Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞վ է «Մամա Ռոզան» ասելով՝ կին «հեղինակությունները» ծեծել են, մեքենայի տակ գցել

Մարտ 26,2012 13:07

Արխիվային լուսանկար

ՀՀ քրեական գործերով վերաքննիչ դատարանը Գագիկ Ավետիսյանի, Եվա Դարբինյանի եւ Սերգեյ Չիչոյանի մասնակցությամբ՝ անցյալ շաբաթ ավարտեց Ելենա Սողոմոնյանի, Լիլիա Խաչատուրովայի եւ Աննա Ղազարյանի վերաբերյալ Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի անցյալ տարվա նոյեմբերի 22-ի դատավճռի դեմ քաղաքի դատախազության ավագ դատախազ Արմեն Երիցյանի, ամբաստանյալների պաշտպաններ Գ.Մարգարյանի, Կ.Մանուչարյանի, Մ. Թովմասյանի վերաքննիչ բողոքների քննությունը:

Նշյալ դատավճռով Ե.Սողոմոնյանը դատապարտվել էր 7, Լիլիա Խաչատուրովան՝ 5, 5, իսկ՝ Աննա Ղազարյանը 5 տարվա ազատազրկման:

Առաջին երկուսը կալանավորված են, իսկ Ա. Ղազարյանի նկլատմամբ ընտրված ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը թողնվել է անփոփոխ մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը։

Ելենա Սողոմոնյանը տուժող Նաիրա Թարվերդյանի կողմից իրեն «Մամա Ռոզա» անվանելու հարցի շուրջ պարզաբանումներ կատարելու նպատակով ընկերուհի, մարմնավաճառներ` «Պուշոկ» մականունով Աննա Ղազարյանի, «Մաշա» մականունով Նունե Ամիրխանյանի, «Կարիճ» մականունով Լիլիյա Խաչատուրովայի հետ` վերջինիս վարած «Պորշե Կայեն տուրբո-4.5» մակնիշի 46 SL 444 պ/հ ավտոմեքենայով գնացել են Ն. Թարվերդյանի տան մոտ: Նախնական պայմանավորվածության համաձայն Լ.Խաչատուրովան հեռախոսազանգով դուրս է հրավիրել Ն.Թարվերդյանին։ Ըստ գործի նյութերի, տուժողը նստել է մեքենայի մեջ և ուղևորվել են դեպի Խորենացի փողոց, որտեղ գտնվող «Ֆլեշ» բենզալցակայանի և ՀՀ ոստիկանության Էրեբունու բաժնի միջև գտնվող հատվածում Լ.Խաչատուրովան կայանել է մեքենան։

Ավտոմեքենայում Ն.Ամիրխանյանը հաստատել է Ն.Թարվերդյանի կողմից խնջույքի ընթացքում Ել.Սողոմոնյանին «Շեֆ», այսինքն՝ «Մամա Ռոզա» անվանելու հանգամանքը, որից հետո Ել.Սողոմոնյանը կոպիտ արտահայտություններ անելով Ն.Թարվերդյանի հասցեին` իր ձեռքի «Կիլիկիա» գարեջուրը լցրել է վերջինիս վրա և նույն ապակյա գարեջրի շշով 2 անգամ դիտավորությամբ հարվածել Ն.Թարվերդյանի գլխի ձախ քունքային մասին։ Չբավարարվելով այդքանով՝ Լ.Խաչատուրովան և Ել.Սողոմոնյանը, իրենց հետ նախապես բերված, մեքենայի մեջ պահված փայտե մահակներով հարվածել են Ն.Թարվերդյանին։

Ն.Թարվերդյանին հարվածներ հասցնելու ընթացքում Ա.Ղազարյանը թիկունքից գրկելով պահել է Ն.Թարվերդյանի ձեռքերը` վերջինիս զրկելով պաշտպանվելու հնարավորությունից։ Ըստ մեղադրանքի կողմի, Ել.Սողոմոնյանը Ն.Թարվերդյանին իջեցրել է մեքենայից և տանելով մեքենայի հետնամաս, հարվածներ հասցնելով նրա գլխին և մարմնին Վերջինիս միացել է նաև Լ.Խաչատուրովան, ով նույնպես մահակով հարվածներ է հասցրել Ն.Թարվերդյանի գլխին: Ն.Թարվերդյանի առողջությանը պատճառվել է կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս` ձախ գագաթաքունքային շրջանի սալջարդ վերքի, ձախ ճակատաքունքային, ձախ ակնակապիճի շրջանների քերծվածքների, ձախից` քունքոսկրի, գանգի հիմի անցումով` կոտրվածքի, գանգուղեղային վնասվածքի, գլխուղեղի սալջարդի, սուբարախնոիդալ արյունազեղման ձևով։ Կին «հեղինակությունները» Ն.Թարվերդյանին տեղափոխել են ավտոմեքենա և Սասունցի Դավիթ-Ազատամարտիկներ փողոցների խաչմերուկի մոտ Ա.Ղազարյանը հրելով դուրս է գցել դանդաղ ընթացքի մեջ գտնվող մեքենայից։ Մոտ 200 մետր հեռանալուց հետո Լ.Խաչատուրովան ավտոմեքենայով շրջադարձ է կատարել և վերադառնալով Ն.Թարվերդյանի ընկած վայրը, Ել.Սողոմոնյանի դրդմամբ, կրկին Ն.Թարվերդյանին մարմնական վնասվածք պատճառելու դիտավորությամբ, ավտոմեքենայի դիմացի անվադողով հարվածել է գետնին ընկած Ն.Թարվերդյանի աջ ոտքին ու հեռացել։ Նշված արարքի արդյունքում Ն.Թարվերդյանի առողջությանը պատճառվել է աջ սրունքի ոսկրերի բաց, բազմաբեկորային կոտրվածքների ձևով ծանր վնաս:

Երևանի դատախազության ավագ դատախազ Ա.Երիցյանն իր վերաքննիչ բողոքում նշել է, որ առաջին ատյանի դատարանի դատավճիռը ենթակա է բեկանման, քանի որ դատարանը խախտելով ՀՀ քրեական օրենսգրքի 10-րդ, 48-րդ, 61-րդ հոդվածների պահանջները` Ելենա Սողոմոնյանի և Լիլիա Խաչատուրովայի նկատմամբ նշանակվել է անարդարացի` ակնհայտ մեղմ պատիժ, իսկ Աննա Արթուրի Ղազարյանի նկատմամբ` անարդարացի` ակնհայտ խիստ պատիժ: Նույն դատավճռով դատարանը Ա.Ղազարյանի նկատմամբ` որը մեղադրվում է մեկ հոդվածով` ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով, այն է` տուժողի դիմադրությունը կոտրելու համար գրկելով բռնել է նրա թևերը, նշանակել է ազատազրկում 5 տարի ժամկետով, որով սահմանել է ակնհայտ խիստ պատիժ:

Վերքննիչ դատարանը վերաքննիչ բողոքները մերժեց` դատավճիռը թողնելով օրինական ուժի մեջ:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031