Ապահովագրական ընկերությունները չեն ուզում գլխացավանքի մեջ ընկնել ու գյուղացու բերքը ապահովագրել, քանի որ այն իրենց վրա շատ թանկ կնստի:
ՀՀ կառավարությունը գյուղատնտեսությունը հայտարարել է գերակա ուղղություն, ՀՀ նախագահն էլ՝ ռազմավարական նշանակության ոլորտ: Սակայն այդ ամենը միայն պաշտոնական փաստաթղթերում է ամրագրվում, եւ այն մոտեցումները, որոնք ցուցաբերվում են գյուղի ու գյուղացու հանդեպ միանգամայն հակառակն են ապացուցում: Այսօր գյուղացին միայն մի բան է զգում, որ գյուղատնտեսությունն անտեսված է կառավարության կողմից: Կառավարության պատասխանատուներն էլ գտնում են, որ գյուղատնտեսության զարգացման համար իրենց ուշադրությունից առավել՝ պետք է բնությունն էլ բարեհաճ լինի: Քաղաքակիրթ երկրներում բնության անկանխատեսելի երեւույթների հետեւանքները մեղմելու համար գործում է գյուղատնտեսության ապահովագրման ինստիտուտը: Եվ հաշվի առնելով, որ այս ոլորտը խիստ ռիսկային է, պետությունը ապահովագրական բեռի մեծ մասն իր վրա է վերցնում, մնացած մասն էլ մասնավոր ապահովագրական ընկերություններն են ի կատար ածում: ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը բազմիցս հայտարարել է, որ այդ ոլորտում ապահովագրություն ներդնելն աննպատակահարմար է, քանի որ ՀՆԱ-ի աճը ցածր է, իսկ ապահովագրությունը պետության համար թանկ հաճույք է: Եվ մինչ մեր ՀՆԱ-ն կաճի՝ գյուղացին եղած ունեցվածքն էլ կվաճառի ու կհեռանա մեր երկրից:
Հայաստանի ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը «Առավոտի» հետ զրույցում վստահեցրեց, որ գյուղատնտեսության ապահովագրումը շատ լավ էլ նպատակահարմար է եւ հնարավոր՝ «միայն թե ցանկություն լինի»: Մեր այն դիտարկմանը, որ այն, հատկապես մեր պես բնակլիմայական պայմաններ ունեցող երկրի համար, ռիսկային ոլորտ է, եւ դժվար թե մի ընկերություն հանձն առնի այդ գործընթացը, պարոն Բերբերյանն ասաց. «Այս պահին կան մի քանի ֆերմերներ, որոնք պատրաստ են խոշոր գումար ներդնել, սակայն այստեղ անհրաժեշտ է նաեւ պետության հովանավորությունը: Մենք արդեն մշակել ենք ծրագիրը, հաշվարկել ենք ամեն ինչ: Ոչ մի ռիսկ էլ չկա»: Ըստ պարոն Բերբերյանի՝ իրենց նախագծով այդ ապահովագրական ընկերության բաժնետերերն ու ղեկավարը պետք է լինեն գյուղացիներն ու ֆերմերները, իսկ եթե լինի նաեւ պետական աջակցություն, ապա ասենք՝ ֆինանսների նախարարության ներկայացուցիչ էլ կներգրավվի: Սակայն որպեսզի ներդրվի այդ համակարգը, ըստ Հրաչ Բերբերյանի, պետությունը գոնե պետք է միջնորդի, օրինակ՝ Համաշխարհային բանկից վարկ ստանալ եւ աշխատեցնել այն: Ագրարագյուղացիական միավորման նախագահի վստահեցմամբ՝ իրենց հարցումներից պարզել են, որ գյուղացիները պատրաստ են ներդրում կատարել իրենց իսկ ստեղծած ապահովագրական ընկերությունում. «Ամեն գյուղից ամենաքիչը մի 100 գյուղացի կա, որ ուզում է ներդրում կատարել: Եթե ամեն գյուղից մի 100 մարդ $10 էլ ներդնի, էլի բան է: Բայց կան ֆերմերներ, որոնք խոշոր կապիտալ էլ կներդնեն: Այսօր սուբսիդավորում են մարդկանց, որոնք անգամ հող չեն մշակում, այդ սուբսիդավորումը գոնե նպատակային լինի»:
Կարդացեք նաև
«Առավոտը» մի քանի ապահովագրական ընկերություններից կատարած հարցումների արդյունքում պարզեց, որ մինչ օրս ոչ մի գյուղացի իր անասունը կամ գյուղմթերքը չի ապահովագրել: Պատճառը, ըստ այդ ընկերությունների, պահանջարկի բացակայությունն է: ՌԵՍՈ ապահովագրական ընկերությունից վստահեցրին, որ իրենք ապահովագրում են գյուղտեխնիկա, ասենք՝ տրակտոր կամ կոմբայն, բայց ոչ՝ գյուղմթերք: «Կասկադ ինշուրանսը» գյուղատնտեսության ապահովագրություն ընդհանրապես չի կատարում: «ԻՆԳՈ Արմենիա»-ի գործադիր տնօրենի տեղակալ Սամվել Մարգարյանն էլ ասաց, որ իրենք էլ նման ծառայություն չեն մատուցում. «Մենք ավելի ռիսկային գույք ենք ապահովագրել, բայց գյուղատնտեսություն՝ ոչ: Ծրագիր էլ չենք մշակել, թե ինչպես դա անել, քանի որ պահանջարկ չկա: Մենք լավ ուսումնասիրել ենք ոլորտը. եթե ապահովագրենք էլ, ապա ապահովագրության գինը շատ բարձր կլինի»: Ս. Մարգարյանը նկատեց՝ եթե ներդրվի գյուղատնտեսության ապահովագրության համակարգը, եւ որպեսզի ընկերությունները շահագրգիռ լինեն աշխատել, իսկ գյուղացու համար էլ թանկ չարժենա, ապա պետությունը պետք է բավականին մեծ ֆինանսավորման բաժին ունենա. «Օրինակ՝ ԱՄՆ-ում կամ Իսպանիայում պետությունը 70-75% մասնակցություն ունի: Այսինքն՝ եթե, օրինակ, ֆերմերի բերքը ապահովագրական ընկերությունը $10000 դոլար է գնահատել, ասենք՝ $7.500-ը պետությունն է տալիս, իսկ մնացածը՝ ֆերմերը»:
ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ