Լրահոս
Օրվա լրահոսը

Գարնան անձրեւները «կջրեն» ճանապարհի ժամանակին վերականգնումը

Մարտ 26,2012 11:44

Շուրջ 1 շաբաթ է, ինչ «Ճանապարհաշինարար» ՍՊԸ-ն սկսել է Այրումի սողանքից փլուզված միջպետական ճանապարհահատվածի վերականգնումը: Այս աշխատանքների համար պետբյուջեից պետք է հատկացվի 550 միլիոն դրամ: Մեր տեղեկություններով` հիշյալ ընկերության հետ աշխատանքային պայմանագիր դեռ չի կնքվել:

Համացանցում որոնեցինք «Ճանապարհաշինարար» ընկերության գործունեության վերաբերյալ տվյալներ, սակայն որեւ բան չգտանք: Մեր տեղեկություններով` այս ընկերության ղեկավարը Լինսի հիմնադրամի ճանապարհաշինական ծրագրերի իրականացման գրասենյակի տնօրեն Էդուարդ Բեզոյանն է: Պարոն Բեզոյանի վերահսկողությամբ 7-8 տարի առաջ կառուցված Ոսկեպար-Կիրանց շրջանցիկ եւ Նոյեմբերյան-Ջուջեւան ճանապարհներն այժմ կիսաքանդ,անմխիթար վիճակում են: Ի՞նչ երաշխիք կա, որ նրա հիմնարկությունը Այրումի սողանքից քանդված ճանապարհահատվածի վերանորոգումը բավարար որակով է կատարելու:

Հիմա սողանքի գոտում աշխատանքները եռում են, սողանքի գոտուց հողի եւ քարի զանգվածները տեղափոխվում են Այրումի «Խեչի ձոր» տեղանք: Սողանքի գոտում մշտապես փոշու մեծ ամպեր են: Աշխատանքների իրականացման համար մի քանի միավոր շինարարական տեխնիկա է տրամադրել Նոյեմբերյանի «Լեւոն երկրորդ» ճանապահաշինական ՍՊԸ-ն:

Նախատեսվում է, որ մայիս ամսին պետք է ավարտվի ճանապարհի` սողանքից վնասված հատվածի վերականգնումը: Սակայն Նոյեմբերյանի տարածաշրջանում ապրիլ-մայիսը անձրեւների սեզոն է: Հորդ անձեւներից մածուցիկ դարձող կավային զանգվածը շատ դժվար կլինի տեղափոխել:

2011թ. դեկտեմբերին, ձմռան ցրտին պետբյուջեի ֆինանսավորմամբ Իջեւանում, Կողբում, Նոյեմբերյանում համայնքային նշանակության ճանապարհներ էին ասֆալտապատում, իսկ միջպետական ճանապարհի սողանքից քանդված հատվածում մեծ լռություն էր:

Հայաստան բեռներ ներկրող խոշոր բեռնատարների վրացի վարորդներն իրենց հայ գործընկերներին ասել են, որ 2 տարի առաջ Սուրամի լեռնանցքում Այրումի սողանքի նման ճանապարհի փլուզում էր եղել: Վրաց կառավարությունը դրա հետեւանքները վերացրել է մի քանի օրում, իսկ այստեղ կես տարի է` միջպետական ճանապարհը փակ է: Սողանքից քանդված հատվածում վթարվելէ Դեբեդի հովտի 8 համայնքների ավելի քան 1000 հա տարածք ինքնահոս ոռոգող ջրագիծը:

Պտղավանի գյուղապետ Ռաֆիկ Օհանյանը Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանին եւ վարչապետ Տիգրան Սարգսյանին խնդրել էր մինչեւ ոռոգման սեզոնի սկսվելը վերականգնել ջրագիծը: Իսկ ոռոգման սեզոնը Դեբեդի հովտում սկսվում է ապրիլին:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031