Արդեն 5 տարի է՝ Գյումրի լրագրողների «Ասպարեզ» ակումբն ամեն տարվա մարտի 25-ը նշում է որպես խոսքի ազատության օր: Երեկ ևս Գյումրիում նշում էին վերոհիշյալ տոնը:
Ինչպես Գյումրիից Aravot.am-ին հայտնել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տոնի առթիվ տեղի է ունեցել պարգևատրում:
Պարգևատրման կազմակերպչական խումբը, ուսումնասիրելով 11 հոգուց և կազմակերպություններից ստացված ավելի քան 23 առաջարկներ, կազմակերպված միջոցառման ընթացքում պարգևատրեց այն անձանց, ովքեր նշանակալի ներդրում են ունեցել խոսքի ազատության ապահովման և կայացման գործում:
Առաջինը պարգևատրվեց գյումրեցի լրագրավաճառ, ազատամարտիկ Արա Հայրիկյանին, որն անցած 15 տարում միայնակ մոտ քառորդ միլիոն օրինակ, 25 անուն լրագիր է վաճառել, հիմնականում՝ հեծանիվով:
Պարգևատրվեց հասարակական ակտիվ գործունեություն ծավալած Լալա Ասլիկյանը, որը «Բանակն իրականում» և բնապահպանական մի շարք խմբերում բանակային սպանությունների և շրջակա միջավայրի ոչնչացման դեմ լավագույնս է օգտվել արտահայտման ազատության հնարավորություններից՝ հետևողականորեն իր բողոքի ձայնը բարձրացնելով պիկետներում, բողոքի երթերում և ցույցերում:
Այնուհետև պարգևատրվեց Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռուբեն Ափինյանը, որը, գործելով օրենքի շրջանակներում, բարեխղճությամբ վարելով զրպարտության և վիրավորանքի հարցերով՝ «Իրավունք» ու «Երկիր» թերթերի դեմ գործերի դատաքննությունները, դրսևորել է մասնագիտական բարձր որակներ և առաջին անգամ մամուլի դեմ ներկայացված այսօրինակ գործերով մերժել է հայցերից առաջինը ու հիմնականում մերժել է երկրորդը՝ փաստորեն առաջին անգամ կիրառելով բոլոր այն չափանիշները, որոնք հետագայում արտացոլվեցին ՀՀ սահմանադրական դատարանի որոշման մեջ:
Պարգևատրվեց նաև լրագրող և հրապարակախոս Վահան Իշխանյանը, ով 2004-2012 թթ իր ուսումնասիրություններով և հրապարակումների շարքերով բացահայտել ու հանրությանն է ներկայացրել Աբխազիայում և Թուրքիայի հյուսիսարևելյան շրջաններում բնակվող համշենահայության մշակութային շերտերը:
Վերջում պարգևատրվեց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն, որի մրցանակը տրվեց կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանին: Այս կոմիտեն իր գործունեության 9 տարիների ընթացքում հետևողականորեն պաշտպանել է խոսքի ազատությունը, լրագրողների և ԶԼՄ-ների իրավունքները:
Միջոցառմանը ներկա էին «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը, «Շիրակ» ֆուտբոլային ակումբի նախագահ, «Մեդիա Սթայլ» ընկերության (Tert.am, Armsport.am կայքեր) հիմնադիր Արման Սահակյանը, «Լրագիր» էլեկտրոնային լրատվամիջոցի գլխավոր խմբագիր Հայկազ Ղահրիյանը, ինչպես նաև բազմաթիվ լրագրողներ, փորձագետներ ու վերլուծաբաններ:
Լուսանկարները՝ Գագիկ ՇԱՄՇՅԱՆԻ