«Ժառանգությունն» իր ցուցակը կազմելիս բացարձակապես հաշվի չի առել պատգամավորների՝ նախորդ տարիների վաստակը, ակտիվությունն ու կատարած աշխատանքը: Այդ մասին են Parliamentmonitoring.am-ի կատարած ուսումնասիրությունները, ըստ որոնց նախորդ 5 տարիներին խորհրդարանում ամենաակտիվ պատգամավորներն են եղել եւ ամենաշատը ելույթներ են ունեցել հիմնականում հենց «Ժառանգության» եւ ՀՅԴ-ի պատգամավորները: Ամենաակտիվն իր գործընկերներից՝ Լարիսա Ալավերդյանը «Ժառանգության» համամասնական ցուցակում, ընդամենը 41- րդն է : Արմեն Մարտիրոսյանը, որը դարձյալ ամենաշատ ելութ ունեցողների, հարցեր տվողների թեժ տասնյակում 3-րդ հորիզոնականում է, ցուցակում 16-րդն է, եւ նրան արդեն խորհրդարանում հրաժեշտ են տալիս: Խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը, որը դարձյալ ամենաակտիվների շարքում առաջատարներից է, ցուցակում 8-րդ հորիզոնականում է, եւ սա այն դեպքում, երբ իրենից առաջ է Թեւան Պողոսյանը: Ամենաշատ դեմ քվեարկած պատգամավորներից Անահիտ Բախշյանը ցուցակում 14-րդն է:
Ըստ նույն մոնիտորինգի արդյունքների, ՀՅԴ պատգամավորներից ակտիվությամբ աչքի են ընկել խորհրդարանում Արծվիկ Մինասյանը, Արա Նռանյանը եւ Լիլիթ Գալստյանը: Պարոն Մինասյանի դեպքում դա կարծես թե գնահատվել է, նա ցուցակում ընդգրկվել է բավականին նպաստավոր՝ 5-րդ տեղում, իսկ մյուս ակտիվ գործընկերներին հատկացվել է 12-րդ եւ 20-րդ տեղերը: Նրանք նաեւ ամենաշատ դեմ քվեարկածների լավագույն տասնյակում են: Ճիշտ է, ՀՅԴ համամասնական ցուցակից բացակայում է Կարեն Վարդանյանը, որը նաեւ 5 տարիների կտրվածքով ԱԺ նիստերին ամենաշատ բացակայած պատգամավորների «թոփ տասնյակում» է եւ իր բացակայությունների թվով անգամ առաջ է անցել Սամվել Ալեքսանյանից, բայց նրա փոխարեն ցուցակում ընդգրկվել է մեկ այլ Կարեն՝ «Արմենիա -Լադայի» սեփականատեր, գործարար Շահմուրադյանը: Հրայր Կարապետյանն էլ խորհրդարանում այս տարիներին աչքի է ընկել իր «դեմ» քվեարկելով, կուսակցությունն էլ որոշել է դեմ քվեարկել նրան՝ համամասնական ցուցակում ընդգրկելու հարցում: Ի տարբերություն նրա, կրկին ամենաշատ դեմ քվեարկելով առաջատար Միքայել Մանուկյանը ցուցակի 9-րդ հորիզոնականում է: ՀՅԴ-ից ամենաշատ բացակայածներից են Ալվարդ Պետրոսյանը եւ Աշոտ Ափոյանը: Տիկին Պետրոսյանի դեպքում նա մեկնաբանել էր, որ առողջական խնդիրներ ունի եւ դրա համար էլ ինքը չի ուզել մասնակցել ընտրություններին: Իսկ Աշոտ Ափոյանի դեպքում կարծես թե բացակայությունները ճակատագրական են եղել.բացակա է ստացել նաեւ ՀՅԴ-ի համամասնական ցուցակում:
ԲՀԿ-ից կուսակցության առաջնորդը եւ ցուցակի 1-ին հորիզոնականում գտնվող Գագիկ Ծառուկյանը ամենաշատ բացակայած պատգամավորներից է: Վաչագան Խուրշուդյանը, որն աչքի է ընկել ակտիվ քվեարկությամբ եւ հատկապես «կողմ» քվեարկելով, ԲՀԿ-ի 165 հոգանոց ցուցակում ընդհանրապես չկա: Իր ելույթներով եւ հարցերով ամենաակտիվ պատգամավորներից է նաեւ Էռնեստ Սողոմոնյանը, որը ԲՀԿ ցուցակում նույնպես չկա:
Կարդացեք նաև
ԲՀԿ պատգամավորներից, իհարկե, Գագիկ Ծառուկյանից հետո ամենաշատ բացակայածներից են Մխիթար Հարությունյանը եւ Մուրադ Գուլոյանը: Առաջինը համամասնական ցուցակում 39-րդ տեղում է, երկրորդը հանգիստ խղճով կարող է բացակայել խորհրդարանից նաեւ առաջիկա 5 տարիներին:
Որքան էլ Նաիրա Զոհրաբյանը հասարակական կյանքում ակտիվ է, բայց խորհրդարանում ԲՀԿ պատգամավորների համեմատ դարձյալ շատ է բացակայել, չնայած դրան, ընդգրկվել է ցուցակի 6-րդ հորիզոնականում:
«Օրինաց երկիր» կուսակցությունից միայն Հովհաննես Մարգարյանն է, որ առանձնացել է՝ իր ակտիվությամբ. նա 8-րդ ամենաշատ ելույթ ունեցող, հարցեր տվող պատգամավորներից է ողջ խորհրդարանում: Բայց իր կուսակցության ներսում եւ համամասնական ցուցակում 12-րդն է:
ՀՀԿ-ից ամենաշատ բացակայած պատգամավորը Հարություն Փամբուկյանն է, որը կուսակցության համամասնական ցուցակում չի ընդգրկվել: Բացակայողներից չեն ընդգրկվել նաեւ Լեւոն Սարգսյանը եւ Տիգրան Արզաքանցյանը: Բայց սա չի նշանակում, որ ՀՀԿ-ն բացակայություններին այդքան ուշադրություն է տալիս: Մյուս ամենաշատ բացակայած պատգամավորը Ռուբեն Հայրապետյանն է, որը մանդատը վայր դնելու հաստատակամությամբ հրաժեշտի ասուլիս տվեց, բայց ՀՀԿ-ն որոշեց, որ նրա բացակայությունն անգամ խորհրդարանում անհրաժեշտ է եւ ընդգրկեց նրան համամասնական ցուցակի 152-րդ տեղում: Իսկ բացակայող պատգամավորների թոփ տասնյակը եզրափակող Սամվել Ալեքսանյանը հայտնվեց 159-րդ հորիզոնականում:
Ընդհանրապես ՀՀԿ պատգամավորները, ըստ Parliamentmonitoring.am-ի, ակտիվ են եղել ոչ թե ելույթներ ունենալու, այլ՝ քվեարկությունների հարցում, ընդ որում՝ «կողմ» քվեարկելով: Գալուստ Սահակյանն այդ հարցում ռեկորդային ցուցանիշներ է ցույց տվել: Համամասնական ցուցակում էլ 7-րդ տեղում է հայտնվել՝ զիջելով Սամվել Նիկոյանին: «Կողմ»-ի կոճակն ամենաակտիվ սեղմած մյութ պատգամավորները՝ Գագիկ Մելիքյանը (114), Կարինե Աճեմյանը (21), Ռազմիկ Զոհրաբյանը (8), Հրանտ Գրիգորյան (170), Գագիկ Մինասյանն (9) ու Արաիկ Հովհաննիսյանը (103) նույնպես տեղ են գտել ցուցակում՝ բացառությամբ Արմեն Պուրտոյանի:
Այս 5 տարիների ընթացքում ՀՀԿ-ի ամենաշատ դեմ քվեարկած պատգամավորին՝ Տիգրան Թորոսյանին ՀՀԿ-ն նույնպես դեմ է քվեարկել եւ 253 հոգանոց ցուցակում չի ընգրկել:
Իսկ ՀՀԿ խմբակցության ամենաակտիվ ու օրինակելի պատգամավորներից Ռաֆիկ Պետրոսյանը, որը նաեւ ամենաշատ ելույթ ունեցող պատգամավորներից է՝ ցուցակում 119-րդ տեղում է:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ