ՀՀ դատարանների խորհրդի նախագահ Ա. Մկրտումյանին
ՀՀ գլխավոր դատախազ Ա. Հովսեփյանին
Զանգվածային լրատվամիջոցներին
Հայաստանի սամբոյի ֆեդերացիան` շուրջ մեկ տարի ուշադրությամբ հետևելով ոստիկանության գեներալ-մայոր, ՀՀ քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ Հովհաննես Թամամյանի գործով դատավարությանը, 2012թ. մարտի 23-ին` Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի հրապարակած դատավճիռը` ազատազրկում 4 տարի ժամկետով, համարում է անսպասելի և չափազանց խիստ:
Բանն այն է, որ Հովհաննես Թամամյանը Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի անդամ է, գլխավորում է Ձեռնամարտի և ինքնապաշտպանության հանձնաժողովը, սամբոյի ԽՍՀՄ միջազգային կարգի սպորտի վարպետ, ձյուդոյի ԽՍՀՄ սպորտի վարպետ, Հայաստանի, ԽՍՀՄ ՆԳՆ, «Դինամո» ԿԽ բազմակի չեմպիոն և համամիութենական ու միջազգային մրցաշարերի հաղթող է:
Հանդիսանալով Հայաստանի սամբոյի հավաքականի անդամ, նա միշտ էլ առանձնացել է որպես պարտաճանաչ, կազմակերպված, համեստ և կամային բարձր հատկանիշներ ունեցող մարզիկ:
Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի երաշխավորությամբ Հովհաննես Թամամյանն ընդունվել է Վիլնյուսի ՆԳՆ բարձրագույն դպրոց, ավարտելուց հետո` աշխատել Լիտվայի ՆԳՆ-ում, շարունակելով մարզվել` հանդես եկել Հայաստանի սամբոյի և ձյուդոյի հավաքականներում: Վերադառնալով Հայաստան, ՆԳՆ համակարգում զբաղեցրել է պատասխանատու պաշտոններ և օրինակելի ծառայության ու վաստակի համար արժանացել ոստիկանության գեներալ-մայորի կոչման:
Որպես Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի անդամ, Հ. Թամամյանը մշտապես օգնել է հավաքականի մարզիկներին և մարզիչներին, ցուցաբերել նյութական և բարոյական աջակցություն:
Արցախյան ազգային-ազատագրական շարժման և պատերազմի տարիներին նույնպես Հովհաննես Թամամյանը օգնել, օժանդակել է ինքնապաշտպանության ջոկատներին, վիրավոր մարտիկներին ու զոհվածների ընտանիքներին:
Իր նվիրվածությամբ, հայրենասիրությամբ, մարդկային և մասնագիտական բարձր հատկանիշներով, Հովհաննես Թամամյանը հանդիսանում է հայկական սամբոյի բոլոր ժամանակների լավագույն ներկայացուցիչներից մեկը:
Հայաստանի սամբոյի ֆեդերացիան` դիմելով իրավասու մարմիններին, խնդրում է, հնարավորության դեպքում վերանայել նրա պատժաչափը, համարելով, որ պետք չէ մոռանալ մարդու արժանիքները, արժեզրկել` տասնամյակների վաստակը:
Ցանկացած մահկանացու սխալվելու իրավունք ունի, մեզանից ոչ ոք երաշխավորված չէ դրանից: Մեր պարտքն է ըմբռնել` տարիներով ազնիվ աշխատած և ծառայած, հանցավորության դեմ պայքարած մարդու սխալը: Նման խիստ դատավճռի նա արժանի չէ:
Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ
ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ
ՀՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր աշխատող
ՀՀ ԶՈՒ պահեստի գնդապետ
Լևոն Հայրապետյան