Կոնստանտին Սարաջեւի անվան երաժշտական դպրոցը հանրապետութունում արվեստի լավագույն կրթօջախներից է, որտեղ իրենց նախնական երաժշտական կրթությունն են ստացել շատ հայտնի երաժիշտներ:
Շաբաթ օրը արդեն ավանդույթ դարձած յուրօրինակ միջոցառում էր Սարաջեւի անվան դպրոցում` համերգով հանդես էին գալիս դպրոցի ուսուցիչները: Այս անգամ ուսուցիչներն էին հաշվետու լինում իրենց սաների առջեւ: Նրանց գերակշիռ մասը «քննությունը» փայլուն հանձնեց: Հնչեցին Կոմիտասի, Ղազարոս Սարյանի, Աստոր Պյացոլայի, Գլինկայի, Բիզեի եւ այլոց գործերը: Իսկ համերգի եզրափակիչ մասում, երբ հանդես եկավ երաժշտական դպրոցի «բենդը», ինչպես նշեց համերգավարը` «անկրկնելի եւ անփոխարինելի» կոնցերտմեյստեր Թամարա Պողոսովայի նվագակցությամբ, ծափահարություններին միացան բռավոներն ու բիսերը: