2006-ի սեպտեմբերի 20-ին ՍԻՄ նախագահի պաշտոնից հրաժարական տվեց կուսակցության նախագահ Հրանտ Խաչատրյանը: Այնուհետեւ տեղի ունեցավ կուսակցության 17-րդ համագումարը: Այդ ժամանակ էլ Հրանտ Խաչատրյանի եւ Հայկ Բաբուխանյանի միջեւ լարված հակասությունները ՍԻՄ-ականները փորձեցին լուծել` Հրանտ Խաչատրյանին` պատվավոր նախագահ, իսկ Հայկ Բաբուխանյանին` փոխնախագահ (դե ֆակտո` նախագահ) ընտրելով: Ավելի ուշ Հրանտ Խաչատրյանը, տեսնելով, որ ինքը երբեմնի հարազատ կուսակցությունում չունի հենարան, հայտարարեց, որ հեռանում է քաղաքականությունից ընդհանրապես:
Այս խմորն, ինչպես ասում են, շատ ջուր վերցրեց: 2008-ի մայիսին Հրանտ Խաչատրյանը գրում էր. «2008-ի սկզբին ՍԻՄ–ը պատրաստ էր նախագահական ընտրություններին, սակայն, մոտենում էր խարդախների ու կեղծարարների աստեղային ժամը»: Ի դեպ, 2008-ի նախագահական ընտրություններում Հրանտ Խաչատրյանն իր ղեկավարած ՍԻՄ-ով սատարում էր նախագահի թեկնածու Վազգեն Մանուկյանին: Այդ ընտրություններից հետո նա քաղաքական գործընթացներին չի մասնակցել: Գերադասում է գիտությամբ զբաղվել:
«Հրանտ Խաչատրյանը ունի նաեւ անձնական խնդիրներ, որոնց կապակցությամբ հանդիպել է Սերժ Սարգսյանի հետ: Եկել է ինձ մոտ, առաջարկելով մեղմացնել Սերժ Սարգսյանի եւ Անդրանիկ Մարգարյանի հանդեպ թերթում տարվող քաղաքականությունը: Իր կողմնակիցները պահանջում էին, որ մենք ավելի քիչ ներկայացնեինք ընդդիմության ներկայացուցիչներին, մասնավորապես Արթուր Բաղդասարյանին եւ ՕԵԿ–ի գործը, Արտաշես Գեղամյանի ելույթները: Այսինքն` ընդդիմության առաջատար մի շարք գործիչների փորձում էին «Իրավունքի» էջերից դուրս մղել: Ես եւ Հ. Գալաջյանը մշտապես այն կարծիքին էինք, որ կուսակցությունն ընդդիմադիր է եւ չի կարող գնալ գործարքների: Բայց հետագայում պարզվեց, որը եւ մամուլում հնչեց, որ հանդիպումները տեղի էին ունենում նաեւ այլ առիթներով»,- 2007-ի փետրվարի 9-ի համարում Հայկ Բաբուխանյանի խոսքն է ներկայացնում «Իրավունք» թերթը: Թերթի այդ օրվա համարում Բաբուխանյանի ասուլիսի ամբողջական սղագրությունն է:
Այժմ Հայկ Բաբուխանյանը ՀՀԿ համամասնական ցուցակի 19-րդ տեղում է՝ թեեւ ցուցակի 2-րդ համարն այն մարդն է, որին մեղադրում էր Արտաշատում իրեն դանակահարելը կազմակերպելու մեջ:
Կարդացեք նաև
Aravot.am-ի հարցին` ինչպե՞ս կմեկնաբանի այս իրողությունը` Հրանտ Խաչատրյանն ասաց, որ աշխատում է անտարբեր լինել այդ թեմային ու բազմանշանակ արտաբերեց. «Պատմությունն իմ սեփականությունը չէ»:
Հարցին ի պատասխան` ժամանակին Հրանտ Խաչատրյանին մեղադրում էիք Սերժ Սարգսյանի հետ գործարքի մեջ մտնելու մեջ, հիմա Դուք ՀՀԿ ցուցակում եք, ինչպե՞ս կմեկնաբանեք, Հայկ Բաբուխանյանը հեռախոսազրույցում ասաց. «Դուք ինչ–որ բան սխալվում եք, երեւի, ինչ–որ բան սխալ եք նայել»: Aravot.am-ի ճշտող հարցին` Դուք Հրանտ Խաչատրյանին չե՞ք մեղադրել Սերժ Սարգսյանի հետ գործարքի գնալու մեջ, ասաց. «Ոչ: Այս պահի դրությամբ դուք ինչ–որ բան խառնել եք: Եթե բերեք որեւէ ապացույց` այդ ժամանակ կխոսենք»: Իսկ ինչո՞ւմ էիք մեղադրում` հարցի պատասխանը եղավ. «Ինչում որ մեղադրում կամ չէինք մեղադրում, դրանք ներկուսակցական հարցեր են: Դուք ՍԻՄ կուսակցության պատմությա՞մբ եք զբաղվում: Ինչ–որ ասում եք` եղել է վեց տարի առաջ, ներկուսակցական խնդիրներ, որը կուսակցությունը լուծել է: Դա արդեն պատմաբանների ուսումնասիրության հարց է»:
Իսկ իր ներկայությունը ՀՀԿ ցուցակում, պարոն Բաբուխանյանը խոստացավ մեկնաբանել կուսակցության գրասենյակում հանդիպման ժամանակ:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ