«Առավոտը» անցյալ տարի տեղեկացրել է Հայրենադարձության եւ հիմնավորման «Երկիր» հասարակական կազմակերպությունների միություն «Վան» նախագծի մասին, որը նաեւ էթնոերաժշտական ժառանգության ուսումնասիրության ծրագիր է: «Վան» նախագիծն իրականացնելու նպատակով ձեւավորվել է Սեւծովյան ավազանի եւ Հայկական լեռնաշխարհի էթնոերաժշտության եւ ոչ նյութական մշակույթի հետազոտական խումբ: Վերջինիս գործունեությունն ուղղված է Հայաստանի սահմաններից դուրս Հայկական բարձրավանդակի տարածքում հայկական էթնոերաժշտական ժառանգության մնացորդների վերհանմանը, հետազոտմանն ու կյանքի կոչմանը: Ուսումնասիրվում են նաեւ այնտեղ ապրող հայերի եւ այլ ազգերի ներկայացուցիչների միջեւ ֆոլկլորային փոխազդեցությունները: Անցյալ տարի ամռանը «Վան» նախագծի արշավախումբը դաշտային ուսումնասիրություններ կատարեց Արեւմտյան Հայաստանում՝ մասնավորապես Արաբկիրում, Խարբերդում, Դերսիմում, Մալաթիայում, Տիգրանակերտում եւ Համշենում:
Երաժիշտները ձեռք բերեցին տեղերում գործածության մեջ գտնվող հայկական ազգային նվագարաններ (համշենական պարկապզուկ, ղավալ), նոտագրվեցին ու տեսագրվեցին հայկական երգեր ու մեղեդիներ:
«Վան» նախագծի եւ երաժիշտների խումբը (գեղարվեստական ղեկավար՝ Նորայր Քարտաշյան) մասնակցեց նաեւ Արգուվանի (Մալաթիա) եւ Մնձուրի բնության եւ մշակույթի (Դերսիմ) փառատոներին:
Ապրիլի 2-ին էլ «Վան» նախագծի երաժիշտների խումբը Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում համերգային ծրագրով հանդես կգա հայ հանդիսատեսի առջեւ, ու ամփոփ կներկայացվեն նախորդ տարվա աշխատանքների արդյունքները:
«Առավոտ» օրաթերթ