ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանող Գևորգը դպրոցն ավարտելուց հետո որոշել էր ուսումը շարունակել ԵՊՀ-ի իրավագիտական ֆակուլտետում, բայց հենց այդ տարի հանվեցին այդ ֆակուլտետի համար նախատեսված անվճար տեղերը: Գևորգը, ով հույս ուներ սովորել պետպատվերով, ստիպված եղավ հայտ լրացնել այլ ֆակուլտետի համար: Այժմ նա ավճար սովորում է սոցիոլոգիայի ֆակուլտետում:
«Ինչ էլ որ լինի, հույս ունեմ գոնե հետագայում, երբ կարողանամ իմ սեփական աշխատանքով վճարել ուսմանս համար, սովորել իմ երազած մասնագիտությունը՝ իրավաբանությունը: Ես ոչ թե շեշտում եմ իմ օրինակը, այլ ինքս շատերին եմ ճանաչում, ովքեր սովորում են ոչ թե այն ֆակուլտետում, որտեղ ցանկանում են, այլ այնտեղ, որտեղ վճարը համեմատաբար ցածր է: ԵՊՀ-ում իրավագիտություն և միջազգային հարաբերություններ սովորելու համար տարեկան պետք է վճարել համապատասխանաբար 700 և 500 հազար դրամ, իսկ դա Հայաստանի բնակչության սոցիալական պայմանների համեմատությամբ բավական խոշոր գումար է, դեռ չհաշված ուսանողի մնացած ծախսերը: Այսօր այդ ֆակուլտետները հասանելի են միայն նախարարների, պատգամավորների և այլ բարձր պաշտոններ ունեցող անձանց երեխաներին, ինչո՞ւ, եթե նրանք անգամ գիտելիք էլ չեն վերցնում, ամեն ինչ ձևական է դարձել, պրիստիժի հարց: Մինչև 2010 թվականը գոնե անվճար սովորելու հնարավորություն կար, դա էլ հանեցին…Իսկ հետո, գուցե մի քանի տարի հետո բոլոր ֆակուլտետների անվճար տեղերը հանվեն, դա էլ չի բացառվում»,- ասում է Գևորգը:
Այս հարցի շուրջ զրուցեցինք ԵՊՀ գլխավոր հաշվապահի տեղակալ Արման Մարտիրոսյանի հետ: Այն հարցին, թե ինչ սկզբունքներով են կազմվում ուսման վարձավճարները և ինչով է պայմանավորված տվյալ ֆակուլտետների բարձր վարձերը, Արման Մարտիրոսյանը պատասխանեց. «Քանի որ համալսարանը պետական հաստատություն է, ապա այդ հարցերով զբաղվում է պետությունը: Բացի այդ գոյություն ունի գիտական ընկերութուն, համալսարանի խորհուրդը, որի կազմում կան նաև ուսանողներ: Նրանք են քննարկում և որոշում վարձավճարի չափը: Իսկ ինչ վերաբերում է այդ ֆակուլտետների բարձր վճարներին, ես մի բան կասեմ, չգիտես` ինչո՞ւ բոլորն այսօր ուզում են իրավաբան կամ դեսպան դառնալ, իսկ այն մասնագիտությունները, որոնք ռազմավարական կաևոր նշանակություն և մեծ պահանջարկ ունեն, ոչ-ոք չի ուզում սովորել, այդպիսին օրինակ՝ երկրաբանություն, փիլիսոփայություն: Այդ ֆակուլտետներում վճարն իջեցվել է մինչև 300 000 դրամ, սակայն էլի պահանջարկ չի վայելում, իսկ իրավագիտությունն ու միջազգային հարաբերությունները մեծ պահանջարկ են վայելում, այդ իսկ պատճառով բարձր վարձավճար ունեն: Իսկ անվճար տեղերը հանվեցին, քանի որ պետության ֆինանսական միջոցները բավարար չէին վճարելու անվճար տեղերի համար»:
Պարոն Մարտիրոսյանից նաև տեղեկացանք, որ առաջիկա տարիներին վարձավճարների կրճատում չի նախատեսվում:
Ակաթի Վահանյան