Լրահոս
Օրվա լրահոսը

Սենց էլ գնում ենք ընտրությունների

Մարտ 24,2012 19:51

Անցած շաբաթվա ընթացքում  առաջիկա խորհրդարանական ընտրությունների համատեքստում ծավալված ներքաղաքական իրադարձություններն այնքան թավագլոր զարգացումներ արձանագրեցին՝ համագումարներ, համասնական ու մեծամասնական առաջադրումներ, որ մարդ չէր հասցնում  դրանք մարսել, ուր մնաց թե՝ մի կարգին համադրել ու վերլուծել:

Հիմա, երբ  այս արագընթաց փուլն արդեն հաղթահարել ենք ու նախընտրական քարոզարշավի սպասումի մեջ ենք, թերեւս, արժե ամփոփել անցած-գնացածը: Իսկ տեղի ունեցած իրադարձությունների ամենամակերեսային դիտարկումները վկայում են, որ եւ իշխանական, եւ ընդդիմադիր ճամբարներն առաջիկա ընտրություններին, գոնե, ստարտային այս փուլում, մասնակցում են մասնատված:

Իշխանական ճամբար

Իշխանական կոալիցիային մաս կազմող կուսակցությունների համագումարները ամենաակնառու կերպով ցուցադրեցին այն, մեղմ  ասած,  անբարարյացակամ հարաբերությունները, որոնք  առկա են ներկոալիցիոն ուժերի՝ ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի եւ ՕԵԿ-ի միջեւ: Այս իմաստով պետք է կարծել, որ օրինաչափ էր նաեւ այն փաստը, որ հիշյալ երեք ուժերի հրավիրած համագումարներում, իսկ ՕԵԿ-ի դեպքում՝ կուսակցության 15-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ, այս կուսակցությունները հարկ համարեցին միմյանց աչքը հանելու եւ սեփական քաղաքական կշիռը շեշտադրելու համար հրավիրել միջազգային կառույցների ներկայացուցիչների,  ՀՀ-ում ներկայացված դիվանագիտական կորպուսի ղեկավարների եւ ռուսաստանյան իշխանական ուժերի ներկայացուցիչների, ու սա որքան ընդարձակ կազմով՝ այնքան լավ տրամաբանությամբ:   Խնդրեցին նաեւ, որ օրինակ՝ ԵԺԿ-ն հանդե գա իրենց կուսակցությանն ուղղված ողջույնի ուղերձներով:  Օրինաչափ էր նաեւ այն, որ այս երեք ուժերի համագումարներում էլ կոալիցիայի իրենց գործընկերները այդպես էլ միմյանց ուղղված ողջույնի խոսքերով հանդես չեկան: Բացառություն էր միայն այն, որ ՕԵԿ-ի 15-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ ողջույնի խոսքով հանդես եկավ  ՀՀԿ եւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, որպեսզի, ի հեճուկս ԲՀԿ-ի համագումարում Գագիկ Ծառուկյանի եւ նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի՝ փաստորեն ՀՀԿ-ին ուղղված քննադատական ելույթների, հայտարարի, թե՝  «այս չորս տարիների ընթացքում, ինչ մենք միասին կառավարում ենք մեր երկիրը, ես մեկ անգամ ևս համոզվեցի, որ «Օրինաց երկիր» կուսակցությունը, իրոք, վստահելի գործընկեր է: Սա շատ գնահատելի հատկանիշ է եւ շատ գնահատելի որակ», որ ասի, թե՝ վստահ է, որ քաղաքականության մեջ հայտ ներկայացրած եւ խորհրդարանական կուսակցություն ու առաջատար քաղաքական ուժ դարձած ՕԵԿ-ը մեծ ներուժ ունի ու  առաջիկա քաղաքական գործընթացներում կարողանալու է մեկ անգամ եւս արժանապատվորեն իր մասին հայտարարել՝ ապացուցելով, որ իր կայուն եւ նպատակաուղղված գործունեությամբ կարող է իր առջեւ դրված խնդիրները լուծել, որ քաղաքականության մեջ ՕԵԿ-ն առաջնորդվել է բարոյական չափանիշներով: Ահա այսպիսի ջերմագույն ելույթից հետո այլեւս անակնկալ էլ չի լինի, եթե առաջիկա ընտրությունների արդյունքում ՕԵԿ-ը սպասվածից՝ 3 կամ սոցհարցումներով այս պահին կանխատեսվող 5 տոկոսից ավելի շատ քվեներ ստանա, որովհետեւ  ՕԵԿ-ը Սերժ Սարգսյանին հիմա առավել քան պետք է որպես ԲՀԿ-ի այլընտրանք: Այլ խնդիր է, թե Սերժ Սարգսյանին դա արդյոք կհաջողվի՞, նկատի ունենալով ԲՀԿ-ի՝ ոչմիայն ՕԵԿ-ից, այլեւ, անկախ որեւէ հարցումից, օբյեկտիվորեն նաեւ ՀՀԿ-ից ավելի շատ հանրայնություն եւ վարկանիշ ունենալու հանգամանքը:

Իհարկե, ներկոալիցիոն խանդի տեսարաններն ու փոխադարձ խայթոցները, որոնք ոչ թե մակերեսային, այլ խորքային բնույթ են կրում, թերեւս, օգտակար է հասարակության եւ ընդդիմության համար: Իշխանական ուժերի միջեւ ակնկալվող սուր մրցակցային  պայքարը բարեպատեհ է, որի արդյունքում հնարավոր է, որ որոշակիորեն տարալուծվեն ընտրությունների ժամանակ  մշտապես մոբիլիզացվող վարչական այն լծակները, որոնք ունեն այս երեք կուսակցությունները նաեւ կառավարության մեջ ներկայացված լինելու եւ առանձին ոլորտների նախարարություններ գլխավորելու հանգամանքներով պայմանավորված: Սրանից ընդդիմությունը կարող էր օգուտներ քաղել: Բայց նկատի ունենալով նաեւ ընդդիմության ճամբարում առկա անառողջ մրցակցության մթնոլորտը, դժվար թե ընդդիմադիր ուժերը կարողանան օգտվել, պատկերավոր ասած՝ երեք շան գզվռտոցից եւ  հարաբերականորեն հարթ ճանապարհով  հաղթահարել նոր խորհրդարանում առավել մեծ չափով ներկայացված լինելու իրենց հետապնդած նպատակը կենսագործելու համար:

 

Ընդդիմադիր ճամբար

Ընդդիմադիր դաշտում ստեղծված իրավիճակը գնահատելու համար ամենաբնորոշ արտահայտությունը, որ կարելի է հիշել ժողովրդական ֆոլկլյոր է դարձել՝ իշխանությունն ու ընդդիմությունն իրար արժեն: Թվում է, թե «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի ուժով, նաեւ Ընտրական օրենսգրքում կատարված նորամուծությունների գնով՝ արտերկրում ներկայացված հայկական ընկերությունների եւ դիվանագիտական կորպուսի էլեկտրոնային քվեարկություն, արտերկրում գտնվող ՀՀ քաղաքացիներին ընտրական իրավունքից զրկելը, դեպի բռնապետական կամ ավտորիտար երկիր կառուցելու ճանապարհը բռնած,  մասնավորաբար ՀՀԿ-ական իշխանության վերարտադրությունը( իսկ ՀՀԿ-ի համամասնական ցուցակն ու ախորժակը հաստատում են, որ նրա պատակն էլ հենց այդ է) կանխելու համար ընդդիմությունը ջանք չպետք է խնայեր, բայց իրականությունն այն է, որ այստեղ էլ քաղաքական ուժերի մրցակցությունն անցնում է ողջախոհության սահմանները: Ոչ ոք չէր էլ ակնկալում կամ քչերը հույս ունեին, որ ընդդիմությունն այս ընտրությունների շեմին ի մի կգա եւ միասնական ճակատով կմասնակցի ընտրություններին: Այդպես չէր կարող լինել եւ տրամաբանական էլ չէր, որովհետեւ ինչպես իշխանական, այնպես էլ ընդդիմադիր ուժերը տարբեր են եւ իրենց գաղափարախոսությամբ, եւ մարդկային բովանդակությամբ, նաեւ իրենց հետապնդած նպատակների իմաստով: Հարցն այն էր միայն, որ ընդդիմադիրներն իրենք իրենց համար կարող էին առնվազն տանելի պայմաններ ստեղծել եւ հարաբերվելու ընդհանուր կանոններ մշակել ու դրանցով առաջնորդվել: Բանն այն է, որ պարզ տրամաբանությունն էլ հուշում էր՝ եթե ՀՀԿ-ն հայտարարում է ընտրությունների արդյունքում 50+1 տոկոսն ապահովված ունենալու մասին, եթե ընդդիմությունն ինքն է վստահ ասում, թե՝ 41 մեծամասնական տեղերը դրանք ՀՀԿ-ի կամ իշխանությունների համար գրպանում պահված քվեներ են, ուրեմն՝ պետք է որ ընդդիմությունը, գոնե, մեծամասնական ընտրատարածքներում հանդես գար համատեղ՝ ընտրելով ընդդիմադիր ուժի կողմից առաջադրված թեկնածուներից որեւէ մեկի՝ ամենահավանական «անցողիկը» համարվող թեկնածուին պաշտպանելու մարտավարությունը: Ընդդիմությունը, եթե ողջախոհ էր եւ ոչ էգոիստ, եթե ոչ թե նեղ կուսակցական կամ խմբային, այլ պետական ու ազգային շահ էր հետապնդում, նաեւ իր քննադատության թիրախ պետք է որ ընտրեր, ոչ թե ընդդիմադիր եւ քվեարկության ընթացքում պոտենցյալ գործընկեր ուժին, ինչպես դա անում է, օրինակ, ՀՅԴ-ն՝ սկսած իր ցուցակների հրապարակման պահից, դատափետելով  «Ժառանգության» ցուցակն ու վիճարկելով «Ազատ դեմոկրատների» հետ միասնական ճակատով հանդես գալու որոշումը, այլ՝ իշխանությանը: Ընդդիմությունն անցած ընտրություններից այդպես էլ օգտակար դասեր չքաղեց ու չհասկացավ, որ իշխանությունը, իր տարաձայնություններով հանդերձ, միեւնույնն է՝ պաշտպանում է իշխանության մնալու իր շահը, եւ որ անկախ այն բանից, թե ներկոալիցիոն ուժերը նաեւ առաջիկա ընտրություններում խորհրդարանական տեղերն ինչպե՞ս եւ ի՞նչ համամասնությամբ են իրար մեջ բաշխելու,  մեկ է՝ ընդդիմությանը դրանից օգուտ չկա:

Զզվելի է նաեւ վերջին երկու օրերին Մալաթիա-Սեբաստիա համայնքի թիվ 7 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի առաջադրման շուրջ ծավալված գզվռտոցը, որը հատկապես ակներեւ է ֆեյսբուքյան էջերում: Թեժ լեզվակռվի ողջ լեյտմոտիվն այն է, թե ինչո՞ւ կամ ինչպե՞ս է Րաֆֆի Հովհաննիսյանը համարձակվել իր թեկնածությունն այդ ընտրատարածքում դնել  «ՀԺ» գլխավոր խմբագիր, ՀԱԿ-ական թեկնածու Նիկոլ Փաշինյանի «դեմ», երբ նրա անունը «Ժառանգության»՝ ավելի վաղ հրապարակած մեծամասնական թեկնածուների շարքում չկար: Անշուշտ, այս վերջին դիտարկումն արդարացի է՝ Հովհաննիսյանի անունը կուսակցության «մեծամասնականների» մեջ չկար.  գուցե, գաղտնի է պահվել, գուցե, անկակնկալ է եղել, գուցե, մարտավարական հնարք է եղել. որեւէ  քաղաքական ուժ կարող է իրեն նման շռայլություններ թույլ տալ, ինչպես դա անում է նույն ՀԱԿ-ը: Բայց եկեք խնդրի մյուս կողմն էլ դիտարկենք. ի՞նչ է նշանակում «դեմ» դնել մի դեպքում, երբ այս ընտրատարածքն այն միակը չէ(դրանք տասն են), որտեղ ընդդիմադիր թեկնածուներն իրար դեմ են պայքարելու: Կամ ինչո՞ւ տարակուսանք չառաջացրեց այն, որ, օրինակ՝ հենց «Ժառանգության», ոչ թե 41 կամ 38, այլ ընդամենը 8 «մեծամասնականների» ցանկը հրապարակելուց օրեր հետո ՀԱԿ-ը, որ մինչ այդ, նրա ներկայացուցիչների ասելով, դեռ քննարկում էր իր մեծամասնականով առաջադրումները, որոշեց թեկնածուներ առաջադրել, ասենք՝  Արաբկիրի թիվ 4 ընտրատարածքում, որտեղ արդեն հայնի էր, որ  առաջադրվելու է «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, Կենտրոնի թիվ 9-ում, որտեղ այս կուսակցությունն առաջադրել էր Ռուբեն Հակոբյանին, նաեւ թիվ 12-ում՝ «Ժառանգության» պատգամավոր Անահիտ Բախշյանի «դեմ», իսկ ահա թիվ 13-ում, որտեղ Էրեբունու նախկին թաղապետ Մհեր Սեդրակյանն էր, թիվ 28-ում, որտեղ էլի , ըստ էության, միայն Գագիկ Ծառուկյանն էր, եւ որտեղ «Ժառանգությունից» կամ ընդդիմադիր որեւէ այլ ուժից թեկնածություն չկար,  նույն ՀԱԿ-ը առաջադրում չարեց: Ուրեմն ո՞րն է խնդիրը, ինչո՞ւ չի «մարսվում» այն փաստը, որ թիվ 7-ում էլ կարող էին «Ժառանգությունն» ու ՀԱԿ-ը մրցակցել, ինչպես վերը թվարկված ընտրատարածքներում է: Արդյոք խնդիրը միայն էլի Նիկոլ Փաշինյանի անձն է: Թերեւս: Պարզվում է, նա Րաֆֆի Հովհաննիսյանի՝ իր առաջադրումից րոպեներ անց առաջադրումը, արդեն որոշել էր առանձնանալ մյուս բոլոր առաջադրված թեկնածուներից ու հայտարարության տեքստ էլ էր պատրաստել, արդեն պատկերացնում էր, թե ինքը՝ միակը, «Լֆիկ Սամվելի» ընտրատարածքում ինչ «ֆուռոռ» է անելու, որ հայտնվելու է ընտրությունների կիզակետում, ու մեկ էլ հայտնվում է Րաֆֆի Հովհաննիսյան ու…. ուպսսսսսսս… Դժվար թե  նույն թիվ 7 ընտրատարածքում Սամվել Ալեքսանյանի հետ մրցակցելու որեւէ այլ ուժի՝ նույնիսկ ՀԱԿ-ի, կողմից այլ թեկնածության առաջադրման դեպքում, ՀԱԿ-ի համար հակակրանքի օբյեկտ դարձած Րաֆֆի Հովհաննիսյանի հետ մրցակցելու փաստն այսքան ցավագին ու անզուսպ արձագանք կունենար:

Այսուհանդերձ, ընդդիմությունը, որի մի հատվածը՝ ի դեմս ՀԱԿ-ի,  իր աստեղային ժամն արդեն ապրել ու իր ընտրազանգվածն էլ մասամբ փոշիացրել է, ի դեմս՝ ՀՅԴ-ի, որի իշխանական կոալիցիայի անդամ լինելը դեռ չի մոռացվել ու, որի ընտրազանգվածը միշտ ստատիկ է, ի դեմս՝ «Ժառանգության», որի ցուցակից շատերը հիասթափվեցին, դեռ մինչեւ քարոզարշավի մեկնարկը ժամանակ ունի մտածելու, քննարկելու եւ իր մարտավարությունը վերանայելու այնպես, որ մեր ունքը սարքելու փոխարեն աչքներս էլ չհանի ու առաջիկա ընտրություններում չավելանա ոչ միայն մեր հասարակության այն մի հատվածը, որն ընտրակաշառքով կամ վախի ազդեցության տակ ու հարկադրաբար հօգուտ իշխանությունների է ընտրություն կատարում, այլեւ ընդդիմության  պահվածիքց զզված ընտրությունների չգնացողների այն բանակը, որն իր Չքվեն իշխանությունների համար է ուժ դարձում:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031