Այսօր` մարտի 24-ին, վրաերթ է տեղի ունեցել Արմավիրի մարզում:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 20:30-ի սահմաններում Էջմիածնից դեպի Աթարբեկյան գյուղ տանող ճանապարհահատվածում անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել մի քաղաքացու և թողնելով անօգնական դիմել փախուստի:
Վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է:
Այս պահին դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի աշխատակիցները` հրամանատար, Ոստիկանության փոխգնդապետ Արսեն Արշակյանի գլխավորությամբ:
Արշակյանի հանձնարարականով արդեն դեպքի վայր են հրավիրել Ոստիկանության քննչական գլխավոր վարչության, Արմավիրի մարզի Վաղարշապատի քննչական բաժանմունքի քննիչին: Ոստիկանությունը այս պահին ձեռնարկում է օպերատիվ միջոցառումներ պարզելու համար վրաերթ կատարող անձին:
Գ. Շամշյանը հայտնում է, որ Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի աշխատակիցները պարզել են, որ վրաերթի ենթարկվածը նույն գյուղի բնակիչ 40-ամյա Ալֆրեդ Դավթյանն էր:
Քիչ առաջ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնեց, որ դեպքի վայր է ժամանել Ոստիկանության Արմավիրի մարզի վարչության պետ, գեներալ-մայոր Արամ Զաքարյանը: