Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հաղթանակներով եւ պարտություններով երիտասարդները հղկվում են

Մարտ 24,2012 13:55

Այս կարծիքին է երիտասարդ կոնցերտմայստերների մրցույթի ժյուրիի նախագահ Արմեն Բաբախանյանը

Արմեն Բաբախանյանն ու Սենորա Գյուլբուդաղյանը մրցույթի հետ կապված վերջին շտկումներն են քննարկում:

Արվեստում քիչ չեն այն մասնագիտությունները, առանց որոնց անմիջական մասնակցության դժվար է պատկերացնել նույնիսկ ճանաչված երաժիշտների հաջողությունները: Խոսքը կոնցերտմայստերի մասնագիտության մասին է: Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դահլիճում մարտի 26-ին երրորդ անգամ կմեկնարկի Հեղինե Տեր-Ղեւոնդյանի անվան երիտասարդ կոնցերտմայստերների հանրապետական մրցույթը: Նման միջոցառումներ աշխարհում հատուկենտ են, իսկ հայերս ունենք կոնցերտմայստերական լավագույն դպրոց, ի դեմս Մարիաննա Հարությունյանի, Նելլի Դանիել-Բեկի, Ալեքսանդր Դոլուխանյանի, Օնիկ Փարաջանյանի, Լեւոն Աբրահամյանի, Մարգարիտ Սարգսյանի, Աննա Մանդալյանի, Լեւոն Ջավադյանի եւ մյուսների:

«Առավոտը» կոնցերտմայստերների հանրապետական մրցույթի թեմայով զրուցեց կոնսերվատորիայի դաշնամուրային ֆակուլտետի դեկան Արմեն Բաբախանյանի եւ կոնցերտմայստերության պատրաստման ամբիոնի վարիչ Սենորա Գյուլբուդաղյանի հետ: Վերջինս տեղեկացրեց, որ մրցույթը կանցկացվի երկու փուլով, կավարտվի մարտի 30-ին՝ գալա համերգով ու մրցանակների հանձնման արարողությամբ: Մրցույթին կմասնակցի 15 դաշնակահար:

Սենորա Գյուլբուդաղյանից հետաքրքրվեցինք՝ հիշյալ մրցույթի առաջին մեկնարկից հետո ի՞նչ փոփոխություններ են արձանագրվել կոնցերտմայստերության պատրաստման ամբիոնում: «Մեծ տեղ ենք տալիս ժամանակակից կոմպոզիտորական արվեստին, ակտիվացել է ուսանող դաշնակահար կոնցերտմայստերների պրակտիկ աշխատանքը հենց կոնսերվատորիայի տարբեր ֆակուլտետների իրենց տարեկիցների հետ: Մեր դաշնակահարները պրակտիկ պարապմունքների են հաճախում նաեւ Ղազարոս Սարյանի անվան օպերային ստուդիայում: Սա միայն կոնսերվատորիայի կոնցերտմայստերության պատրաստման ամբիոնի նորություններից է, որով մենք սիրով կիսվում ենք, խորհուրդներ տալիս հանրապետության տարբեր երաժշտական ուսումնական հաստատությունների մեր կոլեգաներին»,- նշեց մեր զրուցակիցը:

Վերջին շրջանում Հայաստան ժամանած ու մեզ հետ զրուցած անվանի երաժիշտներից ոմանք թերահավատորեն են արտահայտվում նույնիսկ «դասական» դարձած մրցույթների հասցեին՝ նշելով հիմնականում ժյուրիի անդամների կողմնակալ լինելը: Քանի որ Արմեն Բաբախանյանն ունի բազմաթիվ միջազգային մրցույթների մասնակցության փորձ, խնդրեցինք այդ «մասով» մեկնաբանություն անել եւ հրապարակել Հեղինե Տեր-Ղեւոնդյանի անվան երիտասարդ կոնցերտմայստերների 3-րդ հանրապետական մրցույթի ժյուրիի կազմը: «Ժյուրիի բոլոր անդամները օբյեկտիվ լինել չեն էլ կարող, որովհետեւ նույն ստեղծագործության կատարման ընկալումը յուրաքանչյուրի մոտ տարբեր է: Ուղղակի պետք է այնպես ընտրել ժյուրիի աշխատանքներին մասնակցող, թեկուզեւ ճանաչված երաժիշտների կազմը, որ հնարավորինս նույն գաղափարների համակիրներ լինեն, որոնց համար ինչ էլ որ լինի՝ արժեքը պետք է մնա արժեք»,- ասաց պարոն Բաբախանյանը: Նա նաեւ հավելեց. «Մրցույթը երիտասարդներին պայքարի մեջ մտնելու հնարավորություն է տալիս: Մեր կյանքը ցանկացած ոլորտում, այդ թվում եւ երաժշտարվեստում, պայքար է: Չեմ կարող հասկանալ այն մասնակիցներին, ովքեր հայտ են ներկայացնում պարզապես մասնակցության համար: Ի վերջո, անցնելով հաղթանակներով կամ պարտություններով՝ երիտասարդ արվեստագետը հղկվում է, դառնում ամուր ու դիմակայուն»:

Մրցույթի ժյուրիի կազմն էլ հրապարակեց Սենորա Գյուլբուդաղյանը. այն կնախագահի Արմեն Բաբախանյանը, մյուս անդամներն են՝ կոնսերվատորիայի ճանաչված երաժիշտ-մանկավարժներ Սուսաննա Մարտիրոսյանը, Գոհար Թորոսյանը, Ստեփան Շաքարյանը, Իգոր Յավրյանը եւ Սուրեն Զաքարյանը:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031