ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանն այսօր հերթական անգամ փաստեց, որ չի՛ հավատում, թե Հանրապետական կուսակցությունը կփոխվի: Չի հավատացել նաեւ «Առաջ, Հայաստանին», քանի որ այդ «առաջը» չի տեսել: Իսկ թե ինչո՞ւ չի հավատում, պարզապես՝ «Լավ եմ անում»: Այնուամենայնիվ փակագծերը բացեց. «Աստվածաշնչում կա՝ նույնիսկ առաքյալներից մեկը, երբ Քրիստոսը հարություն առավ, ասաց՝ մի հատ ձեռք տամ նոր… Հավատը ավելի շատ բարոյական դաշտից է, իհարկե, հավատալ պետք է: Ես անձամբ հավատում եմ աստծուն, ոչ թե քաղաքական գործիչներին, եթե տեսնեմ, որ նրանք էլ են հավատում Աստծուն, մենք կկարողանանք հավատալ իրար»:
Պարոն Հովհաննիսյանն ընդհանրապես անհավատորեն էր տրամադրված, որովհետեւ լրագրողների նկատառմանն ի պատասխան, որ որոշ քաղաքական ուժեր հույսը դրել են Ռուսաստանի կամ Եվրոպայի վրա, նկատեց.«Հանկարծ հասկացանք, որ ոչ միայն Մոսկվան արցունքներին չի հավատում, այլեւ՝ Բրյուսելը: Մարդիկ կան, որ հույսը դրել են ներիշխանական հակադրությունների վրա, այն որ լուրջ հակադրություն կա կոալիցիայի ներսում՝ Հանրապետական-Բարգավաճ, իսկ ես եւ մենք մեր հույսը դնում ենք նրա վրա, որ մեր ժողովուրդը վերջապես կհոգնի թե արտասահմանյան ճնշումներից, թե ներիշխանական գզվռտումներից, եւ իր ճակատագիրը վերջապես կվերցնի իր ձեռքը»:
Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ