Լրահոս
Օրվա լրահոսը

Պարարտանյութը ուշ կբաշխեն, բայց գյուղացին չի տուժի

Մարտ 24,2012 13:38

Օրերս գյուղատնտեսության նախարարությունը կառավարությանն առաջարկել էր ազոտական պարարտանյութը եւ դիզելային վառելանյութը Հայաստանի Հանրապետության համայնքներին մատակարարելու համար վերջնաժամկետ սահմանել 2012 թվականի մայիսի 1-ը: Կառավարության նախկին որոշմամբ դիզվառելիքի մատակարարման վերջնաժամկետը մարտի 20-ն էր, իսկ ազոտական պարարտանյութինը՝ ապրիլի 10-ը: Ժամկետների փոփոխության պատճառը, ինչպես տեղեկացրել էր գյուղնախարարությունը, կլիմայական վատ պայմաններն են. ծովում տեղի ունեցող բարձր աստիճանի ալեկոծության պատճառով պարարտանյութով բեռնված նավերին կառամատույց չի տրամադրվում եւ բեռնաթափում չի իրականացվում, իսկ հատկացված դիզելային վառելանյութի դիմաց գումարների հավաքագրման գործընթացը դանդաղ է ընթանում:

Կառավարությունը մարտի 22-ի նիստում համաձայնություն է տվել գյուղնախարարության առաջարկությանը, ըստ այդմ՝ մարզերին ազոտական պարարտանյութ եւ դիզվառելիք բաշխելու վերջնաժամկետը սահմանելով մայիսի 1-ը:

Արդյոք գյուղատնտեսական աշխատանքների, պարարտանյութի բաշխման համար այդ ժամկետը գյուղացու համար ուշ չէ՞, «Առավոտի» այս հարցին Հայաստանի ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանն ասաց. «Քանի որ այս տարի գարունը 25 օր ուշացումով է եկել, ուստի պարարտանյութի բաշխումն այնքան էլ ուշացումով չէ: Մենք մարզեր ունենք, որտեղ, օրինակ՝ կարտոֆիլը հուլիսից են սկսում ցանել, այնպես որ, մայիսի 1-ը ուշ չէ»:

Նշենք, որ գյուղական համայնքներին պետք է բաշխվի 25 հազար տոննա ազոտական պարարտանյութ, մեկ պարկը 6 հազար դրամով, իսկ դիզվառելիք՝ 12.6 հազար տոննա, 1 լիտրը՝ 350 դրամ:

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031