Տիեզերական միջազգային կայանում գտնվող 6 տիեզերագնացները շաբաթ օրը ստիպված եղան ապաստան գտնել արագ փախուստի համար նախատեսված խցերում, երբ տիեզերական մի խոշոր աղբակույտ անցավ կայանին շատ մոտ հեռավորությունից։
ԱՄՆ-ի տիեզերական հետազոտությունների գործակալությունը՝ ՆԱՍԱ-ն տեղեկացնում է, որ ուղեծրում պտտվող տիեզերական աղբի պատճառով տիեզերագնացների երրորդ էվակուացումն էր սա։
Հաշվարկները ցույց էին տվել, որ ռուսական ՝՝Կոսմոս 2251՛՛ հրթիռի մնացորդները կայանին էին մոտենալու մինչեւ 15 կմ հեռավորությամբ, ինչը վտանգ չէր ներկայացնում անձնակազմին։
Սակայն երբ պարզվել է, որ այն ավելի է մոտենում կայանին, կայացվել է էվակուացման մասին որոշում։ Արագ փախուստի համար նախատեսված խցերը ռուսական արտադրության ՝՝Սոյուզ՛՛ մակնիշի փոքր տիեզերանավեր են, որոնցով տիեզերագնացները նման դեպքերում վերադառնում են երկիր։
Սակայն, կայանի մոտով աղբակույտն անվտանգ անցնելուց հետո, տիեզերագնացները վերադարձել են կայան։
«Ամերիկայի ձայն»