Գիտնականներն ուսումնասիրել են վախի գենետիկան
Չկա մի մարդ, որն ինչ-որ բանից չվախենա: Վախի զգացում ունեն բոլորը. մեկի մոտ շատ է արտահայտված, մյուսի մոտ՝ քիչ, անվախ մարդիկ չկան:
Գերմանիայի եւ Շվեդիայի գիտնականները փորձել են հասկանալ՝ ինչի՞ց կարող է վախն առաջանալ եւ, հնարավորության դեպքում, ինչպե՞ս կարելի է դրանից ձերբազատվել:
Հոգեբան Թինա Լոնդսորֆի եւ նրա աշխատակիցների կատարած ուսումնասիրությունները, որոնք կատարվել են հատուկ պոլիմորֆիզմների ազդեցությունը բացահայտելու համար, ցույց են տվել, որ վախը ձեռքբերովի է եւ, այնուամենայնիվ, կարելի է հաղթահարել: Պոլիմորֆիզմները գենի տատանումներ են, որոնք առաջանում են՝ կախված այս կամ այն գենի գործունեության ակտիվությունից եւ կարող են կապված լինել տարբեր հիվանդությունների հանդեպ դյուրազգացողության հետ: «Անհանգիստ եւ նյարդային վիճակի ախտանշանների կամ խանգարումների մեծ մասը սովորում են, իսկ դրա հիմքում ընկած է վախը, որը շատ արագ է ձեռք բերվում, սակայն մեծ դժվարությամբ՝ վերացվում»,- մեզ հետ զրույցում նշեց շվեդ հոգեբան Թինա Լոնդսորֆը:
Կարդացեք նաև
Գիտնականներն իրենց ուշադրությունը բեւեռել են պոլիմորֆիզմների երկու գենի (տրամադրությունը կարգավորող ուղեղային նյութի՝ սերոտոնինի փոխադրող եւ դոպամին ճեղքող ԿOՄՏ (կատեխոլ o մեթիլ տրանսֆերազ) էնզիմի գենի) վրա, որոնք նշանակալի դեր են խաղում նյարդային՝ անհանգստության խանգարումների եւ նմանօրինակ հիվանդությունների ժամանակ: Սերոտոնինի փոխադրող գենը, որի մեջ առկա է սովորական պոլիմորֆիզմ, կիրառվում է անհանգստության, դեպրեսիայի եւ այլ հիվանդությունների բուժման նպատակով: Նրանք պայմանականորեն առանձնացրել են երկու տեսակի՝ էնզիմային կարճ եւ երկար գեն, որոնցից առաջինն արտահայտվում է վախով, իսկ երկրորդի դեպքում այդ վախը բացակայում է: «Հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ ԿOՄՏ էնզիմ գենի տատանումը կամ փոփոխությունը ասոցացվում է վախի մարման հետ: Այսինքն՝ վախը կարելի է վերացնել՝ հաշվի առնելով վերջինի գենետիկական առանձնահատկությունները»,- եզրակացնում են գերմանացի գիտնականները:
Մասնագետները համոզված են, որ այդ հայտնագործությունը չափազանց հետաքրքիր մասնակցություն կարող է ունենալ գենային միջավայրի փոխազդեցությունները հասկանալու գործում: Ըստ նրանց, գեները կարող են գործել միջավայրի միջոցով ու դրա անմիջական ազդեցությամբ, ու հատուկ պոլիմորֆիզմների գործառույթի բացահայտումը կարող է ցույց տալ, թե որքան զգայուն է այս կամ այն անձը՝ անհանգստության կամ դեպրեսիայի նկատմամբ, եւ թե որքան է այն կանխելու կամ դրանից ձերբազատվելու հնարավորությունը՝ սովորական ճանաչողական վարքագծային բուժման միջոցով:
ԵԼԵՆԱ ՉՈԲԱՆՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ