ՀՀ վարչապետ պրն. Տ. Սարգսյանին
ՀՀ բնապահպանության նախարար պրն. Ա. Հարությունյանին
Երևանի քաղաքապետ պրն. Տ. Մարգարյանին
ԲԱՑ ՆԱՄԱԿ
Արդեն մի քանի տարի անհանգստացած հետևում ենք Ծիծեռնակաբերդի անտառային հատվածի անապատացմանը, ինչին, ցավոք, շարունակում է նպաստել ոչ միայն պատկան մարմինների անտարբերությունը, այլև կանաչ տարածքը սիստեմատիկաբար ոչնչացնող որոշ հանցագործների գործողություններին աչք փակելը:
Կարդացեք նաև
Հիմնվելով քսան ականատեսների` Ծիծեռանակաբերդի այգու մշտական հաճախորդների, մարզիկների և ականատեսների պատմածի վրա՝ հարկ ենք համարում փոխանցել հետևյալ մանրակրկիտ ժամանակագրությունը՝ կապված հիշյալ տարածքում ծառերի սիստեմատիկ սպանդի հետ: Ձեր ուշադրության ներկայացնելով այս առնչությամբ Երևան քաղաքի մի խումբ բնակիչների խնդրանքը` նրանց հետ հավասար ակնկալում ենք Ձեր կողմից անհապաղ և ակնհայտ քայլեր՝ իրավիճակի շտկման ուղղությամբ: (Առդիր` 2 էջ և 19 նկար)
1. 1999 թվականի ձմռանը ոստիականական համազգեստով մարդիկ, կանաչ «Ժիգուլի» մակնիշի մեքենայով `Ծիծեռանակաբերդի վազքուղու հարող տարածքում սկսել են ծառերը կտրատել: Մարզվողները մոտեցել են և խնդրել են ծառերը չկտրել (այդ տարածքում հաստաբուն խիտ ծառեր են եղել, նկարիչները այդ տարածքում են ստեղծագործել) ոստիկանները պատասխանել են, որ իրենց հանձնարարել են ծառերը կտրել և տանել ոստիկանատուն` տաքացնելու համար: Մի այլ անգամ ասել են, որ տանում են զոհված ազատամարտիկների ընտանիքներին:
2. Գարնանը ծառերը աճել են: Ամռանը չեն ջրել և հուլիսի 5-ին, այրել են:
3. Մնացած ծառերը նորից ձմռանը կտրատել են:
4. Ըստ ականատեսների, պատերազմի տարիներին, երբ մարդիկ սառչում էին, այդտեղից ոչ մի ծառ չեն կտրել: Երևանի քաղաքապետի պաշտոնը Վանո Սիրադեղյանի կողմից ստանձնելու ժամանակահատվածում, անցկացվել է ինքնահոս ոռոգման համակարգը: Վ. Սիրադեղյանը ամիսը մի քանի անգամ անձամբ շրջել է անտառում ու հետևել, որ ծառերը չվնասվեն: Փողոցում ծառի ճյուղ կտրելու դեպքում վարչական տուգանք է նշանակվել:
5. Երևութը կրկնվել է յուրաքանչյուր տարի: Հրդեհների ժամանակ այրել են նաև այլ տարածքներ, որպիսզի միտումնավորությունը չերևա:
6. Մարդկանց բողոքի արդյունքում մի խումբ հնագետներ, երկրաբաններ և պատմաբաներ այցելել են տարածք: Զարմացել են, որ պետության կողմից պահպանվող, հուշարձան համարվող տարածքը ինչ-որ մարդիկ ավերում են:
7. Պարզվել է, որ Երևանի քաղաքապետարանը այդ տարածքները հատկացրել է տներ կառուցելու համար: Մասնագետների ջանքերով որոշումը չեղյալ է համարվել: Բայց երևույթը շարունակվել է:
8. Արտասահմանցի մի բարերար, ամբողջ Ծիծեռակաբերդի տարածքի ոռոգման համար ջրատար է անցկացրել: Սակայն տարածքը հրկիզելու հերթական փորձի ժամանակ, պարզվել է, որ խողովակներում ջուր չկա:
9. Մարդիկ նշում են, որ տարածքն այրվել է միշտ հուլիսի 5-ին, այդ օրը ՀՀ Սահմանադրության ընդունման օրն է: Մի անգամ վազողները հուլիսի 4-ին տեսել են, թե ինչպես սև գույնի «Ջիպ» մակնիշի մեքենան կանգնել է այդ տարածք տանող ճանապահի արգելափակոցի մոտ, պաշտոնական կեցվածքով երկու հոգի դուրս են եկել մեքենայից, տարածքը մանրակրկիտ ուսումնասիրել ու հեռացել, իսկ հուլիսի 5-ին տարածքը այրվել է: Հուլիսի 7-8-ին այլ տարածքներ էլ են այրվել:
10. Համատարած սկսել են այդ տարածքի խողովակները կտրել և տանել: Մարդիկ ահազանգել են ոստիկանություն, սակայն ոստիկաներն ասել են, թե դրանք լավ խողովակներ չեն, և տանում են, որպեսզի հետո նոր խողովակներ անցկացնեն: Մարդիկ հանգստացել են:
11. Փոխարենը անցկացրել են ավելի բարակ, անորակ խողովակներ, այն էլ՝ ոչ ճիշտ ձևով:
Սկսվել է չորացած ծառերի կտրման աշխատանքները: Միայն 2009-ը և 2010 թվականներին չեն այրել: Ծառերերը բավականին աճել են, կարծես անտառը վերականգնվել է:
12. Այդ տարածքում պեղումներ են կատարվել «Ցեղասպանության» թանգարանի տնօրենի ղեկավարությամբ և պեղումների վայրում հայտնաբերվել են խեցեղենի կտորներ: Տարածքը այրելուց հետո պեղված փոսերը լցրել են քարերով:
13. 2011 թվականին այդ տարածքը համառորեն չի ջրվել: Գնացել խնդրել են, որ ջրեն, նրանց պատասխանել են, որ սխալ ոռոգման համակարգ են անցկացրել հնարավոր չէ ջրել, չնայած կամրջի մոտ հաստ խողովակի վրա անցքեր էին արվել, և ջուրն անիմաստ հոսել է, իսկ վերևներում ծառերը չորացել են:
14. 2011 թվականի հուլիսի 5-ին տարածքը նորից հրկիզվել է, ըստ պատմողների` մի խումբ մարդիկ երկար ժամանակ այդ տարածքում են եղել և օրվա 2-րդ կեսին այդ տարածքը և մի քանի այլ տարածքներ միանգամից հրդեհվել են: 2011 թվականի հուլիսի 6-ին Երևան ժամանած արտասահմանցի հյուրեր ցանկացել են տեսնել Ծիծեռնակաբերդ համարվող հին բերդի ավերակները և տեսնելով այրված տարածքը՝ զարմացած արտաբերել հետևյալ բառերը. «Ի՞նչ է, հայերը կանաչ տարածքներ չե՞ն սիրում: Հետամնաց երկիր է: Իշխանությունները, ինչպե՞ս կարող են թույլ տալ, որ իրենց երկրում ցեղասպանություն իրականացվի, վերացնելով կանաչ տարածքները և ավիրելով հուշարձաները: Այս երկիրը զարգացող երկիր չէ, մենք այլևս այստեղ չենք գա»:
15. Դեպի այդ տարածք տանող ճանապարհների ուղեփակոցները ջարդել են և մեքենաները ազատ ելումուտ են անում: Մինչև 1999 թ. մեքենաների մուտքը չի թույլատրվել, որովհետև ամբողջ տարածքը պետության կողմից պահպանվող հուշարձան է եղել:
16. «Ցեղասպանության» թանգարանի տնօրենի տեղակալը պատճառաբանել է, որ ընդամենը 10 աշխատող ունեն, նրանք էլ միայն կենտրոնական մասն են սպասարկում հնարավորություն չունեն ամբողջ տարածքը վերահսկելու:
17. Այնուհետև տարածքում սկսել են հայտնվել անծանոթ մարդիկ:
18. 2012 թվականին այրված ծառերի բները նորից այրել են, որպեսզի դրանք կորցնեն կենսունակությունը և գարնանը չծաղկեն: Սկսել են մնացած ամուր և որակով խողովակները համատարած կտրել և տանել:
19. 2012 թվականի հունվարի 27-ին մի քանի փրկված ծառեր կտրատել են և մաս-մաս կապույտ գույնի «ժիգուլի» ավտոմեքենայով տեղափոխել: Մի քանի օր առաջ տեսել են կապույտ գույնի «Երազ» մակնիշի ավտոմեքենա, երկուսն էլ ասել են, որ չորացած ծառերը կտրում և տանում են երեխաներին տաքացնելու համար, բայց իրականում կտրել են կենդանի ծառերը, ինչը ակնհայտ ցույց է տրվում է լուսանկարներում:
20. Հաշվի առնելով, որ Ծիծեռնակաբերդը Երևանի թոքերն են, ինչպես նաև այն փաստը, որ կանաչ գոտու նկատմամբ իրականացվող անմարդկային արարաքները ոչ մի կերպ չեն կանխվում` Ծիծեռնակաբերդում մարզվողները զայրացած որոշել են գնալ տնետուն և կոչ անել, որ ժողովուրդն իշխող կուսակցություններից ոչ մեկին ձայն չտա, եթե կտրված խողովակները նորից չմոնտաժվեն և շոշափելի քայլեր չձեռնարկվեն հատված անտառի վերականգնման ուղղությամբ:
Սառա Ամատունի, «Մեր քաղաքը» հանրային քաղաքացիական նախաձեռնություն