Մարտի 24-ին՝ շաբաթ օրը Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վոլոդյա Գրիգորյանն արտագնա նիստ էր նշանակել արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում:
Ինչպես տեղեկացրել ենք, վճռաբեկ դատարանը բեկանել էր ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի դատապարտյալ Արսեն Արծրունու ներկայացուցիչ Նարինե Ռշտունու վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին անցյալ տարվա օգոստոսի 31-ի որոշումը՝ բողոքը թողնել առանց քննության` ժամկետանց լինելու պատճառով: Գործն ուղարկվել էր ընդհանուր իրավասության դատարան:
Հիշեցնենք, որ 2006թ օգոստոսի 8-ին Երևանի Էրեբունի և Նուբարաշեն համայնքի առաջին ատյանի դատարանը քննության առնելով ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գ. Ջհանգիրյանի միջնորդությունը դատապարտյալ Արսեն Արծրունու վերաբերյալ ՀՀ քր. օր-ի 72 հոդվածով, 17-100 հոդվածով և 17-99 հոդվածի 8-րդ կետով ՀՀ Գերագույն դատարանի քրեական գործերի դատական կոլեգիայի 10.12.1996թ թիվ 10 դատավճիռը վերանայելու և այն 2003թ ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքին համապատասխանեցնելու մասին՝ որոշել էր միջնորդությունը բավարարել:
Կարդացեք նաև
Ըստ դատարանի որոշման, 1961 թ քրեական օրենսգրքի 72 հոդվածը, 17-100 հոդվածը և 17-99 հոդվածի 8-րդ կետը համապատասխանում են 2003թ ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 222 հոդվածի առաջին մասին, 38 – 104 հոդվածի 1-ին մասին, 104 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 15-րդ կետերին: Ինչը նշանակում էր, որ 17 – 99 հոդվածի 8-րդ կետը համապատասխանում է 104 հ. 2-րդ մասի 1-ին և 15-րդ կետերին, այն դեպքում, երբ ակնհայտ է, որ Արսեն Արծրունին ՀՀ Գերագույն դատարանի քրեական գործերով դատական կոլեգիայի 10.12.1996թ թիվ 10 դատավճռով մեղավոր չի ճանաչվել 2 կամ ավելի անձանց սպանության համար, քանի որ տվյալ դեպքում նա կդատապարտվեր 1961 թ քրեական օրենսգրքի 99 հոդվածի 4-րդ կետով:
Արսեն Արծրունին բերվեց «նիստերի դահլիճի» ճաղավանդակ: Այս ճաղավանդակներն հանվել են հանրապետության բոլոր դատարաններից, եւ սա բացառություն է: Նիստին այդպես էլ չներկայացավ դատախազ Ալիկ Մուրադյանը, որի գտնվելու վայրը դատարանին հայտնի չէր:Այդ իսկ պատճառով դատական նիստը հետաձգվեց:
Լիբանանից որդու դատավարությանն էր ներկայացել հայտնի արձակագիր Արա Արծրունին:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ