Լրահոս
Օրվա լրահոսը

Օտարում գրքից՝ ըստ պրոֆեսորի

Մարտ 24,2012 14:03

Տեղեկատվական ու տեխնոլոգիական միջոցների զարգացման եւ էլեկտրոնային գրքերի առկայության պարագայում արդյոք նվազո՞ւմ է գրադարանի դերը: Այս թեմայով զրուցեցինք Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի Գրադարանագիտության եւ մատենագիտության ամբիոնի վարիչ, մանկավարժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գագիկ Սուքիասյանի (լուսանկարում) հետ: «Որպես սոցիալական ինստիտուտ՝ գրադարանը գոյություն ունի այնտեղ, որտեղ  կրթություն է իրականացվում: Այն պետության զարգացման համար ռազմավարական նշանակություն ունեցող հենակետ է, որի վրա են հիմնված բոլոր հասարակական, գիտակրթական, ինչպես նաեւ դպրոցական ու բուհական համակարգերը»,- նշեց Գ. Սուքիասյանը՝ հավելելով, որ գրադարանները ոչ միայն ընթերցանության ղեկավարմամբ են զբաղվում, այլեւ կատարում են տարատեսակ աշխատանքներ, կազմակերպում միջոցառումներ, զբաղվում ընթերցանության վիճակի, ընթերցողների այցելության, գրքերի շրջանառության եւ այլ հարցերով: Տեխնոլոգիական միջոցները եւս ածանցվում են գրքից, որը կրթության, լուսավորության հիմքն է՝ անկախ իր ձեւից՝ սեպագիր, ձեռագիր, տպագիր, թե  էլեկտրոնային: Նորագույն տեխնոլոգիաներն ընդամենը միջոց են տեղեկատվությունը մասսայականացնելու, փոխանցելու, վերարտադրելու, բազմացնելու կամ փոխզարգացնելու համար: «Ցավալին այն է, որ մենք հենվել ենք տեխնոլոգիայի  եւ համակարգչի վրա՝ մի կողմ թողնելով գրադարանը եւ Մատենադարանը՝ իրենց ողջ գործունեությամբ: Մարդկանց մղում ենք վիրտուալ աշխարհ…Մարդն օտարվում է գրքից»,- ցավով փաստեց զրուցակիցս: Անդրադառնալով գրադարանների առջեւ ծառացած ֆոնդերի հարստացման խնդրին՝ նշեց, որ մի կողմից չկան գրքերի ձեռքբերման ազատ շրջանառությունն ու նախկին կապերը, մյուս կողմից էլ՝ դրանք խոշոր գումարներ արժեն: Համակարծիք լինելով, որ «Գրադարանավարի օրը» նշելը պետության կողմից ցուցաբերված նվազագույն ուշադրությունն է ոլորտի խնդիրներին, նա  ցավով փաստեց. «Ինչպե՞ս կարող են մեր երկրում վերագնահատել գրադարանային կյանքը, մշակութային արժեքների պահպանումը, ընթերցանության սպասարկման վիճակը, եթե անկախության վերջին 20 տարիներին ՀՀ-ում չկա գրադարանի գործի մասին օրենք»:

ՆԱՐԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031