Aravot.am-ի հետ զրույցում ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը մեր դիտարկմանը, որ Ձեր անձի հետ կապված բազմաթիվ խոսակցություններ կան, թե խառնվում եք ընտրական գործընթացներին, սատարում եք Ձեր խնամի Գարեգին Նուշիկյանին՝ պատասխանեց. «Ինձ ոչ մի բանի հետ չի կարելի խառնել, ես ոչ մի բանի չեմ խառնվում, ոչ էլ միջամտում եմ: Բայց ես չեմ կարող հրաժարվել մի մարդուց, որի հետ ընդհանուր թոռնիկներ ունենք»:
Դեռ ընտրությունները չեն սկսվել, բայց ընդդիմությունը լուրջ կասկածներ ունի, որ այն կանցնի ազատ արդար, այնպես, ինչպես իշխանությունն է հայտարարում: Այս առնչությամբ մեր հարցին, թե ո՞րն է երաշխիքը ազատ, արդար ընտրության՝ գլխավոր դատախազը պատասխանեց. «Ընդդիմության հենց գործառույթը կայանում է նրանում, որ ինքը մշտապես քննադատի գործող իշխանությունների այս կամ այն իրականացրած միջոցառումը եւ միշտ ասի, որ իրենք դա ավելի լավ կարող էին անել: Իշխանությունները պիտի ցույց տան ճիշտ հակառակը, որ այդ ընթացակարգերը կազմակերպում են եւ իրականացնում են շատ ավելի լավ, քան եղել է նախորդ իշխանությունների ժամանակ, իսկ դա փաստ է: Որովհետեւ այս տարիների ընթացքում, իրոք, քաղաքացիական հասարակությունը Հայաստանում շատ ավելի առաջ է գնացել: Եվ դա բոլորդ տեսնում եք: Դա ոչ թե ուսումնասիրության արդյունքներով եմ ասում, այլ անզեն աչքով շատ տեսանելի է, որ Հայաստանում այս վերջին տարիների ընթացքում քաղաքացիական հասարակությունը լուրջ զարգացում է ապրել»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ