:
Նշենք, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի որոշմամբ երիտասարդ գիտնականների ֆինանսավորումը պետք է ավելանար 100 միլիոն դրամով: Երիտասարդ ակտիվիստները նախագահի այդ քայլը փոքր ժեստ են համարում. «Խոստացված էր, բայց միամսյակը լրացավ, իսկ ծրագրերը դեռ չեն արվել»,-նշեց Ա. Ջիվանյանը:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ